1991 թվական

1991 թվականից սկսած Ադրբեջանը հարձակումներ նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի շրջանի հայկական բնակչության դեմ։ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հրամանագրին, որով ԼՂԻՄ-ում և հարակից շրջաններում ստեղծվում էր նախագահական կառավարում, ինչպես նաև հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը ընդունած որոշմանը, որով հայաբնակ Շահումյանի շրջանը կցվում էր հարակից ադրբեջանաբնակ շրջանին, հաջորդեցին  Արցախի հայաթափման նպատակով իրականացվող տեղահանումները, սպանությունները և ընդհանուր բռնությունները: Սովետական կենտրոնական իշխանությունները չմիջամտեցին՝ կանխելու համար մարդու իրավունքների լայնածավալ խախտումները, և հակառակը՝ ԽՍՀՄ ՆԳՆ-ն փաստացի օժանդակում էր ադրբեջանական ՕՄՕՆ-ին հայկական գյուղերի տեղահանման գործում։

Մոսկվայի սովետական գերագույն իշխանություններին ուղղված հայկական ղեկավարության դիմումները մնում էին անպատասխան։ Հունիսի 24-ին ԼՂԻՄ պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու սովետական իշխանություններին, որպեսզի քննարկեն տեղական մարմինների գործառույթների վերականգնումը և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար ադրբեջանական կողմի հետ հնարավոր երկխոսության հաստատումը։ Չնայած նրանց չհաջողվեց հանդիպել ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի հետ, նրանք հանդիպումներ ունեցան բարձրագույն ղեկավարության մնացած գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ. ԽՍՀՄ փոխնախագահ Գ. Յանաևի, Գերագույն խորհրդի նախագահ Ա. Լուկյանովի, ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովի, ներքին գործերի նախարար Բ. Պուգովի, Գլխավոր դատախազի տեղակալ գեներալ Տրուբինի և արտաքին գործերի նախարար Է. Շևարդնադձեի։ Նրանք բոլորը ողջունեցին նախաձեռնությունը, համաձայնեցին տեղական կառավարման մարմինների լիազորությունները վերականգնելու պահանջի հետ և խոստացան նպաստել Ղարաբաղի խնդրի կարգավորման համար խաղաղ երկխոսության ստեղծմանը։ Սակայն ոչ մի գործնական քայլ չարվեց։

Ադրբեջանը շարունակում էր հայկական բնակչության տեղահանումը, կոչելով այն «ինքնակամ մեկնում», մինչդեռ այդ գործողությունները ուղեկցվում էին բռնություններով, ներառյալ կտտանքները, սպանությունները, թալանը, անկարգությունները և բռնության այլ տեսակները։

Ղարաբաղի իշխանությունները ստիպված էին գործել՝ բնակչության իրավունքները և կյանքը պաշտպանելու համար. Մարզային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարեց արտակարգ դրություն և դիմեց ՄԱԿ-ին ու մի շարք պետությունների պաշտպանելու հայ բնակչությունը  ֆիզիկական ոչնչացումից։ 1991 թ. հուլիսի 19-ի Մարզային խորհրդի գործադիր կոմիտեի նիստը որոշում կայացրեց անցկացնել Մարզային խորհրդի նոր ընտրություններ, կազմել Արցախի գոյատևման ծրագիր և պատրաստվել զինված պայքարի։ Կազմավորվեց պատվիրակություն, որը բանակցություններ էր վարելու Ադրբեջանի ղեկավարության հետ։ Հուլիսի 20-ին ԼՂԻՄ պատվիրակությունը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ, սակայն որևէ հստակ արդյունք չարձանագրվեց։

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստ, որտեղ՝ իրականացնելով ԼԵռնային Ղարաբաղի և Շահումյանի շրջանի սահմաններում բնակվող մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը՝ նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների կողմից, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Լեոնարդ Պետրոսյանը ընտրվեց ԼՂՀ գործադիր կոմիտեի նախագահ։

Ակնհայտ էր, որ պետականությունը միակ ելքն էր, որպեսզի ապահովվի բնակչության անվտանգությունը և սահմանների ամբողջականությունը։         
Գրեթե անմիջապես հետևեց Ադրբեջանի պատասխանը. Ստեփանակերտը ենթարկվեց ռմբակոծման և հրթիռակոծության «Ալազան» հրթիռներով։ Այն, որ Ադրբեջանը ԼՂ համարում էր Ադրբեջանի տարածք, իսկ ԼՂ բնակիչներին Ադրբեջանի քաղաքացիներ, ակնհայտորեն չէր խոչընդոտում նրանց սպանելու փորձերին։ Այն որ Խորհրդային Միությունը փաստացի դեռ գոյությունը ուներ, նույնպես խոչընդոտ չէր։ Նմանատիպ ռմբակոծությունները դարձան սովորական երևույթ։

Օդային ռմբակոծությունների հետևանքները

Լուսանկարները՝ Մարտին Շահբազյանի

Սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինը և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը, Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովի ուղեկցությամբ խաղաղության հաստատման առաքելությամբ ժամանեցին Ստեփանակերտ։ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի (որի պատվիրակությունը ղեկավարում էր ազգային ազատագրական շարժման ղեկավարներից Ռոբերտ Քոչարյանը) պատվիրակությունների բանակցությունները շարունակվեցին Ռուսաստանի Ժելեզնովոդսկ քաղաքում, որի արդյունքում սեպտեմբերի 23-ին ընդունվեց համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Ելցինի և Նազարբաևի միջնորդական առաքելությունը, սակայն, չօգնեց իրավիճակի կայունացմանը, հակառակը՝ ադրբեջանցիներն անմիջապես թեժացրին հարձակումները, ռմբակոծությունները և հարձակումները հայաբնակ տարածների ուղղությամբ։ Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների ներկայացուցիչները Ժելեզնովոդսկի փաստաթղթի դրույթների իրագործման նպատակով ժամանեցի Բաքու, սակայն Մութալիբովը նրանց տեղեկացրեց, որ միայն Ադրբեջանն է ի զորու լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և պետք է բացառել արտաքին միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ելցինը և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը միջնորդական առաքելությամբ ժամանում են Ստեփանակերտ և հանդիպում արցախցիների հետ: 

Լուսանկարները՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արխիվից

Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված Բաքվի հակահայկական անկարգությունների և Ղարաբաղը գրավելու նպատակով կանոնավոր բանակի ստեղծման կոչերի ֆոնին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը ընդունեց որոշում, որով ԼՂԻՄ-ը լուծարվեց և դարձավ պարզապես տարածքային բաժանում, իսկ նրա շրջանները վերանվանվեցին և ենթարկվեցին նորաստեղծ վարչական կենտրոններին։

1991 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն դատապարտեց Ադրբեջանի օրենսդիր մարմնի այս որոշումը, որպես ԼՂԻՄ կարգավիճակի խախտում, որը նրան տրված էր ԽՍՀՄ Սահմանադրությամբ։

Նման պայմաններում ծայրահեղ միջոցների դիմելն առավել քան բնական էր և 1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական (ԼՂՀ) հանրաքվե։ Մասնակիցների 98% կողմ քվեարկեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ Դեկտեմբերի 28-ին, ի հեճուկս Ադրբեջանի բանակի շարունակական ռմբակոծություններին, ԼՂՀ-ում կայացան հանրապետության Գերագույն Խորհրդի  ընտրություններ։ 1992 թ. հունվարի 6-ին նորընտիր օրենսդիր մարմինը՝ գործելով մարդկանց ազատ ինքնորոշման և հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտմանը համապատասխան, ընդունեց ԼՂՀ Անկախության Հռչակագիրը և դիմեց ՄԱԿ-ին և աշխարհի բոլոր երկրներին՝ խնդրելով ճանաչել ԼՂՀ անկախությունը և կանխել արցախահայության ցեղասպանությունը։ Հաջորդ օրը կայացած նիստի ընթացքում 32 ամյա Արթուր Մկրտչյանը ընտրվեց ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ Օլեգ Եսայանը՝ Նախարարների խորհրդի նախագահ։

Դպրոցական կրթությունը պատերազմի ժամանակ 

Արցախում դպրոցների պատմությունը նրա ժողովրդի ոգու և ձգտումների վկայությունն է: Անգամ շրջափակման պայմաններում և հետագայում հարձակումների ժամանակ դպրոցական կրթությունը հավանաբար ամենակարևոր բանն էր: 

Երբ ազերիները սկսեցին հարձակվել հայկական գյուղերի վրա սկզբում որսորդական հրացաններով, ապա՝ Կալաշնիկովի ավտոմատներով, իսկ ավելի ուշ՝ խորհրդային բանակից գողացված կամ գնված գնդացիրներով, դպրոցները շարունակում էին իրենց գործունեությունը: Այդ զենքերի խոցման հեռավորությունը հայտնի էր, և դպրոց գնացողները գիտեին, որ գյուղի սահմանները հսկող գյուղացիները ոչ ոքի թույլ չեն տա գյուղ մտնել: Երբ խորհրդային կայսրության փլուզումից հետո խորհրդային բանակը հեռացավ, ազերիները սկսեցին տներն ու այլ շինությունները ոչնչացնելու նպատակով հրետանի օգտագործել, դպրոցները ստիպված էին տեղափոխվել հանրապետության համեմատաբար խորքում գտնվող, ավելի ապահով վայրեր:

Երբ ազերինեըի օդուժը սկսեց Ստեփանակերտի վրա 500 կիլոգրամանոց, ապա միջազգային կոնվենցիաներով արգելված կլաստերային ռումբեր նետել, աշակերտները տեղափոխվեցին գյուղեր, որոնք առաջնային թիրախներ չէին: Դպրոցները փակելը չէր քննարկվում: Արցախահայերի համար դպրոց չգնալը այլընտրանք չէր:

Աշակերտները դպրոց էին գնում՝ տանելով դասագրքերն ու փայտ վառարանների համար: Երբ որևէ գյուղի բնակչություն ստիպված էր լինում լքել գյուղը, դասագրքերն ու տետրերը վերցնում էին ամենակարևոր իրերի հետ: Երբ գյուղերն ազատագրվում էին, բնակչությունը վերադառնում էր և վերսկսում նորմալ կյանքը: Ռազմական առաջնահերթություններից հետո դպրոցներն ախտահանելն ու վերաբացելը առաջին գործն էր: Առաջինը վերադառնում էին մեծահասակները, իրենց հետ բերելով նախադպրոցական տարիքի երեխաներին: Դպրոցահասակ երեխաները մնում էին առավել ապահով վայրերում, որտեղ ապահովվում էր  դպրոցական կրթությունը: Նրանք ժամանում էին, հենց որ լուրը հասնում էր, որ դպրոցը վերաբացվել է, և նրանք կարող են առանց ընդհատելու շարունակել իրենց ուսումը:

Օրինակ, Մարտունու շրջանում, ողջ պատերազմի ընթացքում 37 դպրոցներից 35-ը գործել են: Այն երկուսը, որ ստիպված էին փակվել, գտնվում էին հարևան ադրբեջանական գյուղերից վարվող ուղիղ նշանառության կրակի տակ: Դպրոցական դասավանդման համար անգամ պատերազմական մեթոդոլոգիա էր մշակվել: Մի վայրում մեծ խմբերով չհավաքվելու և ռմբակոծության թիրախ չդառնալու համար նվազագույնի էր հասցվել դասաժամի տևողությունը, և համամասնորեն ավելացվել էր տնային աշխատանքը: Ֆիզիկական պատրաստվածության դասերին փոխարինել էր բոլորի կողմից իրականացվող ծանր աշխատանքը, իսկ ռումբերի և գնդակների սուլոցները փոխարինել էին երաժշտության դասերին: Տարածվել էր այն խոսքը, որ նորմալ դասավարումը երկրորդ ամենակարևոր բանն էր հակաօդային վստահելի համակարգ ստեղծելուց հետո:

Օգտվելով Սովետական Միության փլուզումից, Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակումների։ Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանաբնակ գյուղերը վերածվեցին ռազմական բազաների, որտեղից մայրաքաղաքը հետևողականորեն ռմբակոծվում էր՝ ենթակվելով ավերածությունների։ 40 փողանի «Գրադ» համակարգի արկերը արձակվում էին անխտիր կերպով։ Քաղաքացիական բնակչության դեմ կիրառման դեպքում «Գրադը» համարվում է զանգվածային ոչնչացման զենք և դրա օգտագործումը արգելված է միջազգային կոնվենցիաներով։ Ստեփանակերտը ռմբակոծելուն զուգահեռ, Ադրբեջանը թիրախավորում էր նաև Շահումյանի շրջանը՝ սպանելով կանանց և երեխաների։

1991 թ. վերջում, ԽՍՀՄ նախկին 4-րդ բանակի ստորաբաժանումներին, որի մեծ մասը չէր խառնվել հակամարտությանը, հրամայվեց դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ Նորաստեղծ հանրապետությունը մեն-մենակ հայտնվեց Ադրբեջանի զինված ստորաբաժանումների դիմաց, որոնք զինված էին ժամանակակից ռազմական տեխնիկայով՝ ներառյալ օտարազգի վարձկանների կողմից կառավարվող օդուժը։ 1992 թ. սկզբին ադրբեջանցիները տիրացան սովետական բանակի անդրկովկասյան զինվորական տարածաշրջանի պահեստներում պահվող պաշարներին և նշանակալիորեն հարստացրին իրենց ռազմական զորանոցը։ Ռազմական փորձագետների հաշվարկով, այնտեղ կային բավականաչափ պաշարներ առնվազն մեկ տարի լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու համար։