Ձևավորվող Ադրբեջանը և դրա հավակնությունները Արցախի հանդեպ

Ձևավորվող Ադրբեջանը և դրա հավակնությունները Արցախի հանդեպ

Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի համար պայքարում նոր զարգացումներ տեղի ունեցան Անդրկովկասում (Հարավային Կովկաս) խորհրդային կարգերի հաստատման ընթացքում։ Խորհրդային իշխանությունը հանգեցրեց նոր քաղաքական կարգի հաստատման։ 1920 թ. Խորհրդային (սովետական) Ադրբեջանի հռչակումից անմիջապես հետո դրա արտաքին հարաբերությունների կոմիսարը «Ադրբեջանի Սովետական Հանրապետության աշխատավորների և բանվորների անունից» գրություն ուղարկեց Հայաստանի Հանրապետություն՝ պահանջելով, որպեսզի հայկական զինված ուժերը լքեն Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքը։ Մերժելու պարագայում Հայաստանը և Ղարաբաղը հայտնվելու էին ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերի, այլև Կարմիր բանակի առջև, որը «հեղափոխություն  էր արտահանում»։

Այս պայմաններում Ղարաբաղի հայերի 10-րդ համագումարը 1920 թ. մայիսի 26-ին Ղարաբաղում հռչակեց սովետական իշխանություն, իսկ Ղարաբաղ-Զանգեզուրում հայկական ուժերի ղեկավար Դրաստամատ Կանայանը և նրա զորամիավորումները դուրս եկան Ղարաբաղից։

Անգամ այս պարագայում Սովետական Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չներառեց Սովետական Ադրբեջանի կազմում՝ հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային հանրությունը 1918-20 թթ. չէր ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ 1920 թ. օգոստոսի 10-ին Սովետական Ռուսաստանը և այդ պահին դեռ անկախ Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի Ղարաբաղում, Զանգեզուրում և Նախիջևանում մտցվելու են սովետական զորքեր, սակայն այդ փաստը չի նախանշելու այս տարածքների վերջնական  պատկանելիության հարցը։ Այսպիսով Ղարաբաղը  Սովետական Ռուսաստանի համար վիճելի տարածք էր, և չէր ընկալվում որպես Ադրեջանի մաս։

Ղարաբաղում սովետական կարգերի հաստատումով սկիզբ դրվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածքի «խաղաղ» զավթողական քաղաքականությանը։ Աստիճանաբար Բաքվի պետական և կուսակցական մարմիններում ղեկավար պաշտոնները զբաղեցրեցին թաթարները (որոնք հետագայում պետք է կոչվեին ադրբեջանցիներ)։ Սակայն այս «խաղաղ» քաղաքականությունը լուրջ դիմադրության արժանացավ Ղարաբաղի հայության կողմից։ 1920 թ. հունիսին հայերը անկախության համար պայքար սկսեցին, որը նույն տարի վերաճեց ուժեղ ազգային ապստամբության։ 1921 թ. հունվարից սկսած Արցախը նորից ազատ էր ու անկախ։ Ղարաբաղի ազատագրական պայքարը ներկայացնելով որպես հակասովետական, Ադրբեջանի իշխանությունները Կարմիր բանակի օգնությամբ ապրիլ ամսվա վերջին կարողացան ճնշել ապստամբությունը։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից անմիջապես հետո (1920 թ. նոյեմբերի 29) Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե – այդ ժամանակ բոլշևիկների գլխավոր ղեկավարող մարմինը) հայտարարություն տարածեց (1920 թ. նոյեմբերի 30), որով հրաժարվում էր «վիճելի տարածքների»՝ մասնավորապես Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի, նկատմամբ  պահանջներից՝ հռչակելով դրանք որպես Հայաստանի անբաժանելի մաս։

1920թ. նոյեմբերի 30

Բոլորին, բոլորին, բոլորին.

Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անունից հայ ժողովրդին հայտնում ենք Ադրբեջանի Հեղկոմի նոյեմբերի 30-ի հետևյալ որոշումը.  

«Ադրբեջանի բանվորների և գյուղացիների կառավարությունը, տեղեկանալով ապստամբած գյուղացիության կողմից Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության հռչակման մասին, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթնակը: Այսօրվաանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները չեղյալ եմ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և ՆԱխիջևանը ճանաչվում են որպես Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության անբաժանելի մասեր: Կեցցես Սովետական Հայաստանի և Ադրբեջանի բանվորների և գյուղացիների եղբայրությունն ու միասնությունը»:

Նարիմանով՝ Ադրբեջանի Հեղկոմի նախագահ

Հուսեյնով՝ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար

Վերոհիշյալ հեռագիրը որպես հռչակագիր ընթարցվել է դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում։ Սակայն նույն տարվա դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովը հրապարակեց նույն փաստաթուղթը, բայց փոփոխություններով. «Նախիջևանի և Զանգեզուրի տարածքները Սովետական Հայաստանի անբաժան մաս են կազմում, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի աշխատավորներին տրվում է ինքնորոշման իրավունք»։ Կատարելով այս խմբագրումները, Նարիմանովը հող էր նախապատրաստում նոյեմբերի 30-ի իր հայտարարությունից հետ կանգնելու համար, չնայած ակնհայտ էր, թե որն էր լինելու Ղարաբաղի պատասխանը, եթե բանը հասներ ընտրության։

1921 թ. հունիսի 3-ին Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոն (Կովբյուրո)՝ Նարիմանովի մասնակցությամբ, միաձայն որոշեց, որ  Ադրբեջանի կառավարության հռչակագրի մեջ պպետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին։

Սովետական Հայաստանի կառավարությունը՝ հիմք ընդունելով Կովբյուրոյի նոյեմբերի 30-ի հռչակագրով, 2021 թ. հունիսի 3-ի Կովբյուրոյի որոշմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություններով  Ադրբեջանի կողմից «վիճելի տարածքների» նկատմամբ պահանջներից հրաժարվելը, հունիսի 19-ին տարածեց հայտարարություն, որտեղ ասվում էր. «հիմք ընդունելով Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդի Հեղկոմի  հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունների միջև համաձայնությունը, այս պահից սկսած Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության մաս է հռչակվում»։

Հայաստանի կառավարության հրամանագիրը տպագրվել է հայկական և ադրբեջանական մամուլում (Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի «Բակինսկիյ ռաբոչիյ» թերթում, 1921 թ. հունիսի 22)։

Աղբյուրը՝ Քարտեզագրության և գեոդեզիայի կենտրոն

Միջազգային հանրությունը և Ռուսաստանը ողջունեցին այս քայլը, որը իր արտացոլումը գտավ Ազգերի Լիգայի խորհրդի բանաձևում՝ Ազգերի Լիգայի քարտուղարության կողմից անդամ պետություններին ուղղված 1921 թ. մարտի 4-ի տեղեկանքով։ Այն նաև հիշատակվել է Սովետական Ռուսաստանի արտաքին հարաբերությունների ժողովրդական կոմիսարիատի 1920-21 թթ. տարեկան զեկույցում, որը ներկայացվել է բարձրագույն ղեկավար մարմնին՝ Սովետների 19-րդ համագումարին։

1921 թ. հուլիսի 4-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գումարված Ռուսաստանի բոլշևիկյան (կոմունիստական) կուսակցության կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) լիագումար նիստը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս է, և որոշեց, «Լեռնային Ղարաբաղը ներառել ՀԽՍՀ կազմում», սակայն ճանաչելով Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դե յուրե երաշխավորելու նպատակով։ Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիմանովը դեմ էր Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միավորմանը և հանրաքվեի անցկացմանը, և առաջարկեց «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը թողել Ռուսաստանի բոլշևիկյան կոմունիսատական կուսակցության կենտրոնական բյուրոյի (ՌԲԿԿԿԲ)  որոշմանը՝ հաշվի առնելով ղարաբաղյան հարցի կարևորությունը Ադրբեջանի համար»։ Այս հայտարարությունից հետո Կովբյուրոն որոշում ընդունեց հարցի քննարկումը հանձնել ՌԲԿԿԿԲ-ին։

Սակայն Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարությունը փոխել էր իր վերաբերմունքը «վիճելի տարածքների»՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Այս քաղաքական քայլը արվել էր ելնելով «համաշխարհային կոմունիստական հեղափոխության» գաղափարը խթանելու անհրաժեշտությունից, որում Ադրբեջանի հետ էթնիկ կապեր ունեցող Թուրքիային վստահվելու էր «դեպի արևելք հեղափոխության ուղենիշ» լինելու դերը։

Հարցի քննարկումը Մոսկվա տեղափոխելու փոխարեն հուլիսի 5-ին հրավիրեց Կովբյորոյի հատուկ նիստ, որը Ստալինի ճնշման ներքո անտեսեց Ազգերի Լիգայի որոշումը և մերժեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշելու համար հանրաքվեի մեխանիզմ կիրառելը (հանրաքվեի արդյունքները կանխատեսելի էին)։ Խախտելով ընթացակարգերը՝ «ելնելով հայերի և մուսուլմանների միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից», որոշում կայացվեց անջատել Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և միացնել  այն Սովետական Ադրբեջանին՝ խոստանալով ազգային ինքնավարություն հիմնել հայաբնակ տարածքներում։

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն 2021 թ. հուլիսի 16-ին իր անհամաձայնությունը հայտնեց Կովբյուրոյի որոշման առնչությամբ։

Ադրբեջանը ձգձգում էր Ղարաբաղին ինքնավարություն տալու հարցը։ 1923 թ. երկամյա պայքարից և ռուսական կոմունիստական կուսակցության հորդորներից հետո Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Ղարաբաղի մի հատվածին տվեց ինքնավար մարզի կարգավիճակ (ԽՍՀՄ Սահմանդրությամբ ամրագրված ոչ-պետական միավորումների տեսակ)։ Այս քայլով Ղարաբաղը անդամատվեց և նրա տարածքի միայն 4400 քկմ. ստացավ ինքնավարություն։ Մարզի կազմից դուրս մնացած տարածքները միացվեցին Սովետական Ադրբեջանին, այդպիսով ստեղծելով ֆիզիկա-աշխարհագրական բաժանում Հայաստանի և հայաբնակ շրջանների միջև։ Այսպիսով, Ազգերի Լիգայի կողմից որպես «վիճելի տարածքներ» ճանաչված հողերի մի մեծ մասն ուղղակիորեն անցավ Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ մի շարք տարածքներ էլ դուրս մնացին Ղարաբաղի ինքնավար մարզից (Գյուլիստան, Քելբաջար, Ղարախաթ կամ Դաշքեսան, Լաչին, Շամխոր և այլն)։ Միայն Շահումյանի շրջանը մնաց որպես առանձին վարչական միավոր Ադրբեջանի կազմում՝ առանց ինքնավարության որևէ կարգավիճակի։ Հայաբնակ մյուս շրջանների վարչական սահմանները շարունակաբար փոփոխվել են և 1988 թ. ընդգրկվել են Խանլարի, Քեդեբեկի և Շամխորի շրջանների մեջ։ Բացի դրանից, Հայաստանը այժմ Ղարաբաղից բաժանվեց նաև նոր հռչակված Կարմիր Քուրդիստանի ինքնավարությամբ, որը, սակայն, կարճ ճամանակ անց՝ 1929 թ., դադարեց գոյություն ունենալ և այդ տարածքները ամբողջովին միացվեցին Ադրբեջանին։

Ութ անձից բաղկացած կուսակցական մարմնի՝ Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը, աննախադեպ իրավական ակտ է միջագային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը՝ առանց որևէ իրավական հիմքի կամ լիազորությունների, որոշում է կայացնում այլ տարածքային միավորի կարգավիճակի վերաբերյալ՝ անջատելով մի երկրից և կցելով մյուսին՝ հաշվի չառնելով բնիկների կամքը։

Իրավական հիմքի բացակայությունը որոշիչ գործոն չհանդիսացավ նաև 1921 թ. մարտին, երբ հայկական Նախիջևանը «թուրքական տարրի» առկայության պատրվակով և Թուրքիայի ճնշման ներքո կցվեց Ադրբեջանին (զարմանալիորեն Ադրբեջանը նույնիսկ ընդհանուր սահման չուներ Նախիջևանի հետ)։

930-ականներին Հայաստանի տարածք հանդիսացող Սյունիքի (Զանգեզուր) շրջանից փոքր հողատարածքներ ևս տրվել են Ադրբեջանին։ Եթե Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի պարագայում թեև ձևականորեն, բայց տրվել էր ինքնավարության որոշ աստիճան, ապա այս շրջանները ուղղակիորեն կցվել են Ադրբեջանին և քարտեզի վրա սահմանագծերը փոխվել են։ Այս ամենը «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունն էր գործողության մեջ։