Շուշիի երկրաբանության թանգարան

Երկրաբանության պետական թանգարանը

Զավթված է և թալանված:

2014թ. սեպտեմբերի 1-ին Շուշիում՝ Մեսրոպ Մաշտոցի 32 հասցեում գտնվող վերականգնված հնամյա շինությունում, բացվեց Երկրաբանության պետական թանգարանը: Այն հիմնադրվել է Գրիգորի Գաբրիելյանցի կողմից, ով թանգարանին է նվիրաբերել իր անձնական երկրաբանական հավաքածուն: Նա եղել է խորհրդային շրջանի քաղաքական ծանրակշիռ գործիչ, ԽՍՀՄ երկրաբանության վերջինը նախարարը: 

Թանգարանի հավաքածուն ներառում էր տարբեր ապարների և հանքանյութերի ավելի քան 700 ցուցանմուշներ աշխարհի տարբեր մայրցամաքների 48 երկրներից: Ցուցադրվում էին հետաքրքիր նմուշներ Ռուսաստանի Դաշնության 20 մարզերից՝ հիմնականում Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուից։ Հետաքրքրություն ներկայացնող ցուցանմուշներ են եղել նաև Ղարաբաղից։ Մեծ գունավոր քարտեզը և այլ նյութերը պատմում էին Արցախի օգտակար հանածոների մասին: Թանգարանում ցուցադրվում էին հազվագյուտ երկրաբանական գտածոներ, որոնցից ամենահինը 1 միլիարդ 200 միլիոն տարեկան էր: Ցուցադրվել են հարյուրավոր միլիոններից մինչև միլիարդավոր տարիների վաղեմության և ողջ աշխարհում երկրաբանության տեսակետից հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ օգտակար հանածոներ:

Թանգարանում լայնորեն ներկայացված էին երկրաբանական գտածոներ ամբողջ Ղարաբաղից՝ հիմնականում օգտակար հանածոներ և հանքանյութեր, որոնցից ամենահինը 146 միլիոն տարեկան էր։ Շուշիի երկրագիտական ​​թանգարանում կարելի էր տեսնել նաև Աստղաշեն գյուղից հայտնաբերված քարե աստղերը (շուշանի քարացած ծիլեր), որոնք դեռևս հիմնովին ուսումնասիրված չեն: 

Թանգարանի ամենահետաքրքիր ցուցանմուշներից էին  քարացած ծովաստղերը, ծովային ֆաունայի այլ նմուշներ, որոնք հայտնաբերվել են հողի հնագույն, խորը շերտերում: Գիտնականների կարծիքով՝ մինչև ցամաքի վերջանական կազմավորումը Ղարաբաղի տարածքը համաշխարհային օվկիանոսի մաս է կազմել, ինչը բացատրում է նման գտածոների ծագումը:

Թանգարանում այցելուները կարող էին տեսնել նաև քարացած ամոնիտի խեցի՝ հնագույն ծովային կենդանի, որը վերացել է 67 միլիոն տարի առաջ դինոզավրերի հետ միասին: Խեցին հայտնաբերվել էր Ղարաբաղի Սյուզնեկ գյուղում և վկայում է այն մասին, որ Ղարաբաղի տարածքը մոտ 200 միլիոն տարի առաջ օվկիանոսով է ծածկված եղել:

Թանգարանի ամենահետաքրքիր ցուցանմուշներից էր այն քարը, որի վրա մի քանի հազար տարվա տարբերությամբ երկու ձկների հետքեր էին պահպանվել։ Բացի այդ ամենից, թանգարանի այցելուներին հնարավորություն էր տրվում վայելելու հանքանյութերի հավաքածուի ցոլքը ուլտրամանուշակագույն ճառագայթման ներքո, ինչպես նաև հոգեբանական թեստ անցնել և պատկերներ տեսնել սկոլեցիտ քարի մեջ: 

Աղբյուրը՝ https://russia-armenia.info/node/74567