1994 թվական

1994թ. Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձ կատարեց իրավիճակի վերահսկողությունը իր ձեռքը վերցնելու համար՝ մարտական գործողություններ սկսելով առաջնագծի ողջ երկայնքով՝ Օմարի լեռնանցքից մինչ Արաքսի հովիտ։ Չնայած ծանր կորուստներին, նրանց համառությունը հաջողություն չունեցավ։ Փետրվարի սկզբին հայկական ուժերը ոչնչացրին ադրբեջանական հենակետերը Օմարի լեռնանցքում, իսկ փետրվարի 18-ին հյուսիսային հատվածը, ներառյալ նաև Օմարի լեռնանցքը,  ամբողջությամբ անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ։ Այդպիսով, Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը ամբողջությամբ անցավ ԼՂՀ հսկողության տակ։

Փետրվարի վերջին և մարտի սկզբին մարտերը զարգացան ճակատի հարավ-արևելյան սահմանին։ Զրահատեխնիկայի, հրետանու և օդուժի օժանդակությամբ ադրբեջանական զորքերը փորձեցին ճեղքել Ղարաբաղի պաշտպանությունը և առաջ շարժվել դեպի Ֆիզուլի։ Արդյունքում հայկական ուժերը պաշտպանեցին իրենց դիրքերը և իրենց հերթին ձեռնարկեցին մի շարք հարձակվողական գործողություններ։

Ապրիլի 10-ին ճակատի հյուսիս-արևելքում հակահարձակողական գործողությունների արդյունքում ԼՀՂ զինված ուժերը գրավեցին մի շարք կարևոր ռազամավարական դիրքեր Գյուլիստան-Թալիշ ուղղությամբ։ Ապրիլի կեսերին ԼՂՀ ՊԲ-ն ազատագրեց Թալիշ, Չինլու, Մատաղիս և Լևոնարխ հայկական գյուղերը։ Հայկական ուժերը կարողացան հաջողություն գրանցել նաև հարավային ուղղությամբ և իրենց վերահսկողության տակ վերցնել Աղդամ-Բարդա ճանապարհը։

Մարտական գործողությունների ընթացքում մի քանի անգամ, երբ Ադրբեջանը հանդիպելով հայկական ուժերի կատաղի դիմադրությանը ստիպված էր լինում հետ կանգնել իր իսկ նախաձեռնած հարձակողական գործողություններից կամ կրում էր ծանր կորուստներ, զինադադար էր խնդրում։ Սակայն ամեն անգամ հենց Ադրբեջանն էր խախտում զինադադարի պայմանավորվածությունները, քանի որ այն չուներ պատերազմին վերջ տալու ցանկություն. այն պարզապես օգտագործում էր զինադադարները իր ուժերը վերադասավորելու համար։ Այսպես, 1992 թ. սեպտեմբերի 19-ին Սոչում ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում, նախարարներ Վ. Սարգսյանի, և Ռ. Ղազիևի միջև ստորագրվել էր զինադադարի համաձայնագիր՝ Ադրբեջանի հետ ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանագծով սեպտեմբերի 25-ից սկսած կրակը դադարեցնել վերաբերյալ։ 

Լուսանկարները՝ Մարտին Շահբազյանի

1993 թ. հուլիսի 23-ին Աղդամը կորցնելուց հետո նույնպես ադրբեջանցիների հայցած  զինադադարը, որը ստորագրվել էր Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ Ս. Սարգսյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևի կողմից, խախտվեց օգոստոսի 5-ին, երբ ադրբեջանցիները վերսկսեցին մարտական գործողությունները։ 1993 թ. օգոստոսի 31-ին ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքված ժամանակավոր հրադադարը պահպանվեց շուրջ 60 օր և ավելի ուշ երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 5-ը։

Զինադադարի պահպանումը հիմնականում կախված էր Ադրբեջանից և խախտումները ապացուցում է այն փաստը, որ երբ նրանք ունեցել են դրա կարիքը, հավատարիմ են եղել պայմանավորվածությանը։ Այդպես, 1993 թ. օգոստոսին ադրբեջանցիների հայցած զինադադարը երկարացվել է 4 անգամ և տևել է օգոստոսի 31-ից հոկտեմբերի 21-ը, քանի որ Հեյդար Ալիևը պայքարում էր հոկտեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին հաղթանակի համար և կարիք ուներ գոնե ժամանակավոր անդորրի, որպեսզի իր ձեռքում կենտրոնացներ կառավարման լծակները։ Չնայած Ղարաբաղը հետաքրքրված չէր նպաստելու իր դեմ պատերազմ հրահրած երկրի ներսում քաղաքական գործընթացների կայունացմանը, այնուամենայնիվ նրա համար կարևոր էր խաղաղության ամեն օրը։ Հատուկ հիշատակման է արժանի այն փաստը, որ երբ Ադրբեջանը առերեսվում էր ծանր իրավիճակի, նա չէր խուսափում Ղարաբաղի հետ ուղիղ կապ հաստատելուց, մի բան որ հետագայում անընդունելի դարձավ նրանց համար։ Միայն 1993 թ. նրանք տասն անգամ ուղիղ դիմել են Ղարաբաղին և ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածություն կնքել։

Սակայն 1994 թ. իրավիճակը ավելի բարդ էր։ Ադրբեջանի համար որոշիչ ռազմական պարտությունները ստիպեցին նրանց ընդունել զինադադար կնքելու Ռուսաստանի Դաշնության առաջարկը։ Ապրիլի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը Մոսկվայում ընդունեց հռչակագիր՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և ռազմական գործողությունները՝ որպես հակամարտությունը հանգուցալուծելու կարևոր նախապայման։ Սա նմանատիպ առաջին փաստաթուղթն էր այս կազմակերպության կողմից և առաջինն էր, որը ստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Մայիսի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի (խոսնակի պաշտոնատար Կարեն Բաբուրյան) և Հայաստանի խորհրդարանների խոսնակների միջև ստորագրվեց այսպես կոչված Բիշքեկյան արձանագրությունները, որը կոչ էր անում երեք կողմերին մայիսի 9-ից սկսած դադարեցնել ռազմական գործողությունները։ Վերջնական փաստաթուղթը ստորագրվեց հաջորդող օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի կողմից, և զինադադարը ուժի մեջ մտավ մայիսի 12-ից։ Հաջորդիվ Մոսկվայում մայիսի 15-16-ը հրավիրվեց այս երեք ռազմական ղեկավարների հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ՝ ստորագրելու փաստաթուղթ, որը կկարգավորեր Ադրբեջանի և Ղարաբաղի զորքերի միմյանցից հեռացումը, ծանր զինտեխնիկայի դուրս բերման և սահմանների միջև բուֆերային գոտու ստեղծման հետ կապված խնդիրները։ Սակայն այս փաստաթուղթը երբեք չստորագրվեց, քանի որ Բաքուն շտապ կարգով հետ կանչեց իր պաշտպանության նախարարին։ Սա Լեռնային Ղարաբաղում զինադադար սահմանելու առաջին փաստաթուղթն էր, որը չուներ վերջանժամկետ։

ՀՀ, ԱՀ պաշտպանության նախարարները և ԼՂՀ ՊԲ ղեկավարը հուլիսի 26-27-ին ստորագրեցին մի փաստաթուղթ, որով վերահաստատեցին զինադադարը և դրա դյութներին հավատարիմ մնալու իրենց պատրաստակամությունը, մինչև կընդունվի հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ քաղաքական որոշում։

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը մերժեց միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ ԱԽ ԼՂ հակամարտության վերաբերյալ բանաձևերը, որոնք կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնամուխ լինել խաղաղ բանակցային գործընթացի։

Լեռնային Ղարաբաղի (մոտ 140000 բնակչություն) դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմով Ադրբեջանը  (7 միլիոն բնակչություն), գործի էր դրել իր մեծաքանակ ռեսուրսները և օտարազգի վարձկանների և նպատակ ուներ ոչնչացնել կամ տեղահանել տեղացի բնակչությանը։ Այս գործողությունների արդյունքում Ադրբեջանին հաջողվեց ամբողջությամբ գրավել Շահումյանի շրջանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասերը։ Միևնույն ժամանակ, իր իսկ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը կորցրեց նաև Լեռնային Ղարաբաղին սահմանակից իր սեփական տարածքները։ ԼՂՀ ՊԲ ազդեցության տակ անցած այս տարածքները հետագայում շատ կարևոր դերակատարություն ունեցան ԼՂ շուրջ պաշտպանական բուֆերային գոտի ստեղծելու հարցում՝ հետագայում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուժերի ուղիղ սպառնալիքը չեզոքացնելու գործում։

Չնայած զինադադարը հաստատվեց 1994 թ. հարցի քաղաքական կարգավորումը մինչ օրս չի լուծվել և Ադրբեջանը պարբերաբար խախտել է զինադադարը՝ սպանելով անմեղ քաղաքացիական անձանց և զինվորականների։ Միաժամանակ Ադրբեջանը սպառնում էր վերսկսել լայնածավալ պատերազմը, եթե իր պայմանները չկատարվեին։    

Պատերազմի ևս մի փորձ տեղի ունեցավ 2016 թ., որում Ադրբեջանը կրկին հաջողության չհասավ:  Դա և 2020 թ. լայնածավալ ագրեսիայի մանրամասները և օկուպացիան ներկայացված են հաջորդ բաժիններում:                                                     

Հակամարտության կարգավորման բանակցությունները մինչև 2020 թ. պատերազմն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների ձևաչափում։ Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկած լուծումների մի քանի տարբերակները մերժվել են Ադրբեջանի կողմից։ Երևանում և Ղարաբաղում հայկական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ հարցը կարող է ունենալ միայն խաղաղ քաղաքական հանգուցալուծում։ Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն վերջանական կարգավորման մանրամասները, կան մի քանի իրողություններ որոնք անքակտելի են. Արցախը երբեք չի հրաժարվի իր անկախությունից, Հայաստանի հետ կապից և իր անվտանգության երաշխիքներից։ 2020 թ. պատերազմը և հետագա զարգացումները սակայն հարցականի տակ են դրել շատ սկզբունքներ: