Գտչավանք

Գտչավանք

Բռնազավթված է 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով: Վիճակն անհայտ է:

Հինավուրց Մյուս Հաբանդ գավառում, որը հետագայում կոչվել է Դիզակ, իսկ այժմ Հադրութի շրջանն է, Տող, Տումի և Թաղեր գյուղերի միջև՝ լեռան գագաթին, ժամանակին ամրոց է եղել, որը տարբեր անվանումներ է ունեցել՝ Կտիշ, Կտիչ, Գտիչ, հետո՝ Տողի ամրոց: Հիմա ամրոցից միայն ավերակներ են մնացել: 9-րդ դարում արաբ զավթիչների զորքերը շրջապատել են ամրոցը, սակայն իշխան Աբու Մուսեհը, ով ապստամբել էր արաբների դեմ, չի հանձնվել, և ամիսներ տևած պաշարումից ու մեծ կորուստներից հետո արաբները ստիպված են եղել հաշտություն առաջարկել:

Վանքի ճակատագիրը 2020թ. բռնազավթումից հետո անհայտ է:
Գտիչ վանքի (Գտչավանքի) տեսքն ուղղաթիռից: Ամրցոը գտնվում էր աջ կողմում երևացող լեռան գագաքին:

Տողասարում (Տող լեռ) կառուցված Գտչավանքը կամ Գտիչ վանքը (Գտիչ վանական համալիր), որը կոչվել է նաև Տիլնա վանք, և բաղկացած է  գմբեթավոր եկեղեցուց և գավիթից, Արցախի հայկական ճարտարապետության ամենավառ օրինակներից է: Տեղի արձանագրությունների համաձայն՝ ներկայիս եկեղեցու շինարարությունը սկսվել է 1241թ. և ավարտին հասցվել 1248թ. Ամարասի երկու վանականների՝ Սարգիս և Վրթանես եղբայրների կողմից: Գավիթին կից եկեղեցին, որն ամբողջությամբ ավերված է, ավելի վաղ շրջանում է կառուցվել: Պատմական տարեգրություններում վանական համալիրը հիշատակվում է 8-րդ դարում: Այն եղել է գրչության և ուսումնասիրությունների կարևոր կենտրոն ու մելիքների կողմից արժանացել է պատշաճ ուշադրության: Հայտնի փաստ է նաև, որ հեղինակավոր գրող Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» գրելիս հիմնվել է Գտչավանքի վանահայր, վարդապետ Առաքել Կոստանյանցի աշխատանքներում արված պատմական հիշատակությունների վրա:

Գտչավանքը վերականգնումից հետո: Լուսանկարը տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Րաֆֆի Քորթոշյանը:

12-14-րդ դարերը վանական համալիրի ծաղկման ժամանակահատվածն են եղել: Այն բաղկացած է եղել երկու կից եկեղեցիներից, գավիթից և բնակելի շինություններից: Վանական համալիրին էին տրամադրվել նաև ընդարձակ հողատարածքներ: 15-րդ դարում Գտիչը դարձել էր  ձեռագրական կենտրոն: 1868թ. երկրաշարժի արդյունքում միանավ եկեղեցին քանդվել է, իսկ հիմնական գմբեթավոր եկեղեցին՝ վնասվել, ինչից հետո դրանք այլևս չեն օգտագործվել: Մինչև 2020թ. բռնազավթումը այն վերականգնվում էր ԼՂՀ կառավարության կողմից: