Ազատության ճանապարհ. 1988-1991թթ.

1988

1988 թ․ շրջադարձային եղավ Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ։ Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հռչակած վերակառուցումը («պերեստրոյկան») կարծես թե ազատականացնում էր ԽՍՀՄ քաղաքական ռեժիմը և ընկալվում էր որպես անցյալի սխալները ուղղելու հնարավորություն։  Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ նոր հույս ծնվեց, որ իրենց խնդիրը կարող է ժողովրդավարական լուծում ստանալ և հանգուցալուծվել միջազգային իրավունքի նորմերի հիմնա վրա։ Իրենց նպատակին հասնելու համար նրանք վճռական էին գործելու գործող օրենքներին և կարգավորումներին համապատասխան՝ իշխանության օրինական կառույցների շրջանակում՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով։ 

Ղարաբաղի բնակչության ազգային ազատագրական պայքարի այս փուլը սկսվեց 1987 թ․ վերջին, երբ Լեռնային Ղարաբաղում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ և խնդրագիր ստորագրեցին (ավելի քանի 80,000 ստորագրություն)՝ պահանջելով ԼՂԻՄ-ը միավորել Հայաստանին։ Ներկայացուցիչներ ուղարկվեցին ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմ և ղեկավարող մարմիններ՝ իրենց պահանջը բավարարելու համար։

Արցախը Հայաստանին միացնելու պահանջով հանրահավաքները տեղի էին ունենում ՀՀ և ԼՂԻՄ բազմաթիվ բնակավայրերում:

Լուսանկարները՝ Մարտին Շահբազյանի

1988 թ․ փետրվարի 20-ին, հանրահավաքներից, ցույցերից և Մոսկվա պատվիրակություն գործուղելուց հետո, հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նիստ։ Անցանկալի որոշումից խուսափելու համար նիստին ներկա էին նաև Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի ներկայացուցիչը, Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղարը, ԼՂԻՄ մարզային խորհրդի քարտուղարը, մարզային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը, սակայն չկարողանալով ազդել որոշման վրա, նրանք լքեցին նիստը։

44 պատգամավորներ հանդես եկան ելույթներով։ 112 պատգամավորներ դիմեցին ԱԽՍՀ և ՀԽՍՀ գերագույն խորուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու պահանջով։ Որոշման մեջ ասվում էր․ «Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ՈՐՈՇՈՒՄ Է. Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»: Այս դիմումին նախորդել էին նմանատիպ 6 դիմումներ մարզային խորհուրդներից։ Այնուամենայնիվ Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոն փետրվարի 21-ին ընդունեց որոշում, որով այս քայլը որակեց «ազգայնական» և «ծայրահեղական» և որոշվեց, որ սոցիալ-տնտեսական և մշակութային միջոցները կարող են հանգուցալուծել խնդիրը։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը այս որոշմանը արձագանքեց վճռական բողոքներով։

ԱԽՍՀ կոմկուսի ղեկավարությունը օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության դիրքորշումից և խեղաթյուրելով շրջանի պատմությունը և ԶԼՄ-ներում բարձրացնելով ազգայնական հիստերիա, խնդիրը ձևափոխեց՝ տալով ազգամիջյան բնորոշում։ Ադրբեջանի կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյա Ասադովը սպառնաց, որ «100,000 զինված ադրբեջանցիներ» կներխուժեն Լեռնային Ղարաբաղ։ Փետրվարի 22-ին, ԼՂԻՄ հարակից ադրբեջանական Աղդամ շրջանից հազարավոր մարդիկ շարժվեցին դեպի Ստեփանակերտ՝ «կարգուկանոնը վերականգնելու համար»։ Արյունահեղությունը մի կերպ կանխվեց։

Իրականում բռնությունները սկսվել էին ավելի վաղ, երբ Չարդախլու գյուղի հայությունը ուժով դուրս էր քշվել 1987 թ.։ ԽՍՀՄ հերոսներ և Երկրորդ համաշխարհային պատերազմում սովետական բանակի նշանավոր զորավարները՝ մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Հովհաննես Բաբաջանյանը ծնվել էին այդ գյուղում, որտեղ սովետական իշխանությունները նրանց պատվին հուշարձաններ էին կառուցել, սակայն դա բավարար չեղավ Ադրբեջանին զսպելու կամ Մոսկվայի ուշադրությունը գրավելու համար։

1988 թ․ փետրվարի 27-29-ին Սումգայիթում (ԼՂ տարածքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական քաղաք) հայերի զանգվածային սպանությունները շարունակեցին Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը՝  խոչընդոտելու Լեռնային Ղարաբաղի խնդրին արդար լուծում գտնելու հնարավորությանը։ Սումգաիթի ջարդերը հայերի նկատմամբ ծրագրավորված ցեղասպանական գործողություններ էին։ Գործարանների և կազմակերպությունների ղեկավարները հրահանգում էին իրենց աշխատակիցներին մասնակցել հակահայկական ցույցերին, որտեղ ելույթ ունեցողները տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն էին։ Փետրվարի 27-ի «հանրահավաքը» ավարտվեց Սումգաիթի կոմկուսի առաջին քարտուղար Մուսլիմզադեի կողմից Ադրբեջանի ազգային դրոշի բարձրացումով, որը մոլեգնած ամբոխին ուղղորդեց դեպի քաղաք։ Հաջորդած 3 օրերի ընթացքում տեղի ունեցած կոտորածների և ջարդերի ընթացքում տասնյակ հայեր սպանվեցին՝ շատերն անմարդկային դաժանությամբ։ Հարյուրավորները վիրավորվեցին, մեծ թվով հայեր բռնաբարվեցին, կտտանքների և հետապնդումների ենթարկվեցին։ 18,000 մարդ դարձավ փախստական։ (Տե՛ս Ջարդեր ենթաբաժինը:)

Հակառակ ամեն բանի, Ադրբեջանի որդեգրած սպառնալիքների և բռնության  քաղաքականությունը չստիպեց արցախահայությանը հետ կանգնել իրենց նպատակից։ Բնակչության և ղեկավարութան միասնականությունը մեկ անգամ ևս ապացուցվեց այն բանից հետո, երբ ԼՂԻՄ կոմկուսի ղեկավար Հենրիկ Պողոսյանը պահանջեց Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից։ Ազգային շարժման ալիքի ներքո՝ պայքարը համակարգելու նպատակով, Արկադի Մանուչարյանի ղեկավարությամբ հիմնադրվեց  «Կռունկ» ոչ պետական կազմակերպությունը։

Սեպտեմբերին ԼՂԻՄ-ում հայտարարվեց ռազմական դրություն։ 1988 թ. դեկտեմբերին և 1989 թ.  հունվարին Հայաստանում Ղարաբաղի ազատագրական շարժումը համակարգող «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվեցին և տեղափոխվեցին Մոսկվայում գտնվող տարբեր բերդեր։ 

 

1989

Հաշվի առնելով իրավիճակի սրությունը, 1989 թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները ԼՂԻՄ-ում մտցրեցին կառվարման հատուկ ձև՝ ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեն։ Այն ղեկավարում էր ԽՄԿԿ Կենտկոմի բաժիններից մեկի վարիչ Արկադի Վոլսկին։ ԼՂԻՄ-ի կառավարումը փոխանցվեց ուղիղ Մոսկվային՝ շրջանցելով Բաքուն։ Կոմկուսի շրջանային կոմիտեի և ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործունեությունները ևս կասեցվեցին։ Սակայն իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով ստեղծված Կոմիտեն բավարար չէր այդ առաքելության համար։ ԱԽՍՀ իշխանությունները, օգտվելով այդ փաստից և փորձեցին շրջանցելով Կոմիտեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բռնի գործողություններ իրականացնել։

ԼՂԻՄ կուսակցական և պետական կառավարման մարմինների իշխանության կասեցումը, ինչպես նաև սահմանափակող այլ միջոցառումների կիրառումը կոպտորեն խախտեցին ԼՂԻՄ բնակչության իրավունքները։ Ժողովրդի ներկայացուցիչների  ընտրության նպատակով հրավիրվեց ԼՂԻՄ բնակչության ներկայացուցիչների ասամբլեա։ Օգոստոսի 16-ին հրավիրված Ասամբլեան կոչով դիմեց Ադրբեջանի ժողովրդին, որում իր անհանգստությունն էր արտահայտում հայերի և ադրբեջանցիների մեջ գնալով ավելի խորացող անջրպետի և դրա՝   ազգային թշնամանքի վերածվելու առնչությամբ։ Կոչ էր արվում նաև փոխադարձաբար հարգել երկու կողմերի հիմնարար իրավունքները։ Երկրամասում խաղաղությունը երաշխավորելու նպատակով Ասամբլեան հանդես եկավ առաջարկով՝ ակտիվ համագործակցություն ստեղծել հատուկ շրջանի պարետի, սովետական բանակի սպաների և զինվորների, ինչպես նաև ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զինված ներկայացուցիչների միջև։ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 1988 թ. փետրվարի 20-ի նիստի որոշումները  կյանքի կոչելու նպատակով Ասամբլեան ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վ. Գրիգորյանի նախագահությամբ ընտրեց Ազգային Խորհորդ։

Ի պատասխան պաշտոնական Բաքուն տնտեսական շրջափակում կիրառեց ոչ միայն ԼՂԻՄ, այլև Հայաստանի նկատմամբ, ինչն աննախադեպ երևույթ էր ԽՍՀՄ-ում։ Մասնավորապես ԼՂԻՄ-ը մեկուսացվեց արտաքին աշխարհից, քանի որ բոլոր ապրանքները տեղ հասնելու համար պետք է անցնեին Ադրբեջանով։ Սննդի, վառելիքի, շինարարական նյութերի և նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը ԼՂ տարածք կանգնեցվեց, ինչի արդյուքնում խոշոր արտադրական հիմնարկների, տրանսպորտի և գյուղատնտեսական տեխնիկայի գործունեությունը կասեցվեց, իսկ  տեղական բերքը չէր կարող արտահանվել։ Բնակչությունը հայտնվեց սովի վտանգի առջև։ 

Իրավիճակը ավելի վատ էր Արցախի հայաբնակ Շահումյանի շրջանում, որը սակայն դուրս էր մնացել Լեռնային Ղարաբաղի սահմաններից։ Բաքուն Շահումյանի շրջանում ակտիվացրեց պատժիչ գործողությունները, որտեղի հայկական բնակչությունը հայտնվեց ֆիզիկական ոչնչացման վտանգի եզրին։ Վտանգը կանխելու համար Շահումյանի շրջանի ժողովրդական պատգմավորների խորհուրդը հատուկ նիստ գումարեց, որի արդյունքում որոշում ընդունվեց Շահումյանի շրջանը ներառել ԼՂԻՄ կազմի մեջ։

Երկրամասը պաշտպանելու համար բավարար միջոցներ չունենալու պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս դիմեցին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությանը, սակայն կենտրոնական իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին արյունահեղությունը կանխելու նպատակով։ Հայկական բնակչության անվտանգությունը երաշխավորելու համար Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի նախագահությունը դիմեց  ՄԱԿ անվտանգության խորհրդին, որը ևս մնաց անպատասխան։ Ավելին, ԽՍՀՄ գերագույն խորհուրդը նոյեմբերի 28-ին որոշում ընդունեց, որով վերահաստատվում էր, որ Լեռնային Ղարաբաղը բռնի ուժով շարունակելու է մնալ ԱԽՍՀ կազմում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը լուծարեց ԼՂԻՄ կառավարման հատուկ համակարգը և հիմնեց ԼՂԻՄ հանրապետական կազմակերպման կոմիտե, որի ղեկավար նշանակվեց Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն, սակայն հստակ չէին կոմիտեի նպատակը և դրա իշխանության մակարդակը։ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմ վերադարձնելու Մոսկվայի փորձերը սակայն ապարդյուն էին. արցախահայությունը մերժեց նաև այս որոշումը։ Ավելի ուշ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և բանակի աջակցությամբ իրականացվեցին Լեռնային Ղրաբաղի և հարակից շրջանների հայկական բնակչության բռնի տեղահանման գործողություններ։

1989 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ ազգային խորհրդի համատեղ նիստ, որը Լեռնային Ղարաբաղը ՀԽՍՀ հետ վերամիավորելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ «հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքը և ի պատասխան բռնի բաժանված հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորման արդարացի ձգտման»։ Ադրբեջանի իշխանությունների պատասխանը հետևեց բռնությունների նոր ալիքի և ուժի կիրառման տեսքով։ 

 

1990

Վստահ լինելով, որ կենտրոնական իշխանությունները չեն միջամտելու կանխելու հայերի սպանությունները, 1989 թ. որպես ընդդիմադիր կուսակցություն ձևավորված  Ադրբեջանի ժողովրդական ճակատը Շահումյանի և Խանլար շրջանների հայկական գյուղերում զինված հարձակումներ իրականացրեց։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանով մեկ ռազմական գործողություններ սկսվեցին։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը արտակարգ դրություն մտցրեց ԼՂԻՄ-ում, ԱԽՍՀ սահմանային շրջաններում, ՀԽՍՀ Գորիսի շրջանում և ԱԽՍՀ  ԽՍՀՄ պետական սահմանամերձ շրջաններում։ Ռազմական պարետի շտաբի լիազորությունները տարածվեցին կառավարման բոլոր մակարդակներում՝ չեղյալ դարձնելով տեղական կառավարման մարմինների իշխանությունը։ Լեռնային Ղարաբաղում մտցվեց ռազմական դրություն։ Ռազմական պարետի շտաբի աջակցությամբ ադրբեջանական իշխանությունները ավելի ակտիվացան՝ շարունակելով բռնաճնշումների, ազգային զտումների և ահաբեկչության իրենց քաղաքականությունը։ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցները զանգվածաբար ենթարկվում էին հետապնդումների և ձերբակալվում շինծու քրեական գործերի համար։

Քանի որ նախկինում նրանց գործողությունները անպատիժ էին մնացել 1990 թ. հունվարին ադրբեջանցիները հարձակվեցին Ազատ, Գետաշեն և Մանաշիդ գյուղերի վրա։

Ադրջեջանի ոստիկանական հատուկ ուժերի և սովետական ներքին զորքերի կողմից լայն տարածում գտած ամենօրյա բռնությունները, ձերբակալությունները, սպառնալիքները և բռնաճնշումները հանգեցրին զինված ինքնապաշտպանության անհրաժեշտությանը։

1990 թ. Ադրբեջանի հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումների ճնշումներին և հարձակումներին դիմակայելու և կամավորական ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները համակարգելու, ինչպես նաև նյութական, կազմակերպչական և ռազմական օժանդակություն ապահովելու նպատակով ստեղծվեց ինքնապաշտպանական ընդհատակյա կոմիտեն, որը կոչվում էր «Պ» («Պաշտպանություն»)։ Ստեղծվեցին նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբներ, որոնք կազմավորում էին արագ արձագանքման խմբեր և համակարգում էին հայկական բնակավայրերի ինքնապաշտպանական գործողությունները։

ԼՂՀ անկախության հռչակումը  Աղբյուրը՝ Քարտեզագրության և գեոդեզիայի կենտրոն

1991

ԱԽՍՀ մայրաքաղաք Բաքվում 1991 թ. հունվարին սանձարձակված հայերի ջարդերը ազգային զտումների քաղաքականության շարունակությունն էին։ Դրանց հետևանքում հարյուրավոր հայեր սպանվեցին, և գաղթի նոր ալիքի սկիզբ դրվեց։ Սումգաիթյան ջարդերի դաժանությունը շարունակվեց Բաքվում՝ մարդկանց ողջակիզում էին, ծակում սուր գործիքներով և մահվան աստիճանի ծեծի ենթարկում։

1991 թ. սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը, որը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանների տարածքում։ Այս քայլը իրականացվեց 1990 թ. ապրիլի 3-ի՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան։ Այս օրենքը ազգային ինքնավարություններին իրավունք էր ընձեռում ԽՍՀՄ կազմից դուրս գալու պարագայում ինքնուրույն որոշում կայացնել իրենց իրավական կարգավիճակի վերաբերյալ և սահմանում էր գործընթացի ընթացակարգերը։

Ի հեճուկս բոլոր գործող նորմերի, նույն ժանամակահատվածում (1991 թ. նոյեմբեր) Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը ընդունեց օրենք «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմալուծման մասին»։ ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն այս որոշումը որակեց հակասահմանադրական։

Սովետական միության պաշտոնական փլուզումից մի քանի օր առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ընթացքում վերահաստատեց Լեռային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը։ Այս քայլը լիովին համապատասխանում էր միջազգային իրավուքի նորմերին, ինչպես նաև այդ ժամանակի ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն ։ Այսպիսով, նախկին ԱԽՍՀ տարածքում հիմնադրվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը։

Ավելի ուշ տեղի ունեցած խորհրդարանական առաջին ընտրություններին հաջորդեց առաջին կառավարության ձևավորումը։ ԼՂՀ անկախ կառավարությունն իր աշխատանքները սկսեց կատարյալ մեկուսացման և Ադրբեջանի կողմից սանձարձակված բռնության և պատերազմի պայմաններում, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և հսկայական նյութական վնասների։

 

Լեռնային Ղարաբաղի անկախության իրավական ասպեկտները 

Իրավական տեսակետից Արցախի անկախությունն ախոցելի էր: Արցախն օգտագործեց իր իրավունքներն իրացնելու առկա իրավական մեխանիզմները, և նրա ձեռնարկած բոլոր գործողությունները խորհրդային գործող օրենքների սահմաններում էին:  

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, թե՛ Ադրբեջանը, թե՛ Լեռնային Ղարաբաղն իրենց անկախությունը ստացան, կիրառելով նույն իրավական գործիքներն ու ընթացակարգերը: Իրականում Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Երբ Արցախը (Ղարաբաղը) միացվեց Ռուսական կայսրությանը, Ադրբեջանը դեռևս գույություն չուներ որպես պետություն, և գոյություն չուներ «ազերիներ» կամ «ադրբեջանցիներ» անվնավող ժողովուրդ:

Երբ Արցախը մտցվեց Ադրբեջանի կազմ, վերջինս արդեն բոլշևիկյան իշխանության ներքո էր, ինչպես Ռուսական կայսրության մյուս նախկին տարածքները: Երբ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, անկախ պետություն դարձավ, Ղարաբաղն էլ իր անկախությունը հռչակեց: «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին» իր հռչակագրում (որը համարվում է 1995թ. ընդունված և 2002թ. լրացված Ադրբեջանի սահմանադրության անբաժանելի մասը), Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918-1920թթ. Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության ժառանգորդը: 

Ինչպես քաջ հայտնի է, Ղարաբաղը երբևէ չի եղել 1918-20թթ, Ադրբեջանական Հանրապետության կազմում: Ղարաբաղն ու Նախիջևանը դրա իշխանության ներքո են անցել, երբ այն արդեն խորհրդային, սոցիալիստական հանրապետոթյուն էր: Իրականում 1991 թվականին Ադրեջանական Հանրապետությունը 1918-1920թթ. Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության ժառանգորդը հռչակելը բավարար կլիներ, որպես իրավական ակտ, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի բոլոր նկրտումները չեղյալ դարձնելու համար: Այնուհանդերձ, Ադրեբեջանի համար ո՛չ օրենքը, ո՛չ էլ պատմությունը կարևոր չեն, երբ այն իր առջև նպատակ է դրել ամեն գնով իրեն ենթարկեցնելու Ղարաբաղը: