Միջազգային հարաբերություններ

Արցախի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Արցախի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը:

Պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողությունները թույլ են տվել հասնել որոշակի դրական տեղաշարժի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:

Ամերիկյան տասնմեկ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի.

  • 17 մայիսի, 2012 թ.՝ ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 6 օգոստոսի, 2012 թ.՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 25 հոկտեմբերի, 2012 թ.՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև,
  • 10 ապրիլի, 2013 թ.՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 30 մայիսի, 2013 թ.՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև,
  • 8 մայիսի և 27 օգոստոսի, 2014 թ.՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև,
  • 12 սեպտեմբերի, 2014 թ.՝ Բասկերի Երկրի խորհրդարանի բանաձև,
  • 3 մարտի, 2016 թ.՝ ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 29 մարտի, 2016 թ.՝ ամերիկյան Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 28 սեպտեմբերի 2017 թ․՝ ամերիկյան Միչիգան նահանգի Սենատի բանաձև,
  • 24 ապրիլի, 2019թ.՝ ամերիկյան Կոլորադո նահանգի Սենատի բանաձև
  • 24 ապրիլի, 2021թ.՝ ամերիկյան Այդահո նահանգի Սենատի բանաձև,
  • 30 հուլիսի, 2021թ.՝ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Սենատի բանաձև։

2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։

Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից.

  • 23 ապրիլի, 2013 թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 10 սեպտեմբերի, 2013 թ.՝ Լոս-Անջելոս (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 5 նոյեմբերի, 2013 թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 20 ապրիլի, 2016 թ.` Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)։
ՌԴ նախագահի ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ համանախագահ դեսպան Վլ. Կազիմիրովը Ստեփանակերտում բանակցում է ԼՂՀ ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները Ստեփանակերում բանակցում են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի և այլ պաշտոնյաների հետ:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները Ստեփանակերում բանակցում են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնյաների հետ:

Լուսանկարների աղբյուրը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:

2014 թ. նոյեմբերի 3-ին Նավարայի (ինքնավար մարզ/նահանգ Իսպանիայում) խորհրդարանի խոսնակների Խորհուրդը ընդունեց հայտարարություն, որում նշված է, որ Արցախի իշխանությունները պետք է կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափում, որը կարող է որոշիչ դեր խաղալ երկրի ապագայի հարցում։

Արցախի միջազգային ճանաչումը, լրացուցիչ խթան հանդիսանալով արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության կարգավորման վրա:

Այսօր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ձգձգումը միայն ավելացնում է ադրբեջանական կողմի՝ հարցը պատերազմական ճանապարհով լուծելու գայթակղությունը, ինչի ապացույցն էին նաև 2016 թ. ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և 2020թ. 44-օրյա պատերազմը: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կհանդիսանա ոչ միայն ադրբեջանական նոր ագրեսիաներից հնարավորության բացառման գործուն լծակներից մեկը, այլև՝ իր հողի վրա ապրող բնիկ ժողովրդին բնաջնջումից փրկելու երաշխիք:

Այդպիսով, միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիությունը և թույլ կտա կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա:

Արցախի Հանրապետությունը մշտական ներկայացուցչություններ ունի հետևյալ երկրներում.

  1. Հայաստանի Հանրապետությունում 
  2. Ռուսաստանի Դաշնությունում 
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներում 
  4. Կանադայում 
  5. Ֆրանսիական Հանրապետությունում 
  6. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում 
  7. Ավստրալիայում 
  8. Մերձավոր Արեւելքի երկրներում 

 

Միջազգային համագործակցություն

Արցախի Հանրապետությունը մեծապես կարևորում է հանրապետության ինտեգրումը միջազգային գործընթացներին՝ ուղղված քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Արցախի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Արցախի և տարբեր արտասահմանյան երկրների համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման ու զարգացման համար։ Նման կապերը ոչ միայն նպաստում են ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, այլև հնարավորություն են ընձեռում մշակույթի, կրթության, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում զանազան ծրագրերի իրականացման համար։

Բարեկամական հարաբերություններ են հաստատված Արցախի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի (Իսպանիա), Բրազիլիայի ու Լիբանանի քաղաքների և համայնքների միջև.

  • 1998 թ. մայիսի 22-ին Վիլյորբան (Ֆրանսիա) – Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2005 թ. հոկտեմբերի 26-ին Մոնտեբելո (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2012 թ. մայիսի 9-ին Լոս Անջելես (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Շուշի քաղաքներ,
  • 2013 թ. հունիսի 11-ին Լե-Պեն-Միրաբո (Ֆրանսիա) - Մարտունի քաղաքներ,
  • 2013 թ. նոյեմբերի 26-ին Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա) – Բերձոր քաղաքներ,
  • 2014 թ. փետրվարի 21-ին Վիեն (Ֆրանսիա) - Հադրութ քաղաքներ,
  • 2014 թ. ապրիլի 22-ին Պիկո Ռիվերա (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Քարվաճառ քաղաքներ,
  • 2014 թ. սեպտեմբերի 13-ին Դոնոստիա/Սան Սեբաստիան (Բասկերի Երկիր) – Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2014 թ. հոկտեմբերի 5-ին Բուրգ-լե-Վալանս (Ֆրանսիա) - Շուշի քաղաքներ,
  • 2014 թ. հոկտեմբերի 28-ին Բըրբանք (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Հադրութ քաղաքներ,
  • 2014 թ. նոյեմբերի 19-ին Բուկ-Բել-Էր (Ֆրանսիա) – Ասկերան քաղաքներ,
  • 2015 թ. մայիսի 17-ին Վալանս (Ֆրանսիա) – Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2015 թ. մայիսի 18-ին Վիլյորբան (Ֆրանսիա) - Շուշի քաղաքներ,
  • 2015 թ. մայիսի 20-ին Մարսել (Ֆրանսիա) - Մարտակերտ քաղաքներ,
  • 2016 թ. փետրվարի 3-ին Ֆրանկու դա Ռոշա (Բրազիլիա) - Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2017 թ․ սեպտեմբերի 25-ին Դեսին-Շարպիո (Ֆրանսիա) - Ճարտար քաղաքներ,
  • 2017 թ․ նոյեմբերի 20-ին Ալֆորվիլ (Ֆրանսիա) - Բերձոր քաղաքներ,
  • 2017 թ․ ապրիլի 3-ին Բուր-դե-Պեաժ (Ֆրանսիա) -  Մարտունի քաղաքներ,
  • 2018 թ․ մայիսի 17-ին Բուրջ Համուդ (Լիբանան) - Մարտակերտ քաղաքներ, 
  • 2018 թ․ մայիսի 18-ին Այնճար (Լիբանան) - Կովսական քաղաքներ,
  • 2018 թ․ հոկտեմբերի 21-ին Սենտ Էտիեն (Ֆրանսիա) - Շուշի,
  • 2018 թ․ հոկտեմբերի 22-ին Առնուվիլ (Ֆրանսիա) - Շեխեր,
  • 2019թ. հուլիսի 23-ին Ռայդ (Ավստրալիա) - Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2019թ. սեպտեմբերի 20-ին Իզեր նահանգ (Ֆրանսիա) - Հադրութի շրջան

2015 թ. մայիսի 17-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում համագործակցության հռչակագիր ստորագրվեց Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի (Ռոն-Ալպ տարածաշրջան) և Արցախի միջև։

Հատուկ կարևորություն է տրվում նաև միջխորհրդարանական կապերի հաստատմանը, մասնավորապես.

  • 2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի հետ Բարեկամության խումբ։ 2017 թ. հուլիսի 5-ին խորհրդարանական բարեկամության խումբն ընդլայնվել և վերափոխվել է Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի, որին միացել են Լիտվայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ։
  • 2013 թ. մարտի 19-ին Ֆրանսիայում ձևավորվեց Արցախի հետ Բարեկամության խումբ, որում ընդգրկված են քաղաքական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ և Ֆրանսիայի սենատորներ։
  • 2014 թ. հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում Արցախի Հանրապետության անկախության 23-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հայտարարվեց Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։
  • 2017 թ. հոկտեմբերի 18-ին Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում հայտարարվել է Արցախի հետ Բելգիայի ֆլամանդացի պատգամավորների բարեկամության խումբ ստեղծելու մասին։ Բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
  • 2017 թ. հոկտեմբերի 20-ին Բրյուսելի (Բելգիա) Վալոնական խորհրդարանում հայտարարվել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս պատգամավորների, հասարակական և գիտական գործիչների բարեկամության շրջանակ ստեղծելու մասին։ Բարեկամության շրջանակի ստեղծման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
  • 2019 թ. մարտի 19-ին Կանադայի Համայնքների պալատում ստեղծվել է «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբը, որի ղեկավար է ընտրվել Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերը։ Այդ նախաձեռնությանն ի պատասխան՝ մարտի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է «Արցախ-Կանադա» բարեկամության խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:
  • 2019 թ․ օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա այցի ընթացքում հայտարարվել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին։ Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 57 գործիչներ։

Արցախի Հանրապետության ԱԺ-ում ձևավորված են և գործում են հետևյալ բարեկամական խմբերը.

  1. «Արցախի Հանրապետություն – Եվրախորհրդարան» բարեկամական խումբ
  2. «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ
  3. «Արցախ – Կանադա» բարեկամական խումբ

Աղբյուրները՝  http://www.nkr.am/hy/international-recognition-of-karabakh 

                      http://www.nkr.am/hy/international-cooperation 

                      http://www.nkr.am/hy/karabakh-permanent-representations