Արցախի զինված ուժերը

Արցախի զինված ուժերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը (նաև՝ Արցախի Հանրապետության զինված ուժեր, Արցախի ՊԲ, նախկինում՝ Արցախի ինքնապաշտպանական ուժեր), Արցախի Հանրապետության ԶՈւ-ն է, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Այն ձևավորվել է Արցախի Ինքնապաշտպանական ուժերի վերակազմավորմամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի զինված ուժերի աջակցությամբ և սերտ համագործակցությամբ։

1988-ին սկիզբ առած՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի ընթացքը կարճ ժամանակ անց հուշում էր, որ դեպքերի զարգացումը տանում էր դեպի լայնածավալ առճակատում: Ադրբեջանն ընդունեց ռազմաքաղաքական նոր կուրս, ըստ որի հայերի հետ հարաբերություններ պարզելու համար վճռական դեր պիտի խաղար ուժի գործոնը: Միասնական հրամանատարության ներքո գործող բանակի ստեղծման խնդիրը արցախցիների համար հետզհետե դարձավ հրատապ անհրաժեշտություն:
Սկզբնական շրջանում իրադարձություններն այնպես ծավալվեցին, որ կանոնավոր, կենտրոնացված բանակ ստեղծելու գաղափարն իրացնելու անգամ ժամանակ, առավել ևս` անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ չկային: Սակայն բոլորն էլ անվերապահորեն համոզված էին, որ պետք էր կազմակերպել ամուր և հստակ ինքնապաշտպանություն: Այդպես ի հայտ եկան առաջին կամավորական ջոկատները, որոնց շարքերն օր-օրի ավելի էին ստվարանում: Մերձակա բնակավայրերում տեղակայված ադրբեջանցիների ոտնձգությունները կանխելու նպատակով Արցախի մի շարք գյուղերում կազմավորվեցին ինքնապաշտպանական խմբեր: Այդ գործընթացն ավելի արագ կյանքի կոչվեց մարզկենտրոն Ստեփանակերտում: Ջոկատները հիմնականում կազմավորվում էին ընկերականության հիման վրա: Յուրաքանչյուր մարտիկ ինքն էր ազատ կերպով ընտրում իր խումբը, հատկապես Ստեփանակերտում: Գյուղական վայրերում խմբերը ստեղծվում էին ըստ բնակության վայրի, աշխարհագրական հիմունքով:
Այդ օրերին ուժերի արդյունավետ կենտրոնացման նպատակով ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի մարզային շտաբ, որի մեջ մտան բոլոր խմբերի հրամանատարները:
Արդեն 1991թ. վերջերին և 1992թ. սկզբներին Արցախի տարածքում կազմավորվել էին 10-ից ավելի դասակներ ու վաշտեր, որոնց մեջ ընդգրկված էր շուրջ հազար կամավորականներ: Սա թերևս առաջին կարևոր քայլերից մեկն էր կանոնավոր բանակի ստեղծման ճանապարհին, որն արվում էր հընթացս ռազմական գործողությունների: Իրավիճակն ինքն էր հուշում դեպքերի զարգացման հաջորդականությունը: Յուրաքանչյուր նախաձեռնություն ծնվում էր` ելնելով գործնական փորձից: 

1992թ. մարտի 10-ին Մոսկվայից ստացվեց հրաման Ստեփանակերտից 366-րդ մոտոհրձգային գնդի դուրս բերման մասին: Դրանով Կրեմլն օրակարգից հանեց երբեմնի «միասնական հայրենիքի» հարավային սահմանագծում ապրող ժողովրդի պաշտպանության հարցը: Ամեն ինչ թողնվեց բախտի քմահաճույքին: Միակ հավատը սեփական ուժն էր։

Ղեկավարվելով «ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով և ելնելով հանրապետության տարածքում ստեղծված ռազմական բարդ իրադրությունից, նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար, մինչեւ ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը, ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր 1992թ. մարտի 26-ին ստեղծվեց Պաշտպանության կոմիտե: Այն իր ողջ գործունեությունը պետք է կազմակերպեր ԼՂՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա:
Ռազմական գործում կառավարման պետական համակարգի ձեւավորումը բնականաբար խիստ դրական եւ արդյունավետ անդրադարձավ ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորման եւ նրա զարգացման հետագա ընթացքի վրա: Մինչ այդ տարանջատ ֆիդայական-կամավորական ջոկատների գործունեության կենտրոնացումը ծավալվող պատերազմի ընթացքում դարձավ հաջողության երաշխիքներից մեկը:

Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ձևավորման 20-ամյակին նվիրված զինվորական շքերթ Ստեփանակերտում 2012թ. մայիսի 8-ին:

Արցախի Հանրապետության ՊԲ-ի հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1992 թվականի մայիսի 9-ը (փաստացի 1991թ․ սեպտեմբերի 2), քանի որ Շուշիի ազատագրման ռազմագործողությունն առաջինն էր, որը կազմակերպվել ու իրականացվել էր գրավոր ռազմական պլանի հիման վրա։ ՊԲ գլխավոր շտաբը բանակի հիմնադրման օրից մինչ այսօր գտնվում է Ստեփանակերտ քաղաքում։ 

Աղբյուրը՝ http://nkrmil.am/history-of-defence-army/view/39?fbclid=IwAR3Mu7G7sTFATS8PxwntFWwsotNx3-lke0kCA5ExMrIM0aErnL8Im0I_RMw