Կառավարությունը

Կառավարություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է։ Այն կազմված է պետական  նախարարից և նախարարներից։ 

Կառավարության նիստերը հրավիրվում և գումարվում են Հանրապետության նախագահի գլխավորությամբ։ Նախագահի հանձնարարությամբ՝ պետական նախարարը կարող է վարել կառավարության նիստերը։ Կառավարության որոշումները ստորագրվում և հրապարակվում են նախագահի կողմից։ Կառավարությունը կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

Նախագահը հաստատում է տեղական կառավարման մարմինների ղեկավարներին (բացառությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի (ընտրովի պաշտոն)), նշանակելու և պաշտոնից ազատելու մասին կառավարության որոշումները։ 

ԱՀ կառավարության նոր մասնաշենքը

Ներկա կառավարությունը կազմված է պետական նախարարից; գյուղատնտեսության; պաշտպանության; կրթության, գիտության, մշակույթի և սպորտի; ֆինանսների և էկոնոմիկայի; արտաքին գործերի; առողջապահության; ներքին գործերի; արդարադատության; սոցիալական զարգացման և միգրացիայի; տարածքային կառավարման և ենթակառուցվածքների; քաղաքաշինության նախարարություններից, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից՝ ազգային անվտանգության ծառայություն; կադաստրի և պետական գույքի կառավարման; նյութական վնասների հարցերով; պետական եկամուտների; ջրային հարցերով կոմիտեներ։

 

Տեղական կառավարում 

ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարումը իրականացվում է 1998թ․ հունվարին ընդունված «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին» օրենքով։ Առաջին անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի են ունեցել 1998թ․ սեպտեմբերին։ Հերթական ընտրությունները կայացել են 2001թ․, 2004թ․, 2007թ․, 2011թ․, 2015թ․, 2019թ․, 2021թ․ և 2022թ․։