Ամարասի վանք

Ամարասի վանք

Ամարասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունիի շրջանի Մաճկալաշեն գյուղի մերձակայքում է՝ Խազազ և Լուսավորիչ լեռների միջև գտնվող հովիտում: Այն սկզբնապես եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում: Ամարասը հիմնադրվել է  Գրիգոր Լուսավորչի կողմից մ.թ .4-րդ դարում և ավարտին է հասցվել վերջինիս թոռ Գրիգորիսի՝ Արցախի առաջին եպիսկոպոսի կողմից:    

Քրիստոնեությունը առաջին անգամ Հայաստանում քարոզվել է մ.թ. 1-ին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Թադեոսը մարտիրոսվել է Արցախի սահմանին, իսկ նրա առաքելությունը շարունակել է նրա հետևորդ Եղիշեն, որը նույն ճակատագրին է արժանացել: Քրիստոնության ուսուցումը վերսկսվել է Գրիգոր Լուսավորչի կողմից ողջ Հայաստանը քրիստոնեացնելու գործընթացի հետ մեկտեղ: Հենց Լուսավորիչն էր, ով, նախաձեռնելով Հայաստանի բոլոր ծայրերում եկեղեցիներ կառուցելու գործը, մ.թ. 4-րդ դարում  հիմնադրեց նաև Ամարասի վանքը՝ այդպիսով ստեղծելով Արցախի թեմը, որը ժամանակին հայտնի էր որպես Հայկական Աղվանքի թեմ:  Գրիգորն այնքան մեծ համբավ ուներ, որ տեղի իշխանները  Հայաստանի Տրդատ Մեծ արքային խնդրում են Գրիգորի 15-ամյա թոռանը՝ Գրիգորիսին, Արցախի թեմի եպիսկոպոս կարգել: Գրիգորիսն ավարտին է հասցրել վանական համալիրի կառուցումը, մեծ համբավ ձեռք բերել և սկսել քրիստոնեությունը տարածել այլ վայրերում: Նա զոհվել է 338թ. Մազքթաց թագավորությունում քրիստոնեություն քարոզելիս և թաղվել է եկեղեցու արևելյան կողմում: Հենց Ամարասում է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում բացել Արցախի առաջին դպրոցը:

Ամարասը վնասվել է ամեն անգամ, երբ զավթիչները ներխուժել են երկիր: 5-րդ դարում այն ավերվել է պարսիկների կողմից, ապա վերակառուցվել է Վաչագան Բարեպաշտի օրոք, կողոպտվել է 7-րդ դարում (640թ.) արաբների կողմից, վերականգնվել  9-դ դարում Դիզակի մելիքի օրոք, նորից է ավերվել 13-դ դարում (1223թ.) մոնղոլական հորդաների հարձակման հետևանքով, ապա  վերակառուցվել դարավերջին, հողին է հավասարեցվել Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ՝ 14-դ դարի վերջին (1387թ.) և հետո վերականգնվել, ապա նորից է ավերվել 17-րդ դարում պարսիկների, հետո նաև օսմանյան թուրքերի կողմից, 18-րդ դարում վերականգնվել է և  շրջապատվել պարսպով Վարանդայի մելիք Շահնազարի կողմից: Ներկայիս եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում շուշեցի հայերի օժանդակությամբ, 1930-ականներից մինչև 1992թ. Խորհրդային Ադրբեջանի կողմից փակված է եղել: Ղարաբաղն անկախանալուց հետո վերաբացել է այն, իսկ անկախացած Ադրբեջանը հարձակվել և կարճ ժամանակով բռնազավթել այն: Վերաազատագրելուց և վերաբացելուց հետո այն վերականգնվել են անկախ Ղարաբաղի իշխանությունների կողմից: Անգամ 2020 թվականի պատերազմից հետո թշնամու անմիջական հարևանությամբ գտնվելու պարագայում շարունակվում են համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքները:

Ամարաս վանական համալիրի պարսպապատերը և պաշտպանական կառուցվածքի տարրերը:

Վանական համալիրը բազմաթիվ անգամներ է վերականգնվել, իսկ 19-րդ դարում գրեթե ամբողջությամբ վերակառուցվել է: Պարիսպները կառուցվել են Վարանդայի մելիք Շահնազարի կողմից:

489թ. Վաչագան Բարեպաշտ թագավորը Գրիգորիսի թաղման վայրում մատուռ է կառուցել և ավարտին հասցրել եկեղեցու շինարարությունը: 5-րդ դարից սկսած Ամարասը եղել է խոշոր կրոնատեղի և եպիսկոպոսական աթոռի նստավայրը:

Եկեղեցու հիմքում ընկած մատուռը և Գրիգորիսի՝ Արցախյան թեմի առաջին առաջնորդի գերեզմանը:Գրիգորիսի տապանաքարը: 1991-1994թթ. Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ Ադրբեջանի ոստիկանական հատուկ ուժերը ժամանակավորապես վերահսկողության տակ էին վերցրել Ամարասի վանքը: Նրանք ավտոմատներից կրակել էին տապանաքարին և կոտրել այն:
Սբ. Գրիգորիսը Հայկական առաքելական եկեղեցու սրբերից է՝ Գրիգոր Լուսավորչի թոռը: Միջնադարյան աղբյուրների համաձայն՝ հայոց թագավոր Տրդատ Երրորդը Գրիգորիսին ուղարկել է Ատրպատականում, Փայտակարանում, Արցախում և Մազքթաց թագավորությունում քրիստոնեություն քարոզելու: 15 տարեկանում ձեռնադրվել է որպես Վրաստանի և Աղվանքի եպիսկոպոս և քրիստոնեություն քարոզել, կառուցել եկեղեցիներ ու ձեռնադրել քահանաներ: Սկզբնապես մազքութները, ովքեր ոգևորված էին քրիստոնեությամբ, նրան լավ են ընդունել: Սակայն Տրդատ Երրորդ արքայի մահից հետո մազքութները փոխել են իրենց վերաբերմունքը և դաժանաբար սպանել երիտասարդ եպիսկոպոսին: Վերջինիս մարմինը բերվել է Արցախի Մյուս Հաբանդ գավառ և թաղվել Ամարասի վանքում, որտեղ էլ 489թ. գերեզմանի վրա տապանաքար է դրվել: Հայ առաքելական եկեղեցին Գրիգորիսի հիշատակության արարողություն է կատարում ամեն տարի եկեղեցական երկու տոների ժամանակ:  
Սուրբ Գրիգորիսի գերեզմանի զարդանախշերըՍուրբ Գրիգորիսի գերեզմանի զարդանախշերը, որոնք բնորոշ են վաղ քրիստոնեական շրջանի շինություններին:
    Սուրբ Գրիգորիս եկեղեցու ներսը

Արաբ զավթիչները վանական համալիրը թալանել են ոչ մեկ անգամ: Պատմում են, որ 1293թ. թաթար Բաթու խանը իր հետ տարել է Սբ. Գրիգորիսի գավազանը և ոսկյա խաչը՝ զարդարված թանկարժեք 36 քարերով, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր հայոց այբուբենի տառերից մեկը:

Նույնիսկ ամենավատ պայմաններում Ամարասը շարունակել է լինել կրոնական և մշակութային կենտրոն: Հատկապես 15-16-րդ դարերում Ամարասում շատ ձեռագրեր են գրվել: Թուրքերի և պարսիկների կողմից վանական համալիրը վնասելուց հետո 17-րդ դարում ամուր պարսպապատեր են կառուցվել շուրջբոլորը: Երբ մեկ դար անց Արևելյան Հայաստանը կցվել է Ռուսական կայսրությանը, Ամարասը ծառայել է որպես ամրոց: Այն որոշ ժամանակով եղել է կայսերական մաքսակետ ռուս-իրանական սահմանին: Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին 1848թ. հաջողվել է այն ետ վերցնել ցարական իշխանություններից, և Շուշիի հայերի օժանդակությամբ 1858թ. հին եկեղեցու տեղում (որը մեծապես տուժել էր ժամանակի արհավիրքներից) նորն է կառուցվել: 19-րդ դարի վերջին վանական համալիրը զգալի քանակությամբ հողեր, այգիներ ու ջրաղացներ է ունեցել: 20-րդ դարում այն կիսել է Խորհրդային Ադրբեջանում գտնվող մյուս եկեղեցիների ճակատագիրը և վերաբացվել 1992թ. որպես Արցախյան թեմի եկեղեցի:

Հին ախոռների մի մասը
Մկրտության քարե ավազան

Հիմա պարսպապատ վանական համալիրը ունի բնակելի հատվածներ և օժանդակ շինություններ, այդ թվում՝ հին ախոռներ: Համալիրի կենտրոնում գտնվող Սբ. Գրիգորիս եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է: Սբ. Գրիգորիսի գերեզմանի վրա կառուցված փոքր մատուռը խորանի տակ է: Այն միանավ սրահ է, որը նախագծված է ճիշտ այնպես, ինչպես Էջմիածնի Սբ. Գայանեյի և Օշական գյուղում Սբ. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանները, որոնք երկուսն էլ թվագրվում են 5-րդ դարով: