Ճարտարապետության արցախյան դպրոցը

Ճարտարապետության արցախյան դպրոցը

Հազարամյակներ շարունակ ճարտարապետությունը կարևոր դեր է խաղացել հայկական մշակույթում։ Բացի իր գեղարվեստական արժեքից, այն նաև պատմության արժանահավատ աղբյուր է. տարբեր տեսակի ճարտարապետական նմուշների նախշերը թվագրվում են հին ժամանակներով և ներկայացնում են ազգի երկարամյա պատմության բազմաթիվ շերտերը:

Այն, ինչ կարելի է անվանել «ճարտարապետական շինարարություն», Հայաստանում սկսվել է դեռևս ուշ քարի դարից։ Հայաստանի մայրաքաղաք Երևանի մերձակայքում և նրանից ոչ հեռու կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. 4-րդ և 3-րդ հազարամյակների շրջանաձև և ուղղանկյուն կացարաններ՝ շրջապատված լայն պարիսպներով, ինչպես նաև քաղաքային հատակագծերում ընդգրկված պաշտամունքի վայրեր։ Առաջադեմ ճարտարապետական ժառանգությունը նկարագրում է մ.թ.ա. 9-րդ դարը՝ Արարատյան թագավորության (այլ կերպ հայտնի՝ որպես Ուրարտուի կամ Վանի թագավորություն) ժամանակաշրջանը: Էրեբունին՝ ուրարտական քաղաքներից մեկը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի թագավորի կողմից. այն ներկայիս Երևանն է։

Ինչպես պատմական Հայաստանի մյուս բոլոր գավառները, այնպես էլ Արցախը հարուստ է տարբեր դարաշրջանների պատմական և մշակույթային հուշարձաններով։ Վաղ միջնադարից մինչև 19-րդ դար թվագրվող հուշարձանների թիվը հասնում է մի քանի հազարի։ Միայն 5-րդ դարում կառուցվել են մի քանի հարյուր եկեղեցիներ և տաճարներ, սակայն մինչ օրս քիչ թվով նմուշներ են պահպանվել։ 

Հիմնականում 20-րդ դարի վերջին քառորդում էր, որ հայ, ինչպես նաև օտարերկրյա հետազոտողները սկսեցին հիմնովին ուսումնասիրել արցախյան ճարտարապետությունը։ Նրանց աշխատանքները պարզորոշ ցույց տվեցին, որ մյուս՝ Անիի, Սյունիքի, Լոռու և Վասպուրականի դպրոցների կողքին միջնադարյան հայ ճարտարապետության մեջ գոյություն ուներ Արցախի դպրոցը։ Մոտավորապես այս շրջանում և, հավանաբար, հայ և արտասահմանցի գիտնականների հետաքրքրության պատճառով ադրբեջանցիները սկսեցին ուշադրություն դարձնել Արցախի ճարտարապետական հուշարձաններին։ Նրանց աշխատանքները, սակայն, ուղղված էին ի սկզբանե նրանց առջև դրված նպատակը հաստատելուն՝ ներկայացնելու բոլոր հուշարձանները որպես աղվանական։ Աղավաղումն ու իրական դրդապատճառն այնքան ակնհայտ էին, որ նույնիսկ արտասահմանցի գիտնականներն առարկեցին։ Երբ ադրբեջանցիները փորձում էին Գանձասարը, ի թիվս այլոց, ներկայացնել որպես աղվանական, Ա. Յակոբսոնը վրդովված գրեց, որ ադրբեջանցիներին չեն անհանգստացնում ո՛չ տաճարի պատերի բազմաթիվ գրությունները, որոնք տաճարի տարիքին էին, ոչ կառուցման ժամանակը՝ 13-րդ դարի առաջին կես, երբ Աղվանքը վաղուց գոյություն չուներ, ոչ էլ տաճարի և գավթի ձևերը, որոնք զուտ հայկական են։

Արցախում գտնվող հուշարձանների բոլոր արձանագրությունները, որոնք վերաբերում են դրանց կառուցմանը, հայերեն են։ Դրանց մի մասը ավելի ուշ՝ խորհրդային ժամանակաշրջանում, հեռացվել են ադրբեջանցիների կողմից. բարեբախտաբար, դրանցից առնվազն մի քանիսն ավելի վաղ արձանագրվել էին:

Ամարասի վանական համալիր       Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Վաղ միջնադարից արցախյան ճարտարապետությունը ընդհանուր առմամբ հետևել է հայկական ճարտարապետությանը բնորոշ զարգացման միտումներին։ Ցավոք, 4-7-րդ դարերով թվագրվող շատ քիչ հուշարձաններ են պահպանվել։ Այդ մի քանի և շատ կարևորներից է Ամարասի վանքը, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Ամարասը մի քանի դար եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ Երբ 338 թվականին Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, ով դարձել էր Արցախի առաջին կաթողիկոսը, սպանվեց հարևան երկրներում քրիստոնեություն քարոզելու ժամանակ, նրան թաղեցին Ամարասում։ Վաչագան Բարեպաշտ թագավորի ժամանակ, սակայն, եկեղեցին արդեն կա՛մ վատ վիճակում էր, կա՛մ ավերված, և թագավորը 489 թվականին Գրիգորիսի գերեզմանի վրա գերեզման-մատուռ կառուցեց: Ի սկզբանե գետնի մակերևույթից կիսով չափ բարձրության այս մատուռը մինչ օրս գոյություն ունի Ամարասի վանքի ներկայիս եկեղեցու տակ։

Գերեզմանի պատերին արված արմավենիների հարթաքանդակները, ինչպես նաև այլ տարրեր բնորոշ են 4-7-րդ դարերի հայկական ճարտարապետությանը, և բուն դամբարանը, ընդհանուր առմամբ, զգալի նմանություն ունի 5-րդ դարի մեկ այլ դամբարանի՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղում թաղված  հայ գրերի գյուտարար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի հետ։ Գրիգորիսի դամբարանը կարևոր նշանակություն ունի 4-7-րդ դարերի հայկական ճարտարապետության տարբեր ձևերի նկարագրության և էվոլյուցիայի բացահայտման առումով։

Արցախի վաղ քրիստոնեական ճարտարապետության մեկ այլ կարևոր նմուշ է Օխտը դռնի վանքը (Յոթ դռան վանքը), որը կառուցվել է 6-րդ դարում ԼՂՀ Հադրութի շրջանի Մոխրենս գյուղի մոտ գտնվող դժվարամատչելի վայրում։ Այն կառուցվել է մ.թ. առաջին դարերից հայկական շինություններում տարածված քարաշեն ոճով («միդիս»)։ Ցավոք, այս հուշարձանը մեծ մասամբ ավերված է, սակայն դրա որոշ տարրեր ակնհայտորեն հիշեցնում են Երևանից ոչ հեռու գտնվող Եղվարդի բազիլիկ եկեղեցին (4-7-րդ դդ.): Այնուամենայնիվ, որոշ այլ առանձնահատկություններ, ինչպիսիք են օմեգա տառի ձև ունեցող խորշերը, եզակի են: Այս հուշարձանը կարևոր է նաև նրանով, որ այն չունի վերակառուցման հետքեր, հետևաբար նրա ձևերն ինքնատիպ են։ 

Ճակատագիրը հայտնի չէ 2020թ. բռնազավթումից հետո:
Վանքասարի եկեղեցի

Վաղ միջնադարի մեկ այլ հուշարձան է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանքասարի (Վաչագանի եկեղեցի) 7-րդ դարի եկեղեցին։ Պատկանում է փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցիների եռանավ ենթատեսակին։ Նրա պատերի արձանագրությունները հիշեցնում էին Հայաստանի Հանրապետության Սիսիանի շրջանի Սուրբ Հովհաննես եկեղեցու վրա արված նշանները։

Արցախում վաղ միջնադարից հայտնի այլ շինություններ չկան, թեև որոշ տարրեր պահպանվել են որպես այլ հուշարձանների մաս, օրինակ՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Բռի Եղցի համալիրում։

Քանի որ 9-11-րդ դարերում Հայաստանը բաժանված էր, երկրի տարբեր մասերում ձևավորվեցին առանձին ճարտարապետական դպրոցներ: Դրանք մեծ մասամբ հիմնված էին 7-րդ դարի շինարարական արվեստի վրա, սակայն տարբեր ժամանակաշրջաններում ի հայտ եկան տարբերություններ։ 12-13-րդ դարերում առանձին ճարտարապետական դպրոց ստեղծվել է նաև պատմական Հայաստանի Արցախ նահանգում։ Արվեստի գործերը, որոնք հետագայում դարձան Հայաստանի ամենաարժեքավոր մշակութային ժառանգության մաս, ստեղծվեցին հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Խաչենի թագավորությունը, հաջողությամբ դիմակայելով թաթար-մոնղոլական արշավանքներին, հզորացավ։ Հիմնականում վանական համալիրներն էին՝ Գանձասարը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտիչ վանքը, Բռի Եղցի համալիրը և այլն, որ դարձան արցախյան ճարտարապետական դպրոցի գլուխգործոցները։

Գանձասարի վանական համալիր

Գանձասարի վանքը ներառում է եկեղեցին, գավիթը, վանականների խցերը, օժանդակ շինությունները և 19-րդ դարում ավելացված երկհարկանի դպրոցը։ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին դրսից ուղղանկյուն է, իսկ ներսից՝ խաչաձև, չորս կողմերում երկհարկանի ավանդատնով, որը բնորոշ է 10-14-րդ դարերի հայկական ճարտարապետությանը։ Ինտերիերը կառուցված է սրբատաշ քարերով, որը նախատեսված չէ որմնանկարների համար։ Որոշ տարրեր հիշեցնում են Արթիկ քաղաքից ոչ հեռու գտնվող Հառիճավանքի գլխավոր եկեղեցին (13-րդ դար), գավիթն ընդհանրություններ ունի Լոռու մարզի Հաղպատի վանքի հետ, իսկ սեղանատունը (17-18-րդ դդ.) նման է Գնդեվանքի, Տաթևի և Խոր Վիրապի սեղանատներին. բոլոր այս օրինակները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

Դադիվանքը, որը կառուցվել է Թադեոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ Դադիի հիշատակին, սկզբնապես հիմնադրվել է 1-ին դարի երկրորդ կեսին։ Նրա այժմյան կանգուն շենքերը թվագրվում են 12-13-րդ դարերին։ Համալիրը բաղկացած է երկու մասից. հյուսիսային մասը ներառում է վանքի չորս եկեղեցիները, գավիթն ու զանգակատունը, իսկ հարավայինը՝ աշխարհիկ շինությունները։ Գլխավոր եկեղեցին (1216-1238թթ.) նախագծով նման է Հայաստանում գտնվող շատ այլ եկեղեցիների, այդ թվում՝ Արցախի Գանձասարի գլխավոր եկեղեցուն։ Քանի որ Գանձասարի շինարարությունը սկսվել է Դադիվանքի գլխավոր եկեղեցու կառուցումից երկու տարի անց, շատ հավանական է, որ դրա վրա աշխատել է նույն ճարտարապետը կամ վարպետ-շինարարների նույն խումբը։ Դադիվանքի Կաթողիկեն, սակայն, տարբերվում է մյուսներից համամասնություններով և կառուցվածքի մի քանի տարրերով։

2020 թ, ադրբեջանական ագրեսիայից հետո շրջափակված է և Արցախից կտրված :
Դադիվանք վանական համալիրի տեսքը  ուղղաթիռից

Դադիվանքի եկեղեցիներից մեկը, որը կրկին կառուցվել է 13-րդ դարում, ունի հետաքրքիր գմբեթ, որի թմբուկը մասամբ քարից է, մասամբ՝ աղյուսից։ Աղյուսե շենքերը, թեև հազվադեպ չէին, բայց շատ տարածված չէին։ Այլ եկեղեցիներ, որոնց կառուցման մեջ օգտագործվել է աղյուս, կարելի է գտնել Սյունիքում` (պատմական Հայաստանի նախկին Սյունիք նահանգ), այժմյան Հայաստանի Հանրապետության՝ Արցախին/Ղարաբաղին հարակից մարզում, և Նախիջևանում, որը  պատմականորեն միշտ հայկական է եղել, սակայն այժմ Ադրբեջանի իրավասության տակ է։ Համալիրի աշխարհիկ շենքերից ճարտարապետության կարևոր նմուշ է 1211 թվականի պալատը, որն այն քչերից է, որ պահպանվել է։ Կից գրչատունն ունի նույն ձևը, ինչ Հաղպատի, Սանահինի, Գոշավանքի, Սաղմոսավանքի և Հոռոմոսի վանքերինը։ 13-16-րդ դարերին թվագրվող այդ գրչատան ձեռագրերի մի մասը բարեբախտաբար հասել է մեր օրեր։ Կան նաև Հայաստանի վանքերին բնորոշ հյուրատուն և աշխարհիկ նպատակներին ծառայող որոշ այլ շինություններ։

Գտչավանքը կամ Գտիչ վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում, սակայն այժմյան շինությունները 12-13-րդ դարերի են։ Վանքը գործել է մինչ 1868թ. երկրաշարժից մասնակի ավերվելը։ Այն վերակառուցման փուլում էր մինչև 2020թ. բռնազավթումը: Եկեղեցու գմբեթը 10-11-րդ դարերում գերիշխող ոճի արտացոլումն է և բնորոշ է Հայաստանի Բագրատունյաց եկեղեցիներին, իսկ եկեղեցին ընդհանուր առմամբ կառուցված է Բագրատունիների օրոք ձևավորված՝ Անիի ճարտարապետական դպրոցի ավանդույթներով։

Մարտունու Հացի գյուղի Բռի Եղցի համալիրը եզակի նշանակություն ունի Արցախի ճարտարապետական դպրոցի ուսումնասիրության համար։ Համալիրի երկու եկեղեցիները, որոնք կառուցվել են 13-րդ դարում, կիսում էին ընդհանուր գավիթը, երրորդ եկեղեցին կանգնած է առանձին, բլրի գագաթին գտնվող հին գերեզմանոցի մոտ, մինչդեռ չորրորդ եկեղեցին կառուցվել է բլրի ստորոտին, մյուսներից հեռու: Համալիրի մաս են կազմում նաև 13-րդ դարի առանձնացված  որմնափակ խաչքարներով կամարաձև խորշերը: Նման կառույցներ կարելի է հանդիպել ՀՀ Սյունիքի մարզում։

Եղիշե առաքյալի վանքը                Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի

Եղիշե Առաքյալի վանքը, որը կոչվում է նաև Ջրվշտիկ, գտնվում է ներկայիս ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Մինչ օրս կանգուն մի քանի շինություններից բաղկացած կարևոր նշանակության այս վանքը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է հնագույն հեթանոսական սրբավայրի վրա և ոչ միայն այն վայրն է, որտեղ թաղված է առաքյալը, այլև Արցախի հավանաբար ամենանշանավոր արքայի՝ Վաչագան Բարեպաշտի, ինչպես նաև Մելիք Ադամի հանգստավայրն է։ Շենքերը, սակայն, Արցախի ճարտարապետական դպրոցի ժամանակներից են։

Բազմաթիվ այլ վանքեր ու եկեղեցիներ, իշխանների պալատներ և մելիքների կալվածքներ կարելի է համարել որպես Արցախի ճարտարապետության կարևոր նմուշներ։ Արցախում վանական համալիրների և եկեղեցիների ամենատարածված առանձնահատկությունները եղել են միջնադարյան Հայաստանում պաշտամունքային շինությունների գերակշռող տիպերը՝ միանավ բազիլիկ, գմբեթավոր սրահներ և եկեղեցիների «փակ խաչ» տիպի կառուցվածք։ Սա չի նշանակում, որ այլ տեսակներ, օրինակ՝ «ազատ խաչ», միախորան տիպ կամ այլ տեսակներ չեն եղել։ Արցախյան ճարտարապետության տեղական առանձնահատկությունները հիմնականում պահպանվել են մինչև 17-18-րդ դարերը, երբ Արցախ եկան նաև ամբողջ Հայաստանում տարածում ստացած քառասյուն կառույցներն ու եռանավ բազիլիկները և կառուցվեցին վանք-ամրոցներ։ Կան մի քանի այլ բնորոշ հատկանիշներ, որոնք, սակայն, դուրս են այս կայքի շրջանակներից կամ նպատակներից: Նպատակը նրանց գեղեցկությունը ցուցադրելն է, և հույսով՝ փոխանցել նրանց շուրջ տիրող վեհ ու հանդիսավոր մթնոլորտը:

Հայկական բազմաթիվ հուշարձանների ոչնչացման առանձնահատուկ պատճառներից մեկը, թեև, իհարկե, ոչ միակը, տարբեր գանձեր փնտրելու նպատակով հնագույն տաճարների, դամբարանների, պալատների և ամրոցների կողոպուտն ու «զուգահեռ» ավերումն էր: Արցախն ուներ հեթանոսական ժամանակների մեծ թվով տաճարներ, եկեղեցիներ, պալատներ և կալվածքներ, որոնք պատկանում էին թագավորներին, իշխաններին, մելիքներին, կաթողիկոսներին և եպիսկոպոսներին։ Ինչպես Թուրքիայիում տեղի բնակչությունը բազմիցս փորում էր հայկական հուշարձանների տակ  ու բնակավայրերը Ցեղասպանությունից և հայերի տեղահանությունից հետո հայերի իբր թաքցրած ոսկին փնտրելու նպատակով, այնպես էլ Արցախի հուշարձանները պղծվել են տվյալ մշակույթը չկրողների կողմից: Այսպիսով, հայ բնակչության բռնի տեղահանումը, հուշարձաններն ու պաշտամունքային վայրերը անտեսելը և անուշադրության մատնելը, ադրբեջանական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացման քաղաքականության հետ մեկտեղ, ինչպես նաև գողերին գործելու ազատություն տալով, հանգեցրին այն տխուր փաստին, որ այժմ հարյուրավոր հուշարձաններ պահպանվել են ավերակների տեսքով: Դրանց մի մասի վերաբերյալ միայն հիշատակություններ են մնացել պատմական աղբյուրներում, իսկ հուշարձանները կորսված են որպես բնիկ ժողովրդի մշակութային ժառանգություն: Այնուամենայնիվ, նույնիսկ ավերակները վկայում են ճարտարապետության մեջ մեծ ձեռքբերումների մասին և իրենց շուրջ պահպանել են հոգևոր անբացատրելի մթնոլորտ:

Արցախում հայկական եկեղեցու դերակատարությունը և ազդեցությունը մեծ էր նաև այն պատճառով, որ հարևան Աղվանքը (Կովկասյան Ալբանիա) Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական գերիշխանության ներքո էր այնչափ, որ նրա եպիսկոպոսները ձեռնադրվում էին Հայոց կաթողիկոսի կողմից, իսկ աղվանական եկեղեցում, ըստ տեղեկությունների, որպես ծիսակարգային լեզու օգտագործում էր հայերենը: Այդ դերը առավել մեծացավ, երբ Արցախը և Աղվանքը ժամանակ առ ժամանակ պարսից գերիշխանության ներքո տարածքային մեկ միավորի մեջ էին ներառվում, իսկ Ամարասում կամ Գանձասարում եպիսկոպոսները/կաթողիկոսները պատասխանատու էին նաև ողջ Աղվանքի համար (Աղուանքը կամ Աղվանքը Կուր գետից հյուսիս տարածվող Կովկասյան Ալբանիայի հայերեն անվանումն է, մինչդեռ Բուն Աղվանքը Հայաստանի կազմում էր և տարածվում էր Կուր և Արաքս գետերի միջակայքում, իսկ անունը ծագում է հայոց նախահայրերից): Գրիգոր Լուսավորիչը, ով Հայաստանը քրիստոնյա է դարձրել, հիմնել է առաջին վանքը Ամարասում, իսկ նրա թոռ Գրիգորիսը դարձել է Արցախ-Աղվանքի առաջին եպիսկոպոսը:

Չնայած Արցախում հայտնի եկեղեցիների և վանական համալիրների քանակը փոքր չէ, և յուրաքանչյուրը տեսնելու հատուկ պատճառ կա, երկրի մասին չի կարելի խոսել առանց հիշատակելու Գրիգոր Լուսավորչի հիմնադրած Ամարասի վանական համալիրը; 13-րդ դարի Դադիվանքի վանական համալիրը՝ կառուցված Հայաստանում քրիստոնեություն քարոզած Թադեոս առաքյալի (այստեղից էլ առաջացել է Հայ Առաքելական եկեղեցի անունը) հետևորդ Դադիի պատվին; 13-րդ դարում կառուցված Գանձասարի վանական համալիրը՝ «հայկական եկեղեցական ճարտարապետության հանրագիտարանը»; Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի եպիսկոպոսական աթոռանիստը, 4-6դդ Ծիծեռնավանքի բազիլիկ եկեղեցին, 13-րդ դարի հրաշք Գտչավանքը: Գուցե տրամաբանական կլիներ ավելի շատ եկեղեցիների և վանական համալիրներ ներկայացնել այս բաժնում, սակայն, մյուս կողմից, դրանց ներկայացումը ըստ գտնվելու տարածքի ավելի նպատակահարմար է սույն կայքէջի համար: Այդ պատճառով,  մնացած բազում եկեղեցիներից մի մասի մասին կխոսվի համապատասխան շրջանների, քաղաքների, միջավայրի մասին բաժիններում:  Պարզ կդառնա, որ մնացածները պակաս կարևոր կամ գեղեցիկ չեն:

Այս տեքստը հիմնված է Մուրադ Հասրաթյանի գրքերի վրա: