20-րդ դարի սկիզբ և խորհրդային կարգերի հաստատում

20-րդ դարի սկիզբ և խորհրդային կարգերի հաստատում

Համաշխարհային և տարածաշրջանային նշանակության իրադարձությունները՝ Առաջին համաշխարհային պատերազմը և ռուսական հեղափոխությունը, փոխեցին 20-րդ դարի սկզբի պատմության ընթացքը և որոշիչ դեր խաղացին նաև Արցախի ճակատագրում։ Երկու իրադարձություններ բավական երկար ժամանակաշրջանով բացասական ազդեցություն թողեցին Հայաստանի պատմության վրա։ Առաջինը Օսմանյան Թուրքիայի կողմից շուրջ մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացումն էր 20-րդ դարի առաջին  ցեղասպանության ընթացքում՝ Թուրքիայի իշխանության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և ավելի ուշ պատերազմը նորանկախ Հայաստանի Հանրապետության դեմ։ Երկրորդ գործոնը Ռուսաստանում կառավարման համակարգի փոփոխությունն էր, ապա նաև խորհրդայնացումը, որին հաջորդեց ռուսական կայսրության փաստացի ենթակայության տակ գտնվող տարածքների վերականգնումը։

1917 թ. առաջին ամիսներին, երբ ռուսական զորքերը գտնվում էին Օսմանյան կայսրության տարածքների խորքում, Ղարաբաղի նկատմամբ թուրքական ուղիղ սպառնալիքը բացակայում էր։ Իրավիճակը փոխվեց բոլշևիկյան հեղափոխությունից հետո, երբ ռուսական զորքերը փաստացի կազմալուծվեցին։

1918 թ. փետրվարին Օսմանյան Թուրքիայի զորքերը շարժվեցին դեպի Հայաստան։ Դրանք սպառնում էին Երևանին և միաժամանակ փորձում էին հասնել Բաքու, որը այդ ժամանակ գտնվում էր բոլշևիկների բազմազգ կոալիցիայի ձեռքում (այն ղեկավարում էր ազգությամբ հայ Ստեփան Շահումյանը։ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը կրում է նրա անունը)։

Ռուսական կայսրության կազմալուծումից հետո, 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում ձևավորվեց  Անդրկովկասյան սեյմը, որը բաղկացած էր հայերի, վրացիների և թաթարների (մինչև 1936 թ. ադրբեջանցի անվանումը չէր կիրառվում) ներկայացուցիչներից։ Նույն տարվա ապրիլի  9-ին Սեյմը որոշեց Անդրկովկասը դուրս բերել Ռուսաստանի կազմից և իրեն հռչակեց Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն։

Անդրկովկասյան Ֆեդերացիան կարճ կյանք ունեցավ և դադարեց գոյություն ունենալ մայիսի 26-ին։ Ռուսական կանոնավոր բանակի դուրս բերմանը հետևեց թուրքական ուժերի հարձակումը, որը արագացրեց Անդրկովկասի մասնատումը, ինչի արդյունքում ձևավորվեցին երեք անկախ հանրապետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը (մայրաքաղաքը Ելիզավետպոլ (Գանջա)) և Վրաստանը։ Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղը և Հայաստանի մեկ այլ շրջան ևս՝ Զանգեզուրը, հռչակեց որպես իր տարածքի մաս։ Օսմանյան զորքերի հրամանատար Նուրի Փաշան հրամայեց Ղարաբաղի հայերին ընդունել իր նոր, էթնիկ դաշնակից Ադրբեջանի հպատակությունը։ Ղարաբաղը ռուսական կայսրության Ելիզավետպոլի գուբերնիայի (նահանգի) մաս էր կազմում, սակայն ցարական իշխանությունների կողմից իրականացված վարչական բաժանումները չէին արվել հաշվի առնելով տեղաբնիկների էթնիկ պատկանելիությունը, ինչի պատճառով չկար տիտղոսակիր ազգ, որը կարող էր այս շրջանների տարածքը հռչակել իր սեփականը։ Այն տարածքում, որտեղ ապրում էին տարբեր ցեղախմբեր, պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց նոր պետությունը, որը կրում էր «Ադրբեջան» անվանումը։

Ադրբեջանի գործողությունները հիմնված էին 1915 թ. Թուրքիայում հայերի ցեղասպանության տխուր իրողությունների վրա, որի արդյունքում Հայաստանը կրել էր ոչ միայն անդառնալի մարդկային, այլ նաև զգալի տարածքային կորուստներ։ Հայաստանը թուրքական բանակի հարձակումների ներքո զբաղված էր պետական կառավարման համակարգ ձևավորելով և հազարավոր անտուն մնացած փախստականների հարցերը կարգավորելով, որոնք մազապուրծ էին եղել թուրքական վայրագություններից։ Հայաստանը միանշանակ ի զորու չէր պաշտպանելու Ղարաբաղը։

Բնականաբար, և՛ Ղարաբաղի, և՛ Զանգեզուրի հայերը հրաժարվեցին ընդունել պարտադրված իշխանությունը։ 1918 թ. հուլիսին գումարվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը (Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը հայեր էին), որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց որպես անկախ վարչական-քաղաքական միավոր և ընտրեց Ազգային խորհուրդ և յոթ հոգուց բաղկացած ժողովրդական կառավարություն։ Ընդունվեց Ղարաբաղի ժողովրդական կառավարության հռչակագիրը, որով սահմանվեցին նոր հիմնադրված պետական իշխանության նպատակները։

Ադրբեջանի կառավարությունը վայելում էր թուրքական զինված ուժերի աջակցությունը, ում ղեկավար Նուրի Փաշան վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի Ազգային խորհրդին՝ պահանջելով ենթարկվել նորաստեղծ Ադրբեջանի կառավարությանը։ Սեպտեմբերի 6-ին գումարվեց Ղարաբաղի հայերի երկրորդ համագումարը, որը մերժեց թուրքական ուժերի և Ադրբեջանի կառավարության վերջնագիրը։

1918 թ. սեպտեմբերի 15-ին թուրքերը մտան Բաքու և ադրբեջանցի թյուրքերի օգնությամբ քաղաքում իրականցրեցին հայերի համակարգված ջարդեր, որի արդյունքում սպանվեցին շուրջ երեսուն հազար հայեր։ Բաքվի և Ելիզավետպոլի հարյուրավոր հայկական գյուղեր թալանվեցին և ոչնչացվեցին։ Թուրքական զինված ուժերի ղեկավարությունը ևս մեկ անգամ վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի ժողովրդական կառավարությանը՝ պահանջելով զինաթափվել, ընդունել Ադրբեջանի իշխանությունը և ապահովել թուրք-ադրբեջանական զինված ուժերի անցումը դեպի Ղարաբաղի ամենամեծ քաղաք Շուշի։

Հայտնվելով Թուրքիայի կանոնավոր բանակի դեմ պատերազմի սպառնալիքի առջև, արցախահայությունը 1918 թ. սետեմբերին գումարեց երրորդ համագումարը, որի արդյունքում մերժվեցին զինաթափվելու և Ադրբեջանի ենթակայության տակ անցնելու պահանջները։ Թուրքերը համաձայնեցին հրաժարվել ժողովրդի ամբողջական զինաթափման պահանջից, ինչպես նաև չպնդել ադրբեջանական իշխանություններին ենթարկվելը՝ պահպանելով Ղարաբաղի ստատուս քվոն։ Սակայն նրանք չէին հրաժարվում զորքերը Շուշի մտցնելու դրույթից։ Գիտակցելով, որ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունը օրերի հարց է, Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը ի վերջո համաձայնեց թուրքական զորքերին ներս թողել Շուշի։ Սակայն Ղարաբաղի բնակչությունը խիստ դժգոհ էր այս որոշումից և ընդդիմանում էր թուրքական ուժերի ներկայությանը։ 

5000 թուրք զինվորներ մուտք գործեցին Շուշի։ Այս ամենին անմիջապես հետևեցին ականավոր հայ գործիչների ձերբակալություները և հետապնդումները, ինչի հետևանքով չեղյալ հայտարարվեցին երրորդ համագումարի որոշումները և սկսվեցին դիմադրության պատրաստություններ։ Հետևանքներն ակնհայտորեն ավելի ծանր կլինեին, եթե Առաջին աշխարհամարտը չավարտվեր և թուրքերը հոտկեմբերին չկապիտուալցվեին Դաշնակիցներին։

Դեկտեմբերին բրիտանական օկուպացիոն ուժերը փոխարինեցին նահանջող օսմանյան բանակին և այժմ կարևոր դեր էին խաղալու արևելյան Անդրկովկասում։ Թեև համաձայնություն ձեռք բերվեց, որ վիճելի տարածքների ճակատագիրը կկարգավորվի Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում և բրիտանական ղեկավարության հրապարակայնորեն ընդունեց դա, այնուամենայնիվ ջանք չէր խնայում մինչև խնդրի վերջանական կարգավորումը Ղարաբաղը դե ֆակտո ներառելու Ադրբեջանի կազմի մեջ։  Չնայած այն բանին, որ բրիտանացիները Առաջին աշխարհամարտի ընթացքում կռվում էին թուրքերի դեմ, այնուամենայնիվ ելնելով աշխարհաքաղաքական հաշվարկներից աջակցում էին Թուրքիային և Ադրբեջանին, քանի որ նրանք ձգտում էին գերիշխանություն ստանալ Մերձավոր Արևելքում նոր թափ հավաքող մուսուլմանական միավորումների շրջանում՝ Սուեզի և Հնդկաստանի միջակայքում, հատկապես այն շրջաններում, որտեղ կային նավթամթերքի պաշարներ։ Այս դիտարկումը հատկապես կիրառելի էր Բաքվի նավթի պաշարների պարագայում։ Ակնհայտ է, որ նպատակներից մեկը Անդրկովկասի վերջնական անջատումն էր Ռուսաստանից և այս ծրագրում Ադրբեջանը կարևոր դեր էր ունենալու, ինչպես նաև տարածաշրջանի խորհրդայնացման կանխումը։

Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր ճնշում գործադրել Ղարաբաղի վրա, սակայն հաջորդած Ազգային համագումարները համառորեն շարունակում էին մերժել իրենց նկատմամբ ադրբեջանական իշխանության հաստատումը։

Բրիտանական ղեկավարության հրամանատար գեներալ Վիլյամ Թոմսոնը ոչ միայն արտոնեց Ադրբեջանում կառավարության հիմնումը, այլ նաև 1919 թ. փետրվարին հաստատեց հայտնի հայատյաց գործիչ Խոսրով բեկ Սուլթանովի նշանակումը որպես Ղարաբաղի կառավարիչ։ Հայերը հայտարարեցին, որ երբեք չեն ընդունի ադրբեջանական իշխանությունը։

Բրիտանական ղեկավարությունը անթաքույց սատարում էր Լեռնային Ղարաբաղը  Ադրբեջանի ենթակայության տակ դնելու վերջինիս կառավարության քաղաքականությունը։ Բաքվում բրիտանական ուժերի ղեկավար, գնդապետ Շաթլուորթը Ղարաբաղի հայերին հայտարարեց. «Ձեր ճանապարհները փակված են, ձեր մահացող մարդիկ հաց չեն ստանալու, իսկ մենք չենք օգնելու ձեզ մինչև դուք չճանաչեք մուսավաթական Ադրբեջանի իշխանությունը»։

Պատահական չէ, որ Ադրբեջանը բաց չէր թողում գործելու և ոչ մի հնարավորություն։ Երբ 1919 թ. հունիսին բրիտանական զորքերը դուրս եկան Լենային Ղարաբաղից, ադրբեջանական զորքերը ազատ գործելու հնարավորություն ստացան։ Այս տարածաշրջանում բրիտանական կարճատև ներկայության հետքերը զգացվում են մինչ այսօր։  Բրիտանական աջակցությունը Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական դիրքերին իր անբարենպաստ ազդեցությունը թողեց հազարավոր բնիկների ճակատագրի վրա մի քանի տասնամյակներ շարունակ։

Որոշելու համար, թե արդյոք պատերազմի դեպքում Լեռնային Ղարաբաղը ի վիճակի կլինի պաշտպանել իր անկախությունը,Ղարաբաղի հայերի համագումարը հիմնեց հանձնաժողով, որը առկա իրողությունների պարագայում դա իրագործելի չհամարեց։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սպառնալիքի ներքո, Համագումարը ստիպված էր բանակցություններ սկսել։ Ժամանակ շահելու և ուժերը կենտրոնացնելու նպատակով 1919 թ. օգոստոսի 22-ին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները կնքեցին Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ միջանկյալ համաձայնագիր, համաձայնելով, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է քննարկվեր Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում։ Պայմանագիրը փոփոխություն չմտցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում. տարածքը շարունակում էր մնալ որպես անկախ քաղաքական միավոր։ Այն փաստը, որ Ադրբեջանը պայմանագիր կնքեց Հայկական համագումարի հետ, վկայում է այն մասին, որ Ղարաբաղը անկախ իրավական սուբյեկտ էր։ Սակայն Ադրբեջանը գոհ չէր այս վիճակից, քանի որ հայերը չէին զինաթափվել, իսկ ադբեջանական ուժերը մուտք չէին գործել  Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն շարունակում էին պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է միացվի Ադրբեջանին, իսկ Հայկական համագումարը հրաժարվում էր ենթարկվել և իր հերթին ծանուցեց Դաշնակից երկրների դիվանագիտական և ռազմական ուժերին, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը այլ ելք չի թողնում քան Ղարաբաղի ինքնապաշտպանությանը միտված քայլեր ձեռնարկելը։

Մարտերը բռնկվեցին մարտին։ 1920 թ. մարտի 23-ին թուրքական ուժերը ադրբեջանական ռազմական միավորումների հետ մեկտեղ թալանեցին և կրակի մատնեցին Շուշին՝ Ղարաբաղի ամենակարևոր քաղաքը, որը այդ ժամանակ բնակչության թվով Ադրկովկասի մեծությամբ հինգերորդ քաղաքն էր։ Մոտ երեսուն հայկական գյուղեր ևս արժանացան այս ճակատագրին։ Շուշիի 35,000  հայկական բնակչության մեծ մասը ոչնչացվեց, իսկ քաղաքը գրեթե ամբողջությամբ հավասարեցվեց գետնին։ 7000 տներ, մեծ թվով եկեղեցիներ և պատմական ու մշակութային նշանակության կոթողներ ավերվեցին կամ պղծվեցին։ 1920-ից հետո դեռ երկար ժամանակ Շուշիի ավերակները այցելուներին հիշեցնում էին Ղարաբաղի նկատմամբ տարվող քաղաքականության Ադրբեջանի իրական նպատակերի մասին։

Շուշին 1920թ. թուրք-ադրբեջանական ասպատակությունից հետո 

(Նկարները՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB%D5%AB_%D5%BB%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D6%80)

Հայաստանից եկած օգնության շնորհիվ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին ազատագրվեց։ 1920 թ. ապրիլին Ղարաբաղի հայերի 9-րդ համագումարը որոշեց, որ Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած վայրագությունները, Շուշիի և հարակից գյուղերի բնակչության ոչնչացումը հանդիսանում են Ադրբեջանի  հետ պայմանագրի խախտում և Լեռնային Ղարաբաղը հռչակեց որպես Հայաստանի անբաժան մաս։ 

Լեռնային Ղարաբաղը երեք Անդրկոսվկասյան հանրապետությունների ձևավորման, ինչպես նաև ավելի ուշ Ադրբեջանում սովետական կարգերի հաստատումից առաջ երբեք Ադրբեջանի մաս չի հանդիսացել, ինչը նաև փաստարկված է Ազգերի Լիգայի դիրքորոշմամբ։ 1920 թ. դեկտեմբերի 1-ին միաձայն մերժվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության Ազգերի Լիգայի անդամակցության հայտը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի հարևան պետությունների նկատմամբ, քանի որ անհնար է որոշել հստակ սահմանները և դժվարություններ են առկա այն հարցում, թե ինչ տարածքի վրա է Ադրբեջանը իշխանությունը գործում։ Մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Ազգերի Լիգան Լեռնային Ղարաբաղը հռչակեց որպես վիճելի տարածք և հակամարտության բոլոր կողմերը՝ այդ թվում Ադրբեջանը, ընդունեցին այս որոշումը։ Այսպիսով իր կազմավորման տարիներին՝ 1918-20 թթ.,  Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը որևէ իրավունք չի ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։