Շուշիի ամրոցը

Շուշի

Բռնազավթված է 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով: 

Շուշիի հուշարձանների և տեսարժան վայրերի կարգավիճակը կարելի է նկարագրել միայն նախքան 2020  թվականի ադրբեջանական  վերջին ագրեսիայի ժամանակ գրավվելու պահը։ Շուշիի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, պատերազմի ժամանակ միտումնավոր խոցվել է բարձր ճշգրտության հրթիռներով, իսկ հայտնի մեկ այլ եկեղեցի՝ Կանաչ ժամը, քաղաքի գրավումից հետո պայթեցվել է։ Մի քանի ամիս օկուպացիայից հետո Շուշիի պատմության թանգարանը, ինչպես նաև մի քանի բնակելի շենքեր հողին են հավասարեցվել: Թե ինչ աղավաղումների են ենթարկվել կամ դեռ կենթարկվեն պատմական մյուս շինություններըը, հայտնի չէ:

Ծովի մակարդակից 1238-1533 մետր բարձրության վրա գտնվող Շուշին հայկական ամենահայտնի քաղաք-ամրոցներից է և շատ կարևոր դեր է խաղացել հայոց պատմության, արվեստի և գրականության մեջ։

Շուշիի բերդը. քաղաքի մուտքը

Տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. 14-13-րդ դարերի պեղածո առարկաներ, որոնք  վկայում են նրա  ամրացված  բնակավայր լինելու փաստի մասին։ Իր աշխարհագրական դիրքի և դժվարամատչելիության պատճառով  այն ի  սկզբանե որպես հեակետ է ծառայել որպես Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդայի շրջանի (գավառ)  հայ բնակչության համար։ Այն հետագայում պարսպապատվել է՝ դառնալով Վարանդայի մելիքության նշանավոր ամրոցներից մեկը։ Ուշ միջնադարյան աղբյուրները հիշատակում են այն որպես  Քարագլուխ,  Քար,  Քարագլխի  բերդ,  Քարագլխի սղնախություն, Շոշ բերդ (Շոշի բերդ) կամ Շոշի սղնախություն, քանի որ դժվարին իրավիճակներում այնտեղ ապաստան էին գտնում մոտակա Շոշ գյուղի բնակիչները։ Հայոց զորահրամանատար Ավանը 1720 թվականին վերակառուցել և ամրացրել է բերդը. իսկ 1725 թվականին թուրքական 40000-անոց բանակը Շուշիում ութ օր տևած մարտերից հետո ստիպված է եղել նահանջել և փախչել։

Գլխավոր մուտքը
Բերդի պարսպից շրջակա բլուրների տեսարանը

Հայ մելիքների միջև ներքին կռիվների արդյունքում և Վարանդայի մելիքի օգնությամբ՝ քոչվոր թյուրքական ցեղի առաջնորդ Փանահ Ալին կարողացել է գրավել բերդը։ 1752 թվականին Ղարաբաղը (Շուշին) հռչակել է խանություն,  իրեն՝ խան և բնակեցրել Շուշին թյուրքական քոչվոր ցեղերով։ Շուշին իր նստավայրը դարձնելուց հետո այլ գյուղերից հայերին աքսորել է Շուշի՝ այն կառուցելու և ամրոցն ավելի ամրապնդելու նպատակով։

18-րդ դարի վերջին պարսկական զորքերը հարձակվել են Շուշիի վրա և  երկրորդ  փորձից հետո  կարողացել են գրավել այն, բայց շուտով ստիպված են եղել հեռանալ։  Այնուամենայնիվ, ավելի ուշ այն ստիպված էր «հյուրընկալել»  պարսկական զորքերին, որոնք այնուհետև փոխարինվեցին ռուսական զորքերով այն բանից հետո, երբ 1813 թվականի Գյուլիստանի  պայմանագրից  հետո ամբողջ Ղարաբաղը անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1826 թվականին պարսկական 60,000-անոց զորքերը, ծրագրելով գրավել Թիֆլիսը (այժմ՝ Թբիլիսի) և վերադարձնել Հարավային Կովկասը, շրջապատել են Շուշին։ Նույնիսկ 48-օրյա պաշարումից հետո նրանք չեն կարողացել հաղթել 1700 ռուս զինվորներին և 1500 հայ կամավորներին։

Շուշիի դերը կրկին վճռորոշ է դարձել 1991-94թթ. Արցախյան ազատամարտի ժամանակ: Այդտեղ մնացած հայ բնակչությանը դուրս մղելուց հետո ադրբեջանցիները, օգտագործելով քաղաքի աշխարհագրական դիրքը, այն վերածել են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության մայրաքաղաք  Ստեփանակերտի ամենօրյա  գնդակոծման հարթակի։  Երբ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ազատագրել են Շուշին, ռազմական  փորձագետները պարզապես չէին հավատում դրան. Շուշիի գրավումը պարզապես հնարավոր չէր համարվել։ 

2022 թվականին Շուշիի մոտ ադրբեջանցիները փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ամիսներ տևող շրջափակումն ուղղված է հայերին իրենց հողերից դուրս մղելուն և դեռևս ազատ Արցախը օկուպացնելուն։

Բերդի պարիսպների մի մասը ներսից

Ավան զորահրամանատարը, ով 18-րդ  դարում  ամրացրել է  Շուշիի բերդի  պարիսպները,  իր համար  կառուցել է  ավելի  փոքր ամրացված պալատ կամ ամրոց։ Այդ ամրոցի, ինչպես նաև Ավանի ընտանիքի կողմից հետագայում կառուցված մեկ այլ ամրոցի ավերակները դեռևս կանգուն են Շուշիում։ 

Ավանի զորահրամանատարի ամրոցը Շուշիում

Ղարաբաղի տիրակալների և ազնվականների ամրացված տները մատնանշում են ոչ միայն դրանց  կարևորությունը,  այլև հայկական պալատական և ամրոցային ճարտարապետության հետաքրքիր առանձնահատկությունները։

Ձմեռային տեսարան Շուշիի բերդից