1992 թվական

1992 թ. սկզբին ադրբեջանական զորամիավորումները 10 տանկերի և անձնակազմի տեղափոխման զրահապատ տեխնիկայի ուղեկցությամբ Աղդամի տարածքից հարձակվեցին հայկական Խրամորտ գյուղի վրա և այն հավասարեցրին գետնին։ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը և տարբեր հայկական գյուղեր ենթարկվում էին շարունակական և ծանր ռմբակոծությունների։ Հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի մի գումարտակ հարձակվեց Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի վրա, սակայն երկու օր տևած կատաղի մարտերի արդյունքում հետ շպրտվեց։ Հունվարի 31-ին Ադրբեջանը ամբողջ սահմանային գծով մեկ հարձակման անցավ։

Ուժգնացող ռազմական հարձակումները այլ ընտրություն չէին թողում ԼՂՀ-ին, քան կազմակերպել և զարգացնել սեփական պաշտպանական համակարգը։ Արցախով մեկ հիմնվեցին ազատամարտիկների կամավոր խմբեր։ Ռազմական գործողությունները համակարգելու նպատակով ստեղծվում էին ինքնապաշտպանական ուժերի շտաբներ։ Տարեսկզբին Արցախի տարածքում արդեն գոյություն ունեին շուրջ 1000-ական անդամ ունեցող ավելի քան 10 կազմավորումներ և դասակներ։ Դրանք հանդիսացան կանոնավոր բանակի ստեղծան ճանապարհին կարևորագույն քայլերից մեկը։

Ազատամարտիկները սկսեցին գործողություններ այն կրակակետների նկատմամբ, որտեղից Ստեփանակերտը և այլ բնկավայրերը ենթարկվում էին շարունակական ռմբակոծումների։ Հունվարի 21-22-ի գիշերը նրանք կարողացան տիրանալ Ստեփանակերտի Կրկժան (նախկինում Քարքարաշեն) թաղամասում տեղակայված ադրբեջանական ՕՄՕՆ-ի շտաբին, իսկ հետո՝ նաև մայրաքաղաքի հարակից Մալիբեյլի և Զուշչիլար գյուղերում տեղակայվածներին։ Սակայն այնուամենայնիվ, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայված կրակակետներից արձակվող հեռահար զենքերը լուրջ վնաս էին հասցնում և մեծ թվով մարդկանց մահվան պատճառ հանդիսանում։

 Իրավիճակն Արցախում 1992թ. գարնանը:  Աղբյուրը՝ Հայաստան. պատմական ատլաս. Ռոբերտ Հյուսեն

Փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահությունը ընդունեց որոշում, որով զինված կազմավորումներին տրվում էր իրավական կարգավիճակ և նրանց դնում էր միասնական կառավարման տակ։ Սերժ Սարգսյանը նշանակվեց ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ։

Արցախի ինքնապաշտպանական ուժերի հիմնական առաջադրանքներից մեկը Խոջալուի ադրբեջանական պլացդարմի վերացնելն էր, որտեղ կենտրոնացված էր զգալի թվով մարդկային ուժ և զինտեխնիկա։ Ղարաբաղի ներսում արդյունավետ կապ հաստատելու համար շատ մեծ կարևորություն ուներ Ասկերանը Ստեփանակերտի հետ կապող միջանցքի վերագործարկումը և ադրբեջանցիների ձեռքում գտնվող հանրապետական օդանավակայանի նկատմամբ վերահսկողության սահմանումը ։ Փետրվարի 25-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը՝ գրավերով Խոջալուի արևմտյան դիրքերը, պահանջեցին, որ ադրբեջանցիները լքեն ռազմական բազան և թուլյատրեցին քաղաքացիական անձնանց դուրս գալ ստեղծված մարդասիրական միջանցքով։ Ադրբեջանական զինվորականները, գյուղացիներին օգտագործելով որպես պաշտպանող վահան, վերսկսեցին բնակելի վայրերի ռմբակոծումները։ Երբ գյուղացիները լքեցին, ադրբեջանական ուժերը կրակ բացեցին քաղաքացիական շարասյան վրա, որը մոտեցել էր Աղդամի սահմաններին։

 

Խոջալու 

Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի գործողությունները պարտադրված էին հենց Ադրբեջանի կողմից: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելուց անմիջապես հետո վերջինս սկսեց հայերին դուրս մղելու երկարաժամկետ քաղաքականություն վարել: Վարչական բաժանումները նպատակ ունեին մեկուսացնելու հայկական գյուղերը, և ռազմավարական հանգուցակետերում հիմնվում էին նոր ադրբեջանական բնակավայրեր, որոնք վերահսկում էին հաղորդակցությունը հայկական քաղաքների և գյուղերի միջև: Հետագայում այս ադրբեջանական բնակավայրերը արհեստականորեն մեծացվում էին Ադրբեջանի շրջաններից բերված բնակչության օգնությամբ: Նույն քաղաքականությունը վարվում էր խառը բնակչություն ունեցող գյուղերում: Հակամարտության ընթացում այս գործելակերպը ծառայում էր Արցախը Հայաստանից, ինչպես նաև հայկական բնակավայըերը միմյանցից կտրելու համար, քանի որ հայկական քաղաքաներն ու գյուղերը միմյանց կապող հիմնական ճանապարհները հաճախ նախագծված էին այնպես, որ անցնեին ադրբեջանական բնակատեղիներով և շրջանցեին Ղարաբաղը: Այսպիսով մի զինված ադրբեջանական գյուղն ի վիճակի էր կտրել կապը ամբողջ շրջանների միջև: Նրանք ոչ միայն ճանապարհներն էին փակում, այլև աստիճանաբար վերածվեցին հայկական գյուղերի վրա հարձակումների պլացդարմների և կրակակետերի, որտեղից հրետանին և մեծ տրամաչափի զենքերը կրակում էին շրջակա հայկական գյուղերի վրա: Հայերը կանգնած էին երկընտրանքի առջև՝ կամ հաշտվել հարձակումների և հրետանակոծումների հետ և մեռնել գնդակներից, արկերից և սպառնացող սովից, կամ էլ ոչնչացնել այդ կրակակետերը:  Դժվար է նրանց մեղադրել երկրորդ տարբերակն ընտրելու համար: Թեև փոքր-ինչ դժվար է հայկական քաղաքների և գյուղերի վրա հարձակվող, առևանգումներ և սպանություններ իրականացնող ադրբեջանական բնակատեղիների բնակիչներին խաղաղ բնակչություն անվանել, ԼՂ ինքնապաշտպանական ուժերը հետևողականորեն զգուշացնում էին բոլոր բնակավայրերի հանդեպ իրենց տեղի ունենալիք գործողությունների մասին: Բարձրախոսներով հայտարարվում էր ԼՂ ուժերի մոտալուտ հարձակման մասին և այն մասին, որ միջանցք է թողնվել քաղաքացիական անձանց և մյուսների համար, ովքեր կնախընտրեին չմասնակցել ռազմական գործողություններին:  

Խոջալուն նախկինում հիմնականում հայերով բնակեցված գյուղ էր, որը ռազմավարական դիրք էր գրավում Ստեփանակերտի և ԼՂ օդանավակայանի միջև: Սկզբում այն դեմոգրաֆիկ բռնի փոփոխությունների թիրախ էր ադրբեջանցիների կողմից, իսկ ԼՂ և Ադրբեջանի միջև արդեն բացահայտ հակամարտության շրջանում արագորեն վերածվեց Ստեփանակերտի դեմ կրակային հենակետի: Երբ ԼՂ ինքնապաշտպանական ուժերն իրենց մայրաքաղաքը կրակից աապհովելու բնական որոշում ընդունեցին, նրանք Խոջալուի բնակչությանը զգուշացրեցին հարձակումից մի քանի օր առաջ:

Երբ տարհանման դեմ  Ադրբեջանի ղեկավարությոն նախնական որոշոմից հետո Խոջալուի ադրբեջանական բնակչությանն ի վերջո թույլ տրվեց լքել գյուղը, նրանցից ոմանց գնդակահարեցին Աղդամի մատույցնեում, որը հեռու էր որևէ հայկական զինված ստորաբա-անման տեղակայման վայրից և գտնվում էր Ադրբեջանի ազգային ճակատի հսկողության տակ: Այն, որ ադրբեջանցիներին գնդակահարել էին Խոջալուից հեռու, ադրբեջանական մի քաղաքի մոտ, անհեթեթ է, բայց փաստ է: Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Ա. Մութալիբովը խոստովանել էր, որ «քաղաքացիական բնակչության անցնելու համար հայերը միջանցք էին թողել: Ինչու՞ պետք է կրակ բացվեր» («Նեզավիսիմայա գազետա», ապրիլի l 2, 1992թ.): Սույն փաստը հաստատել են նաև տարբեր ադրբեջանցի պաշտոնյաներ, մարդու իրավունքների պաշտպաններ և լրագրողներ (Արիֆ Յունուսոֆ, մարդու իրավունքների պաշտպան. «… Խոջալոի վրա հարձակումն անսպասելի չէր». «Օգոնյոկ» ամսագիր, 14-15հհ., 1992թ., Էլման Մամեդով, Խոջալուի գյուղապետ. «Մենք գիտեինք, որ խաղաղ բնակչության համար միջանցք է թողնվել», «Բակինսկի ռաբոչի» թերթից մեջբերում «Ռուսկայա միսլում» 03.03.1992թ.):

Ա. Մութալիբովը կարծում էր, որ այս աննախադեպ հանցագործությունը կապված էր ընդդիմության՝ Ադրբեջանի ազգային ճակատի՝ իրեն իշխանությունից հեռացնելու ջանքերի հետ, որպեսզի այդ արյունահեղության համար պատասխանատվությունն իր վրա դրվի:  «Նովայա վրեմյա» ամսագրին տված իր հարցազրույցում նա կրկնել է դրանից ինը տարի առաջ իր հայտարարությունը. «ակնհայտ է, որ ոմանք կազմակերպել այդ սպանությունները Ադրբեջանում իշխանության փոփոխության նպատակով» 2001 թ. 2001թ. մարտի 6):

Ի դժբախտություն հանցագործների, չեխ լրագրող Յանա Մազալովան հանցագործության վայր այցելեց երկու անգամ՝ փետրվարի 28-ին և մարտի 2-ին: Իր երկրորդ այցելության ժամանակ նա վկայեց, որ իր երկու այցելություննրի միջև դիակները պղծվել և այլանդակվել էին: Այդ տարածքը Ադրբեջանի ժողովրդական ճակատի հսկողության ներքո էր, և հայերն այնտեղ հասանելիոթյուն չունեին: Կարծես այս վկայությունը բավարար չէր, նույն եզրակացության եկավ Բաքվից այդ տեսարնները նկարելու համար ժամանած մի լրագրող՝ Չինգիզ Մուստաֆաևը, որն այդ մասին հայտնեց «D-Press» լրտավական գործակալությանը տված իր հարցազրույցում: Նա նաև հայտարարեց, որ ծրագրում է անկախ հետաքննություն իրականացնել: Մուստաֆաևին խորհուրդ տվեցին լքել Աղդամը: Նա հետագայում սպանվեց անհայտ հանգամանքներում:

Ցավալի է, որ Ադրբեջանի կառավարություններն այս պատերազմական միջադեպն օգտագործում են քարոզչական նպատակներով և հայերին մեղադրում բոլոր երկրային մեղքերում: Տարբեր երկրներում կազմակերպվում են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հիշատակի միջոցառումներ և հայերի դեմ կազմակերպված արշավներ: Սակայն այս արշավը շատ դեպքերում հակառակ ազդեցությունն է ունեցել, քանի որ շատ կեղծարարություններ են բացահայտվել: Միայն մեկն էլ շատ խոսուն է. Պարզվել է, որ մի քանի երեխաների մարմինների վրա սգացուղ մի կնոջ լայնորեն շրջանառվող մի լուսանկար, որ իբր արված էր Խոջալուում, իրականում Թուրքիայում 1982թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո իր երեխաների մահը սգացող քուրդ կնոջ նկար է: Այլ լուսանկարներում պատկերված են կմախքների շարքեր. ենթադրվում է, որ մի քանի օրում մարմինները քայքայվել են մինչ այդ աստիճանի: Իբր «հայկական վայրագությունները» ցուցադրելու համար տարբեր աղբյուրներ օգտագործում են 1999թ. Բալկաններում տեղի ունեցած ջարդերի նկարներ, անգամ Հայաստանի Հանրապետությունում հայկական գյուղի վրա խորհրդային զորքերի արաշավանքի նկարներ: Այսպիսի կեղծարարությունները բազմաթիվ են: Դրանք լայնորեն շրջանառվում են ադրբեջանական մամուլում և տարբեր միջոցառումների ժամանակ, տեղ են գտել պաշտոնական կայքերում, տպագրվել են գրքերում: Այդ ամենը ցավալիորեն նվազեցնում է մարդկային ողբերգության դերը և մեծապես անբարոյական է:

Մարտի սկզբին ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման անցավ ամբողջ շփման գծով մեկ։ Հարձակման հիմնական թիրախները Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններն էին։ Հարձակումը կասեցվեց կատաղի մարտերի շնորհիվ: Տեղի էր ունենում ԼՂՀ մայրաքաղաքի և մյուս բնակավայրերի շուրօրյա ռմբակոծում։ Ապրիլյան լայնամասշտաբ հարձակումները ողջ շփման գծով և քաղաքացիական թիրախների անդադար ռմբակոծումը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին ադրբեջանական իշխանությունների իրական նպատակը՝ վերացնել տեղաբնիկներին և այն ամենը ինչ հայկական է։ Այս մարտերում ներգրավված էին նաև սովետական 4-րդ բանակի՝ Կիրովաբադում տեղակայված   23-րդ դիվիզիայի սպաները։ Շուշին, որը վեր էր խոյանում Ստեփանակերտի վրա, դարձել էր մայրաքաղաքի շարունակական ռմբակոծման հիմնական վայրը։ Մայիսի 7-ին, ադրբեջանական հետևակը և զրահատեխնիկան՝ ME-24 ուղղաթիռների աջակցությամբ, ձեռնարկեցին նոր հարձակվողական գործողություններ Ղարաբաղի պաշտպանական դիրքերի դեմ՝ Ստեփանակերտի հարավ-արևելյան ուղղությամբ։ 

Միաժամանակ նույն օրը, Շուշիից և հարակից այլ ադրբեջանական կետերից մոտավորապես 200 Գրադ տեսակի հռթիռներ բաց թողնվեցին մայրաքաղաքի վրա՝ հասցնելով ծանր մարդկային և նյութական կորուստներ։ Կրակը տարածվեց ամբողջ երկաթուղային կայանով և քաղաքի բնակելի հատվածների տներով մեկ։ 

Ինքնապաշտպանական ուժերի ղեկավարությունը որոշում կայացրեց ոչնչացնել թշնամու հենակետերը։ Մայիսի 8-ի առավոտյան, Արցախի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ ձեռնարկեցին հակահարձակում և վերահսկողության տակ առան Շուշի-Լաչին ճանապարհը։ Կեսօրին Շուշիի  ադրբեջանական պաշտպանությունը կոտրվեց հյուսիսից և հարավից։ Կատաղի փողոցային մարտերից հետո մինչև երեկո հայկական ուժերը տիրացան քաղաքի կենտրոնական հատվածներին։ Մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց։ Շուշիի պես անմատչելի միջնաբերդի գրավումը, ինչը ռազմական փորձագետներն անհնարին էին համարում, իսկական ռազմական սխրագործություն էր, հատկապես հաշվի առնելով որ ադրբեջանցիների ունեցած մարդկային և զինտեխնիկայի նշանակալի առավելությունը։

Շուշիի ազատագրումը                                                                                                                                                                                                                                                                Նկարները՝ Հ. Բերբերյանի
Ադրբեջանցիները ավերել և պղծել էին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, մնացած մասը դարձնելով զինապահեստ այն հաշվարկով, որ հայերն իրենց եկեղեցու վրա չեն կրակի:

Մայիսի 9-ը համարվում է ԼՂՀ ՊԲ կազմավորման օր և նշվում է որպես տոնական օր։ 

Ներկայումս, 2020թ. պատերազմի հետևանքով  Շուշին բռնազավթված է:

Ազատագրված Շուշիում: Նկարը՝ Հ. Բերբերյանի

Հայրենիքի պաշտպանությունը 

Պաշտպանության (Ինքնապաշտպանության) կոմիտեն  ստեղծվել է 1992թ. մարտի 26-ին, որպես ԼՂՀ Նախարարների խորհրդի ենթակայությամբ գործող, ժամանակավոր կառավարման մարմին: Նախարարների խորհրդի մասին օրենքի 26-րդ կետի համաձայն, այն պատասխանատու էր ռազմական ոլորտի ղեկավարման համար և պետք է ձեռք առներ Հանրապետության անվտանգության և պաշտպանության համար հրատապ միջոցներ: Դրա նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը, որն էլ մշակեց դրա կառուցվածքն ու կանոնադրությունը: Կոմիտեն իրագործում էր Գերագույն խորհրդի և Նախարարների խորհրդի որոշումները և 1992-93թթ. ծրագրեց և իրականացրեց այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք էին կամավոր ինքնապաշտպանական խմբերի համախմբումը, զենքերի և զինամթերքի ձեռքբերումը, զբաղվեց թիկունքային հարցերով, ստեղծեց կանոնավոր բանակի կառուցվածքային ստորաբաժանումներ, ակտիվ դերակատարություն ունեցավ ռազմական գործողությունների ծրագրման և իրականացման գործում: Այն նաև հրատակում էր «Մարտական թերթիկ» պարբերականը: Կոմիտեն գործեց մինչև 1993թ. նոյեմբերի 10, երբ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվեց Պաշտպանության բանակը: 

Պաշտպանության պետական կոմիտեն  ԼՂՀում բարձրագույն իշխանության արտակարգ մարմին էր, որին ԼՂ ազատագրական պատերազմի ընթացքում պատվիրակված էին գործադիր իշխանության և ռազմական դրության կառավարման լիազորությունները: Այն ստեղծվեց 1992թ. օգոստոսի 15-ին, «ԼՂՀ պետական անկախության հիմնադրույթների մասին» օրենքի համաձայն: Դրա նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: Պաշտպանության պետական կոմիտեն  կառավարում էր ԼՂՀ նյութական և ռազմական կարողությունները, մշակեց ինքնապաշտպանական ուժերի քաղաքական և ռազմական ռազմավարությունը, բարելավեց դրանց կառուցվածքը, կատարում էր դրա ղեկավարների նշանակումները և վարում էր զինադադարի հաստատման և հակամարտության կարգավորման բանակցությունները:

Պաշտպանության բանակը ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի 1993թ. նոյեմբերի 10-ի N 323 որոշմամբ՝ գոյություն ունեցող ինքնապաշտպանական ուժերը բարեփոխելու և համապատասխան կառուցվածով և գործառույթներով ժամանակակից բանակի վերածելու նպատակով: Այդ ուժերը կազմվել էին երկրի տարբեր մասերում գործող կամավորներից և պաշտոնական կարգավիճակ էին ստացել ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից 1992թ. փետրվարի 24-ին: Համարվում է, որ Պաշտպանության բանակի ձևավորումն իրականացվել է չորս փուլուվ: 

1988թ.-24.02.1992թ.

 

Այս փուլի հիմնական խնդիրը սահմանին մոտ գտնվող բնակավայրերի անվտանգության ապահովումն էր: Այս խնդիրը լուծում էին տեղացիներից կազմված կամավորների խմբերը, որոնք առավել դժվար իրադրություններում օգնություն էին ստանում քաղաքներից եկած նմանատիպ կամավորական խմբերից: Այս խմբերը ստեղծվում էին գաղտնիության պայմաններում, քանի որ դա հակառակ էր խորհրդային օրենքներին: Ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի և «Օղակ» գործողությունից հետո տեղահանումների պատճառով անհրաժեշտություն առաջացավ համակարգելու կամավոր խմբերին, և Ազգային խորհուրդը ստեղծեց գաղտնի Ինքնապաշտպանության կոմիտե և շտաբ: Երբ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերը տարածաշրջանից հեռացան, հայերի վրա հարձակումներն ուժգնացան: Այնուհանդերձ, սա մի շրջան էր, երբ բազմաթիվ բնակավայրերում հաղթանակներ և ազատագրումներ էին գրանցվում: 1992թ. փետրվարի 24-ին ինքնապաշտպանական ուժերը պաշտոնական կարգավիճակ ստացան և սկսեցին կառավարվել մեկ կենտրոնից:

24.02.1992թ.-14.08.1992թ.

 

Այս փուլը սկսեց Խոջալուի և Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրմամբ: Գերագույն խորհուրդը Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոսին) Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար նշանակեց 1992թ. մարտի 4-ին և նույն օրն էլ ստեղծեց Պաշտպանության խորհուրդը, որի ղեկավարն էր Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը: Ս. Սարգսյանի ղեկավարած Պաշտպանության կոմիտեն ստեղծվեց Գործադիրի կողմից մարտի 26-ին: Այս փուլի բարձրակետերը Շուշիի և Լաչինի ազատագրումն էին: Մայիսի 9-ը հետագայում կոչվեց ԼՂ բանակի օր և տոն հայտատարվեց:

14.08.1992թ. – 1993 թ. մարտ 

 

Ձևավորվեցին վեց պաշտպանական շրջաններ, որոշվեցին դրանց կառուցվածքներն ու հրամանատարները, տեղի ունեցավ կառուցվածքային ստորաբաժանումների վերակազմավորում: Ռազմական, թիկունքային և քաղաքական հզորությունները համախմբելու և դրանք ավելի արդյունավետ օգտագործելու համար 1992թ. օգոստոսի 15-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, որը ղեկավարեց Ռոբերտ Քոչարյանը: 1992թ. հոկտեմբերին ինքնապաշտպանական ուժերի հրամանատար նշանակվեց Սամվել Բաբայանը: Այս ջանքերի արդյունքում բեկում տեղի ունեցավ ռազմի դաշտում: Իրադրության բարելավմանը նշանակալի կերպով նպաստեցին Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված «Արծիվ-մահապարտների» կամավորական խմբերը: Պաշտոնապես Պաշտպանության բանակը ձևավորվեց 1993թ. նոյեմբերի 10-ին, և Սամվել Բաբայանը նշանակվեց Պաշտպանության նախարար և բանակի հրամանատար:

1993 թ. մարտ - 1994թ. մայիս

 

Մեծապես բարելավվեց հրամանատարական ուղղահայացը, ավելի շատ հզորություններ ստեղծվեցին զենքի և զրահատեխնիկայի վերանորոգման համար և զգալիորեն բարելավվեց թիկունքային ապահովումը: Կանգնեցվեց ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, հակաօդային պաշտպանությունը նրանց օդուժին զրկեց ԼՂ օդային տարածություն ներխուժելու ազատությունից: ԼՂ շուրջ ստեղծվեց բուֆերային գոտի: 

Ինքնապաշտպանության բանակի հաջորդ առաքելությունը Շուշի-Լաչին-Զաբուխ կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի բացումն էր, որը կվերացներ շրջափակումը և կվերականգներ Հանրապետության բնականոն կյանքը։ Մայիսի 18-ին Ղարաբաղի Պաշտպանության բանակը մտավ Լաչին, դրանով վերջ տալով եռամյա շրջափակմանը։ Մայիսի 20-ին հարյուրավոր տոննաներով հումանիտար օգնություն՝ սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ իրեր, առաքվեց Ստեփանակերտ՝ օգտագործելով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը և Լաչինի միջանցքը։ Շուշի-Լաչին գործողությունից հետո հակամարտության գոտում լարվածությունը նշանակալիորեն նվազեց։

Ադրբեջանցիները պատրաստվում էին լայնամասշտաբ ռազմական գործողություն և հունիսի 12-ին ադրբեջանական ուժերը նախահարձակ եղան ռազմաճակատի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան հատվածներում։ Մասնավորապես, Ադրբեջանի ողջ ռազմական ուժը կենտրոնացվեց 120 կմ երկարությամբ մարտական գործողությունների վայրում։ Գործի դրվեցին մեծ թվով ռուսական տանկեր, զրահապատ մեքենաներ և հրետանի։ 

Ի լրումն այս ամենի, ներգրավվեցին նաև նախկին 4-րդ բանակի ԼՂՀ-ում տեղակայված ուժերը։ Զրահատեխնիկայի, Գրադ համակարգերի և օդուժի շնորհիվ ադրբեջանցիները կարողացան գրավել Շահումյանի շրջանը ամբողջությամբ և Մարտակերտի  ու Ասկերանի շրջանների մի մասը։ Գրոհի արդյունքում Ադրբեջանի ազգային բանակը ավերեց և այրեց մեծ թվով գյուղեր, ինչի արդյունքում շուրջ քառասուն հազար բնակիչներ դարձան փախստական։ Հաշվի առնելով սոսկալի վիճակը, ԼՂՀ Գերագույն Խորհուրդը մտցրեց արտակարգ դրություն։ Իրականացվեց մասնակի զորահավաք, որը ներառեց սերժանտներին, պահեստազորին, 18-40 տարեկան զորակոչիկներին, մինչև 50 տարեկան սպաներին և հատուկ պատրաստություն անցած կանանց։

Հունիսի առաջին օրերին ադրբեջանական բանակը՝ ծավալելով իր գրոհը մի քանի ուղղություններով, գրավեց Մարտակերտի շրջկենտրոնը և մի քանի գյուղեր։ Արցախի տարածքի 40 տոկոսը գրավված էր ադրբեջանական բանակի կողմից և այն գտնվում էր լրջագույն վտանգի առաջ։

 Իրավիճակն Արցախում 1992թ. ամռանը: Աղբյուրը՝ Հայաստան. պատմական ատլաս. Ռոբերտ Հյուսեն

Ռազմական գործողությունների թափը պահպանելու համար օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահը ստորագրեց հրամանագիր, որով 1991-92 թթ. զորացրվածները  կրկին զորակոչվեցին, իսկ արդեն ծառայության մեջ գտնվողների զինծառայության ժամկետները երկարաձգվեցին։ Օոստոսի 12-ին ԼՂՀ Գերագույն Խորհուրդը մտցրեց ռազմական դրություն։ Օգոստոսի 15-ին հիմնադրվեց  Պաշտպանության պետական կոմիտեն, որին տրվեցին բացարձակ օրենսդիր և գործադիր լիազորություններ։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ այն իր ձեռքում կենտրոնացրեց հանրապետության մարդկային և նյութական ռեսուրսները և ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պատրաստեց պատերազմի։ Հաջորդ  առաջնահերթությունը անկախ գործող ինքնապաշտպանական խմբերի միավորումն էր միասնական ղեկավարման տակ գտնվող բանակի մեջ։

Միևնույն ժամանակ կատաղի մարտերը շարունակվում էին ռազմաճակատի տարբեր ուղղություններով։ Օգոստոսին ադրբեջանական օդուժը շարունակում էր քաղաքացիական թիրախների ռմբակոծությունը՝ այժմ 500 կիլոգրամանոց ռումբեր կիրառելով Ստեփանակերտի և հարակից գյուղերի դեմ։ «Սովորական» ռմբակոծությունների ընթացքում մարդիկ ապաստան էին գտնում նկուղներում կամ հատուկ փորված խրամատնորում։ Սակայն   500 կիլոգրամանոց ռումբերի դեպքում ապաստան գտնելը անիմաստ էր, քանի որ դրանք ոչնչացնում էին նույնիսկ ամենաամուր ապաստարանները, միակ հույսը հաջողությունն էր։ Շուտով Ստեփանակերտի վրա ուղղվեցին նաև կասետային ռումբեր, որոնք միջազգային համապատասխան կոնվենցիաներով արգելվում է կիրառել քաղաքացիական բնակչության դեմ։ Կիրառվում էին նաև այլ արգելված այլ զինատեսակներ, ինչպիսիք են սրածայր փափուշտները, որոնք մարդկային հյուսվածքներին հնարավորինս շատ վնաս հասցնելու համար են օգտագործվում։ Մարտունիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների գյուղերը ևս ենթարկվել են տեղային ռմբակոծությունների։ Ադրբեջանցիները սխանում էին առանց որևէ խտրականության։ Թալիշ գյուղի 150 աշակերտներ, օրինակ, փրկվել են այն բանի շնորհիվ, որ նրանց տնօրենը ադրբեջանական ռադիոյով լսել էր մոտալուտ ռմբակոծության մասին և կարողացրել էր զգուշացնել նրանց։ Դպրոցի շենքը շատ շուտով հավասարեցվեց գետնին։

Հոկտեմբերի վերջին օրերին, ադրբեջանական զորամիավորումները երկու փորձ կատարեցին կտրելու Լաչինի մարդասիրական միջանցքը, սակայն կանգնեցվեցին և հետ շպրտվեցին։ Հոկտեմբերի 19-ին Ղարաբաղի ուժերը անցան հակահարձակման դեպի հարավ և շարունակեցին միչև Կուբաթլուի շրջանի սահմանագիծ։

Նոյեմբերին ԼՂՀ բանակը անցավ հակահարձակման և իր վերահսկողության տակ վերցրեց Թարթար-Մարտակերտ-Քելբաջար ճանապարհը։ Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով մեկամսյա կատաղի մարտեր էին շարունակվում։ 1992 թ. վերջը նշանավորվեց պատերազմական գործողությունների թուլացմամբ ռազմաճակատի ողջ երկայնքով։

Պարտիզանական կռիվները շարունակվում էին Շահումյանի գրավված շրջանում։