Հայկական ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և «Օղակ» գործողությունը 

 

Անկախության և իրենց իրավունքները հարգելու պահանջով իրականացվող հայերի խաղաղ ցույցերին դեռևս Խորհրդային Միության կազմում գտնվելու ընթացքում ադրբեջանցիները պատասխանեցին ծրագրված սպանություններով և տեղահանություններով։ Հայկական  ջարդեր հրահրվեցին և իրականացվեցին Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խաչմազում, Ղուբայում, Շաքիում, Կութկաշենում, Աղսուում, Իսմաիլիում, Աղդաշում, Թովուզում, Շամխորում, Գետաբեկում, Դաշքեսանում, Ժդանովում և այլուր։ Սումգաիթը սկիզբն էր, իսկ Բաքուն, Մարաղան և «Օղակ» գործողությունը աննախադեպ էին իրենց մասշտաբով և անպատժելիությամբ։ Բոլորի համար ակնհայտ էր, որ բոլոր բռնությունները հրահրված և կազմակերպված էին իշխանությունների կողմից։ Սումգաիթում, Բաքվում և այլ քաղաքներում մեքենաները գալիս էին հայերի տներ՝ ջարդարարների ձեռքներին հայերի բնակության հասցեները, որոնք տրամադրվում էին տեղական իշխանությունների կողմից։ Նրանք օգտագործում էին պետական հիմնարկներում պատրաստված մետաղական սրածայր ձողեր։ Տարբեր պատրվակների ներքո գործատուները հայերին ուղարկում էին տուն, որպեսզի նրանք չկարողանան խուսափել ջարդերից։ Պետական պաշտոնյաները հրահրում էին ամբոխին, իսկ ոստիկանական ուժերը կողքից հետևում էին՝ երբեմն օժանդակելով հանցագործներին։ Շտապ օգնության ծառայությունը հրաժարվում էր օգնություն ցուցաբերել ծեծված և վիրավորված հայերին։ Որպես սպանվածների, կտտանքների ենթարկվածների և ողջակիզվածների մահվան պատճառ նրանք արձանագրում էին սրտի աշխատանքի կանգ։ Որոշ հայերի հաջողվեց փրկվել պատսպարվելով իրենց ադրբեջանցի հարևանների տներում, ովքեր, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, թաքցնում էին հայերին հրոսակախմբերից։ Սակայն փրկվածները ևս ստիպված էին միանալ հազարավոր փախստականներին և լքել իրենց տները և ունեցվածքը։

 

Նախապատմություն. Շուշին որպես անպատիժ նախադեպ

Շուշին գտնվում է ԼՂ կենտրոնում բարձրադիր սարահարթի վրա, մայրաքաղաք Ստեփանակերտի բարձրունքի վրա և նրանից 10 կմ հեռավորության վրա։ Շնորհիվ իր աշխարհագրական բարենպաստ դիրքի՝ Շուշին 18-րդ դարից սկսած կարևոր ռազմավարական դիրք է համարվել։ 19-րդ դարում այն դարձել էր Կովկասի հոգևոր կենտրոններից մեկը։ Կովկասահայության քաղաքական մտքի և մշակութային էլիտան ձևավորվում էր այստեղ։ 

Շուշիում հայերի և կովկասյան թաթարների (այսպես մինչև 1930-ականները անվանվում էին քոչվոր ցեղերի ժառանգներին) միջև առաջին բախումները տեղի են ունեցել 1905-06 թվականներին։ Չնայած թյուրք-թաթարները իրենց նպատակին չհասան, սակայն շուրջ 400 սեփական տներ և հասարակական շենքեր այրվեցին։ 

1918 թ. իր հիմնադրման օրվանից սկսած Ադրբեջանի Հանրապետությունը տարածքային նկրտումներ է ներկայացնում Ղարաբաղի և Հայաստանի որոշ այլ շրջանների նկատմամբ։ 1920 թ. մարտին, ադրբեջանական և թուրքական (վերջիններս Կովկաս էին ներխուժել 1918-ին և գրավել Բաքուն) զորքերը այրեցին և ավերեցին Շուշին՝ Կովկասի մեծությամբ 5-րդ քաղաքը։ Երեք օրերի ընթացքում թուրք-ադրբեջանական զինված խմբերը սպանեցին Շուշիի 35-հազարանոց հայ բնակչության մեծամասնությանը։ Շուրջ յոթ հազար լավ կահավորված և հիմնականում երկհարկանի տներ և գեղեցիկ մշակութային ու վարչական շինություններ ավերվեցին և հավասարվեցին հողին։ Քաղաքի հայկական թաղամասը այրվեց և չվերականգնվեց մինչև 1960-ակաների սկիզբը։

 

Սումգայիթ

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած տխրահռչակ իրադարձություններին 1988 թ. փետրվարին Ադրբեջանով մեկ նախորդել էին հակահայկական ցույցեր և հանրահավաքներ։ Բաքվից մեկուկես ժամվա հեռավորության վրա գտնվող Սումգաիթում հայերի թալանը, ջարդը և սպանությունները տեղի էին ունենում օրը ցերեկով։ Հանցագործության դրդապատճառը ակնհայտ էր. նոր արյունահեղությունների սպառնալիքի կիրառմամբ կանխել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը այն տարբերակով, որին ձգտում էին հայերը և ստիպելով հրաժարվել անկախության համար ձգտումներից և պայքարից։ 

Սակայն ակնհայտորեն ազատագրական պայքարի ճնշումը ձեռնտու էր շատերին։ Ջարդերը սկսելու նախորդ օրը՝ փետրվարի 26-ին, հայ մտավորականության հետ հանդիպման ընթացքում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբոչովը իր մտահոգությունն էր հայտնել Բաքվում բնակվող շուրջ 200,000 հայերի անվտանգության համար, կապելով դա արցախահայության՝ Արցախը Հայաստանի հետ միավորելու պահանջի հետ։ Դժվար է հավատալ, որ ԽՍՀՄ պես երկրի ղեկավարը կարող էր անտեղյակ լինել Բաքվում և այլ խոշոր քաղաքներում տիրող տրամադրություններին և զարգացումները կանխելու ուժ չունենալ։

Լայնորեն սկսեցին շրջանառվել կեղծ լուրեր, թե Հայաստանում իրականացվում են ադրբեջանցիների զանգվածային սպանություններ։ ԽՍՀՄ ողջ տարածքում հեռարձակվող կենտրոնական հեռուստատեսությամբ ԽՍՀՄ գլխավոր դատախազի կողմից Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին ծանուցումը լուրջ սադրանք հանդիսացավ ջարդերը սկսելու համար (միայն ավելի ուշ սպանվածներից մեկի եղբայրը Լենինգրադում լույս տեսնող  «Ավրորա» ամսագրում 1988 թ. 10-րդ համարում տրված պարզաբանմամբ հայտնեց, որ նրանք սպանվել են ադրբեջանցի ոստիկանի կողմից)։ Ադրբեջանցի պաշտոնյանների կողմից սպառնալիքները անսպառ էին։

Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված հուշարձանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության սպանությունները և տեղահանումները գագաթնակետին հասան փետրվարի 27-29-ը։ Գրեթե ամբողջությամբ ողջ քաղաքը դարձավ հայերի անխոչընդոտ ջարդերի թատերաբեմ։ Վայրի ամբոխները ներխուժում էին հայերի տներ՝ նախապես ունենալով հայերի հասցեները, որոնք կարող էին տրամադրվել միայն պետական մարմինների կողմից։ Նրանք զինված էին մետաղյա ձողերով և քարերով, կացիններով, շշերով և վառելիքի տարրաներով։ Մետաղական ձողերը և այլ զենքերը մշտապես պատրաստվում և սրվում էին պետական արդյունաբերական հիմնարկներում, ինչը չէր կարող գաղտնաբար արվել։ Վկաների ցուցմունքների համաձայն՝ միայն մեկ տան վրա հարձակմանը մասնակցում էին շուրջ 50-80 մարդ։

Նմանատիպ խմբերը վայրագություններ էին իրականացնում նաև փողոցներում։ Սպանվածների մեծ մասը ողջակիզվել են ծեծի, կտտանքների և բռնությունների ենթարկվելուց հետո։ Մեծ թվով բռնաբարված կանանց թվում կային նաև անչափահասներ։ Հարյուրավոր անմեղ մարդիկ ստացան տարբեր աստիճանների վնասվածքներ, իսկ շատերը դարձան հաշմանդամ։ Շուրջ երկու հարյուր տներ ավերվեցին, մեծ թվով ավտոմեքենաներ այրվեցին և ջարդվեցին, տասնյակ արհեստանոցներ, խանութներ և կրպակներ ոչնչացվեցին։ Դրանց ոչնչացման պատճառն այն էր, որ դրանք պատկանում էին հայերին։ Ջարդերի հետևանքով շուրջ 18,000 փախստականներ արտագաղթեցին Ստեփանակերտ և Երևան։ Ադրբեջանի դատախազության կողմից Մոսկվա՝ իր վերադաս մարմնին ներկայացված նյութերի համաձայն վայրագությունների հետևանքով զոհվել է 27 մարդ։ Ականատեսների վկայությունների համաձայն՝ Սումգաիթի դիարաններում հաշվվում էին շուրջ 70 ինքնությունը չպարզված դիեր։ Զոհերի մի մասին թաղելու համար տեղափոխում են Բաքու, որտեղ իրական թվերը կոծկելու համար իրակության հետ կապ չունեցող պատրվակներ են արձանագրվում որպես մահվան պատճառ։ Անգամ խորհրդային բարձրաստիճան ղեկավարները թերհավատություն հայտնեցին պաշտոնական թվերի վերաբերյալ։ 

Ակնհայտ էր, որ զինված խուժանը գործում էր հստակ դերերի բաժանումով. մի մասը իրականացնում էր բռնությունները և սպանությունները, նրանց հաջորդում էին թալանչիների և ավերածություններ իրականացնողների խմբերը, ապա գալիս էին նրանք, ովքեր վերացնում էին ապացույցները։ Հեռախոսային հաղորդալարերը նախապես կտրել էին, իսկ ոստիկանությունը չէր միջամտում՝ բացառությամբ ամբոխին օժանդակելու դեպքերից։

Սովետական բանակը քաղաք մտավ ջսրդերի 3-րդ օրը միայն՝ առանց զենքի և միջամտելու իրավունքի։ Այն որևէ բսնի վրս չազդեց, մինչև նույն օրը երեկոյան համապատասխան հրամանները չարձակվեցին։

Դատարանի առջև կանգնած 94 մեղադրյալներից միայն մեկը ստացավ հնարավոր ամենածանր պատիժը։ Մնացյալը արժանացան թեթև պատիժների։ Սովետական իշխանությունները բոլոր հանցագործներին հատուկ չդատեցին միասնաբար, որպեսզի այն չնմանվեր մեկ ընդհանուր մեծ գործի, ինչը կարող էր քաղաքական նշանակություն ունենալ։ Մեղադրյալները տեղափոխվեցին Սովետական Միությունով մեկ տարբեր դատարաններ։ Դատական գործերից շատերը իրականցվել են խախտումներով և առանց հաշվի առնելու տուժողների իրավունքները։ Երբ Սովետական Միությունը փլուզվեց, դատական գործերը կանգնեցվեցին և հանցագործները ազատ արձակվեցին։ Կազմակերպիչների և հիմնական դերակատարների մեծ մասը ոչ միայն խուսափեցին պատժից, այլ նաև Ադրբեջանի անկախացումից հետո ստացան բարձր պաշտոններ։

2020 թ. ադրբեջանա-թուրքական ուժերը զավթել են Հադրութը, և հուշարձանի մասին կարելի է միայն տխուր ենթադրություններ անել:
Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված հուշարձանը Հադրութ քաղաքում

Լիովին համապատասխանելով ցեղասպանության չափանիշներին, 1988 թ. փետրվարի Սումգաիթի այս ողբերգական իրադարձությունները երբեք չարժանացան պատշաճ քաղաքական գնահատականի։ Սակայն փաստաթղթերը, վկայությունները և այլ փաստերը թույլ են տալիս գալ հստակ եզրահանգման, որ ջարդերը ծրագրվել և իրականացվել են պետական բարձրագույն մակարդակում,, և նրա հիմնական կազմակերպիչները և իրագործողները եղել են Սովետական Ադրբեջանի ժամանակի ղեկավարությունը, որը կապեր ուներ տարբեր ազգայնական թուրքամետ շրջանակների հետ։ Առկա են մեծ թվով վկայություններ, որոնք ցույց են տալիս, որ ոստիկանությունը ոչ միայն աչք է փակել հանցագործությունների վրա, այլ նաև օժանդակել է դրանց իրականացմանը։

Թե՛ Խորհրդային Միությունում, և թե՛ արտերկրում տարբեր հանրային դեմքեր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ դատապարտեցին ջարդերը։ ԱՄՆ սենատը (1989 թ.) և  Արգենտինայի խորհրդարանը դատապարտեցին հանցագործությունները։ Եվրոպական խորհրդարանը 1988 թ. հուլիսի 7-ի իր թիվ C235/106 բանաձևով, հղում կատարելով «ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988 թ. փետրվարին հայերի սպանություններին»,      դատապարտեց բռությունները և իր աջակցությունը հայտնեց արցախահայությանը Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու հարցում։ Սակայն այնուամենայնիվ Ադրբեջանի կամ Խորհրդային կենտրոնական իշխանությունները երբեք պաշտոնապես չդատապարտվեցին և զոհվածների ընտանիքներին ցավակցություն չհայտնվեց։

 

Բաքու 

Սումգաիթի իրադարձությունները սովետական իշխանությունների և միջազգային հանրության կողմից իրերը իրենց անուններով կոչելու և դատապարտելու անպատրաստակամությունը փաստացի նշանակում էր չկանգնեցնել Ադրբեջանի ոճրագործությունները և թույլ տալ ջարդերի կազմակերպիչներին և մասնակիցներին խուսափել քրեական պատասխանատվությունից և հնարավոր դարձնել արյունահեղության շարունակականությունը։ Հայերի վրա հարձակումները ավելի ուժգնացան և տարածում ստացան ամբողջ ԱԽՍՀ տարածքով մեկ՝ Բաքվում, Կիրովաբադում, Շեմախում, Շամխորում, Մինգեչաուրում, Նախիջևանի ԻԽՍՀ-ում։ Կիրովաբադում խուժանը ներխուժեց ծերանոց, դուրս բերեց 12 անօգնական հայ տղամարդկանց և կանանց՝ ներառյալ հաշմանդամ և ինքնուրույն շարժվել չկարողացող անձանց, տեղափոխեց նրանց քաղաքից դուրս և դաժանորեն սպանեց նրանց (այս դրվագը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում)։

ԱԽՍՀ մի շարք գյուղական շրջանների  հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվեց։ Հյուսիսային Լեռնային Ղարաբաղի (որը ԼՂԻՄ կազմավորման ժամանակ չէր ներառվել ինքնավարության կազմում) ավելի քան քառասուն հայկական գյուղերի, ներառյալ Կիրովաբադի (պատմական հայկական Գանձակը) քառասուն հազար հայ բնակչությունը ևս արժանացավ նույն ճակատագրին։ Հարձակումները իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին Բաքվում, երբ հարյուրավոր հայեր զոհ գնացին ադրբեջանցի ազգայնականների հիվանդագին ատելությանը։

Բաքվի ջարդերը տեղի ունեցան 1990 թ. հունվարի 13-19-ը և, ինչպես մնացյալ դեպքերում, այստեղ ևս հովանավորվում էին իշխանությունների կողմից։ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը հունվարի 13-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամների հետ հանդիման ընթացքում հայտարարեց. «մենք պետք է մաքրենք մեր թշնամիներին մեր ճանապարհից այնպես, ինչպես վերացրինք ԼՂ մարզային խորհուրդը, ԼՂԻՄ կառավարման հատուկ կոմիտեն և մնացածը…»։ Սա հեռարձկվեց Ադրբեջանի ազգային հեռուստատեսությամբ։  Բոլոր տպագիր լրատվամիջոցները, հանրահավանքները և ցույցերը լի էին նմանատիպ հակահայկական կոչերով։ Ջարդերին նախորդել էին հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը և ծեծուջարդը։

Հունվարի 13-ի երեկոյան ժամը 5-ին, բազմահազարանոց ամբոխը հավաքվեց Լենինի հրապարակում ցույցի՝ բաժանված մի քանի խմբերի և սկսեց հայերի կանոնավոր՝ տուն-առ-տուն զտումները։ Նրանք կամ սպանում էին մարդկանց, կամ բռնի տանում նավահանգիստ կամ օդանավակայան և ստիպում լքել երկիրը։ «Հունվար 15-ին, ջարդերը և հարձակումները շարունակվեցին Բաքվում։ Նախնական տեղեկատվության համաձայն, ջարդերի առաջին երեք օրերի ընթացքում զովել է 33 անձ։ Սակայն այս թիվը վերջնական չի, քանի որ Բաքվում ոչ բոլոր կացարաններն են ստուգվել… («Իզվեստիա» հունվարի 16, 1990 թ․)։

Բազմահազարանոց ադրբեջանցիների ամբոխը գնում էր հայերի տներով՝ նախապես ունենալով նրանց բնակության հասցեների ցուցակը։ Նրանք ներխուժում էին բնակարանները, ծեծում բնակիչներին, դուրս շպրտում նրանց պատուհաններից, բռնաբարում կանանց, շատերին սպանում օգտագործելով սրածայր երկաթներ կամ ողջակիզում։ Նրանց հաջորդում էին Ադրբեջանի ազգային ճակատի ներկայացուցիչները, ովքեր ցույց էին տալիս նրանց սեփականության «օրինական» տերերի փաստաթղթերը և ահաբեկված մարդկանց առաջարկում էին «փրկել նրանց կյանքերը»՝ ուղեկցելով նավահանգիստ։ Նավահանգստում փախստականներին թալանում էին, ծեծում և նստեցնում Թուրքմենստան գնացող լաստանավեր։

                                                  Ադրբեջանում ջարդերից և էթնիկ զտումներից խուսափելու համար հարյուր հազարավոր հայեր լքեցին այն:                                                                                     Լուսանկարները՝ Մարտին Շահբազյանի

Նույնը տեղի էր ունենում օդանավակայանում։ Ուժային կառույցները, կենցաղային սպասարկման ծառայությունները (հասցեները տրամադրելու միջոցով) և նույնիսկ բուժանձակազմը մասնակցում էին ջարդերին։ Շտապ օգնության բրիգադները ժամանում էին հանցագործության վայր և սրտի կաթվածը և սրտի խնդիրները գրանցում որպես մահվան պատճառ։

Առկա են ծայրահեղ դաժանությամբ իրականացված վայրագությունների և սպանությունների բազում փաստաթղթավորված դեպքեր, ինչպես օրինակ՝ մարմնի մասնատում, հղի կնոջ մարմնատում և մարդկանց ողջակիզում։ Բաքվում հայկական ջարդերի ընթացքում գազազած ամբոխը մասնատում է մի մարդու և նրա մնացորդները նետում աղբարկղը («Սոյուզ» մայիսի 19, 1990)։ «Նրանք մասնատում էին նրան, իսկ նա գոռում էր «սպանեք ինձ», ինձ էլ կապել էին, և ես կարող էի միայն գոռալ «սպանեք նրան». պատմում է մի ադրբեջանցի կին իր հայ ամուսնու մասին։ «Ես խնդրում էի սպանել իմ ամուսնուն, որպեսզի նա ազատվի տանջալից մահից»։

Ջարդերից հետո Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավարներից մեկը՝ Է. Մամեդովը, հայտարարեց. «Ես անձամբ ականատես եմ եղել երկաթուղային կայանում երկու հայերի սպանությանը։ Ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, և դա տեղի ունեցավ ռազմական վարչության մարզային կառույցից 200մ հեռավորության վրա։ Այնտեղ կային ներքին զորքերի շուրջ 400-500 զինվոր, բայց ոչ մեկ չփորձեց շրջափակել տարածքը և ցրել ամբոխին»։

Մինչ այժմ հայտնի չեն զոհերի իրական թվերը, տարբեր աղբյուրների համաձայն 150-300 մարդ սպանվել է։ Ջարդերը շարունակվեցին մինչև հունվարի 20-ը, երբ սովետական բանակը մուտք գործեց քաղաք։ Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով սովետական բանակը մտավ Բաքու, երբ 6 օր տևած անկարգություններից և սպանություններից հետո Գորբոչովը հայտարարեց ռազմական դրություն։

Բաքվի 250,000-ոց հայկական բնակչությունը լքեց քաղաքը։ Հազարավոր մարդիկ մինչ այժմ անհայտ կորած են։ Եվրոպական խորհրդարանը ընդունեց այս իրադարձությունների վերաբերյալ բանաձև, որով կոչ էր արվում ԱԳ նախարարների խորհրդին և Եվրոպական հանձնաժողովին պաշտպանել հայերին խորհրդային իշխանությունների անօրինական գործողություններից և օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։

«Օղակ» գործողություն. Լեռնային Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բռնի տեղահանումը

1991 թ. սկզբից ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկեց համակարգված գործողություններ, որոնք ուղղված էին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի հայության դեմ։ Շրջանով մեկ տարածվում էին թռուցիկներ, որոնք կոչ էին անում հնարավորինս շուտ լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը։

Հունվարի 14-ին, Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահությունը ընդունեց որոշում երկու հարևան շրջանների միավորման վերաբերյալ, որով հայաբնակ Շահումյանի շրջանը միացվեց ադրբեջանաբնակ Խասում-Իսմայլովսկիյ շրջանի հետ՝ միասնական Գերանբոյ շրջանի մեջ։ Ադրբեջանական իշխանությունների նպատակը ակնհայտ էր. ազատվել ևս մեկ հայաբնակ շրջանից, տեղահանել բնակչությանը և հայկական գյուղերը վերաբնակեցնել ադրբեջանցիներով։ Այդ ժամանակ Շահումյանի շրջանի շուրջ 20,000 բնակչության 82% հայեր էին։

Հունվարի 22-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատը՝ ՕՄՕՆ-ը, Ստեփանակերտի օդանավակայանում լկտիաբար ձերբակալեց Ռուսաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ժամանել էին երկրամասում իրադրությանը ծանոթանալու առաքելությամբ։ 

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում գնալով ավելի էր սրվում։ Հայկական բնակչության դեմ պատժիչ գործողություններից  իր բացառիկ մասշտաբով, անօրինականությամբ և դաժանությամբ առանձնացավ «Օղակ» գործողությունը, որը  փաստացի ահաբեկչական գործողություն էր։ Այն համատեղ իրականացվում էր Ադրբեջանի ՆԳՆ և ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ ջոկատի՝ ՕՄՕՆ-ի կողմից՝ 1991 թ. ապրիլից մինչ օգոստոսի սկիզբ։ «Անձնագրային ստուգման կարգի» պատրվակի ներքո իրանակացվում էր նախադեպը չունեցող պետական ահաբեկչության գործողություն, որը նպատակ ուներ ճնշել Ղարաբաղի ազգային ազատագրական շարժումը։ Սպանությունների, բռնության, վանդալիզմի աննկարագրելի դեպքերը և բոլոր տարիքի, նույնիսկ երեխաների, ստորացումները սովորական երևույթ էին։ Այս գործողության նպատակն էր վախեցնել հայերին և ստիպել նրանց հրաժարվել անկախության գաղափարից։

Գործողությունը սկիզբ առավ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից և, երբ ավարտվեց, հայկական 24 գյուղեր արդեն հայաթափվել էին. Երկուսը՝ Ադրբեջանի Խանլար շրջանում, երեքը՝ Շահումյանի շրջանում,  տասնհինգը՝ ԼՂԻՄ Հադրութի և չորսը՝ Շուշի շրջաններում։ Շուրջ հարյուր մարդ սպանվեց և մի քանի հայրուր մարդ գերեվարվեցին։ Մինչև Ադրբեջանի հատուկ ոստիկանությունը կժամաներ, սովետական զորքերը շրջափակում էին գյուղերը ռազմատեխնիկայով, կենդանի ուժով և նույնիսկ օդային ուժերով։ Ունենալով սովետական զորքերի աջակցությունը, ադրբեջանցիները ներխուժում էին տները, թալանում, բռնաբարում կանանց, սպանում հաշմանդամներին և տեղահանում մնացածներին։

Շահումյանի շրջանի հայկական գյուղերի վրա սովետական բանակի և ադրբեջանական ուժերի հարձակումներին հաջորդում էին մերձակա շրջանների ադրբեջանական գյուղերի  բնակիչները, ովքեր իրենց բեռնատարներով գալիս և թալանում էին տները անմիջապես այն բանից հետո, երբ հայերը տեղահանվում էին։

Հելսինկիի Վոչ կազմակերպությունը արձանագրել է, որ գործողությունը «իրականցվել է աննախադեպ դաժանությամբ և մարդու իրավունքների կանոնավոր խախտումներով։ «Մեմորիալ» ասոցիացիայի մարդու իրավունքների կենտրոնը ևս արձանագրել է հայկական 24 գյուղերի մի քանի հազար հայկական բնակչության տեղահանման փաստը։ ԽՍՀՄ ՆԳՆ անձնակազմի վկայությունները և ԼՂԻՄ արտակարգ դրության պարետի մարզային գրասենյակի նիստերի արձանագրությունները ևս ապացուցում են տեղահանման փաստը։

Սա փաստացի հայերի դեմ լայնամասշտաբ հարձակում էր։ Հարձանկումների ենթարկվեցին նույնիսկ ՀԽՍՀ  տարածքում գտնվող գյուղերը։ 1991 թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Տավուշի Ոսկեպար գյուղը, որը հարակից էր  Ադրբեջանի Ղազախ շրջանին,  ենթարկվեց սովետական զորքերի և ադրբեջանական հատուկ ոստիկանական ուժերի հարձակումներին։ Սովետական զորքերի հատուկ ջոկատայինները վայրէջք կատարեցին վեց ուղղաթիռներով և փակեցին գյուղի բոլոր ելքերն ու մուտքերը: Երկու գյուղացիներ սպանվեցին, յոթը ծանր վիրավորումներ ստացան և մեկ մեքենա պայթեցվեց։ Երբ մարզային կենտրոն Նոյեմբերյանից 15 ոստիկաններ և 4 քաղաքացիական անձ փորձեցին մուտք գործել գյուղ, նրանցից 15-ը սպանվեցին առանձնահատուկ դաժանությամբ։ Նրանք, ովքեր չսպանվեցին, պատանդ վերցվեցին և տեղափոխվոցին Ադրբեջանի Կիրովաբադի բանտ, որտեղ նրանցից 3-ը մահացան։ Կազմակերպիչները մնացին անպատիժ։

Ապրիլի 24-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը նամակով դիմեց ԽՍՀՄ իշխանություններին պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայկական բնակչությանը պաշտպանելու և նրանց համար անվտանգության երաշխիքներ ապահովելու համար։ Սակայն ԽՍՀՄ ՆԳՆ ուժերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը շարունակում էին պատժիչ գործողությունները, ինչը վկայում էր այն մասին, որ հակամարտությունը վերաճելու է լայնամասշտաբ պատերազմի։

Երբ վերջապես մայիսի 6-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը քննարկեց Հայաստանի պահանջը՝ ԼՂԻՄ-ում տիրող և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրեցօր վատթարացող իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների խորհուրդ, այն միայն որոշում ընդունեց  քննարկումները տեղափոխել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգությունների խորհուրդ։ 

Նույն օրը, յոթ հազար հայ փախստականներ զինվորական ուղղաթիռներով Գետաշենից տեղափոխվեցին Ստեփանակերտ, որտեղ հանրությունը ոտքի ելավ բողոքի ակցիայի, սակայն այն արգելվեց ռազմական պարետի գրասենյակից։ Զրահատանկային զորքերը բարձրախոսերով շարժվում էին քաղաքում և անհնազանդության պարագայում սպառնում բնակչությանը ուժի կիրառմամբ։

Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային խորհրդի գործադիր կոմիտեն շրջանում հայտարարեց արտակարգ դրություն, տեղեկացրեց միջազգային հանրությանը և դիմում հղեց ՄԱԿ-ին՝ ԼՂԻՄ հայկական բնակչության համար հայցելով քաղաքական ապաստան։ 1991 թ. հունիսի 19-ի ընդլայնված նիստի արդյունքում Գործկոմը մշակեց երկրամասում քաղաքական և տնտեսական վիճակը կայունացնող միջոցառումների փաթեթ և որոշեց կազմել ծրագիր Արցախի գոյատևման և ադրբեջանական ագրեսիայի դեմ զինված պայքարի  նախապատրաստության վերաբերյալ։

Մարաղա

Ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների շարքում Մարաղայի վայրագությունները առանձնանում են թե՛ քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանության մակարդակով, թե՛ սպանված մարդկանց թվով, և թե՛ իրադարձության հետևանքներով։

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա և Մարգուշավան (նախկին Լենինավան) գյուղերի իրադարձությունները Ադրբեջանի կողմից ծրագրավորված ցեղասպանական գործողություններ էին, որոնք իրականացվեցին երկու փուլով։ 1992 թ. ապրիլի 10-ին՝ հրետանային կրակից հետո, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ քսան միավոր զրահապատ տեխնիկայի աջակցությամբ, ներխուժեցին գյուղ, այրեցին և ավերեցին տները, սպանեցին և պատանդ վերցրեցին բնակիչներին։ Նույնը կրկնվեց մայիսի 10-ին, երբ ավելի շատ թվով մարդիկ պատանդ վերցվեցին, իսկ Մարաղա և Մարգուշավան գյուղերը ամբողջովին հավասարվեցին գետնին։ Գյուղի 4644 բնակիչներից շուրջ 300-ը տեղափոխվեցին նույն շրջանի այլ վայր և հիմնեցին Նոր Մարաղա գյուղը, իսկ մնացածը ցրվեցին, արտագաղթելով Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և մի շարք ԱՊՀ երկրներ։

Պատանդներից շատերը պահվում էին անհատ քաղաքացիների մոտ (հիմնականում ՆԳՆ և հատուկ ոստիկանական ուժերի աշխատակիցներ), ինչը 1949 թ. «Պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանության վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի խախտում է։ Հանցագործության վայրը և հետևանքները փաստաթղթավորված են և վկայում են այն մասին, որ առնվազն 57 բնակիչ սպանվել է, իսկ նրանց մարմինները պղծվել են և այլանադակվել։ Մարմինները արտաշիրիմելու ընթացքում արված տեսագրություններում ակնհայտ երևում են կտտանքի և այլանդակելու ապացույցներ, որոնց մի մասը արվել են զոհերի մահանալուց հետո։ Սպանվածների թվում էին 30 կանայք և 20 մեծահասակներ։ Տասնյակ գյուղացիներ գլխատվել են շատերը՝ դեռ կենդանի վիճակում, իսկ մարմինները այրվել։ Որոշ փրկվածներ, ովքեր կարողացել են փախչել, տեսել են, թե ինչպես են սղոցում  իրենց դեռևս ողջ երեխաների կամ այլ ազգականների գլուխները։ Շուրջ 60 մարդ պատանդ է վերցվել՝ ներառյալ 9 երեխա և 29 կին։ Տները կողոպտվում էին, ապա այրվում։ Դիակները ևս թալանվում էին և նրանց ունեցվածը առգրավվում էր։

 

Անշուշտ դժվար կլիներ Մարաղայի կոտորածներից ողջ մնացածներին մեղադրել ադրբեջանցիների հանդեպ ոչ բարյացակամ զգացմունքների մեջ այն ամենից հետո, ինչը նրանք վերապրել էին: Նրանք ստիպված էին գաղթել և նոր բնակավայր հիմնել: Նոր Մարաղան հիմնվեց Մարտակերտի շրջանում, որտեղ շրջակայքում մահմեդականների մի գերեզմանատեղի կա: Տապանաքարերը չէին վնասվել և կանգուն էր անգամ փողոցի մյուս կողմում գտնվող մոլլայի դամբարանը: 

2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Նոր Մարաղա գյուղն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ՝ բնակիչները ևս մեկ անգամ ստիպված տեղահանվեցին, իսկ նրանց տների, գերեզմանների և այլ կառույցների ճակատագիրն անհայտ է: 

2002 թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդը հրապարակավ դատապարտեց մարդու իրավունքների խախտման այս իրադարձությունները, հայտարարելով, որ ոչ մի ռազմական արդարացում չկար բռնության համար, ինչը հայերի հանդեպ ատելության Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության մի օրինակ էր միայն, և կոչ արեց միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին այն ճանաչել որպես հայերի դեմ ցեղասպանություն։

Մարաղա. Այս գյուղի անունը կապվում է մի կոտորածի հետ, որը երբևէ չարտացոլվեց  համաշխարհային մամուլի վերնագրերում, թեև դաժանաբար սպանվեցին առնվազն 45 հայեր: Լեռնային Ղարաբաղ Միջազգային քրիստոնական համերաշխություն կազմակերպության այցելության ընթացքում լուր ստացվեց, որ ազերի-թուրքերը մի գյուղ են գրավել հյուսիսում, Մարտակերտի շրջանում ապրիլի 10-ին և սպանել քաղաքացիական բնակիչների: Մի խումբ մեկնեց դիտարկելու իրադրությունը և հայտաբերվեց մի գյուղ, որի վերապրած բնակիչները շոկի մեջ էին, նրանց այրված տներից դեռևս ծուխ էր բարձրանում, գետնին դեռևս ընկած էին մոխրացած դիակներ և կմախքներ, որտեղ մարդկանց գլուխները սղոցով կտրել և նրանց մարմիններն այրել էին նրանց ընտանիքների աչքի առաջ: 45 մարդու կոտորել էին, 100 մարդ էլ անհետ կորել էր, հավանաբար արժանանալով մահվանից էլ ավելի վատ ճակատագրի: Լսած պատմություները ստուգելու նպատակով խմբի անդամները հարցրին գյուղացիներին, թե նրանք կարող էին արտաշիրիմել արդեն հուղարկավորված մարմինները: Նրանք դա արեցին մեծ ցավով, թույլ տալով լուսանկարել գլխատված և մոխրացած մարմինները: Ավելի ուշ, երբ նրանց հարցրեցին այս ողբերգությունը հանրայնացնելու մասին, նրանք դժկամություն հայտնեցին, ասելով, որ «հայերը լավ չեն աշխարհին իրենց վիշտը ցույց տալու գործում»:

Մենք հավատացած ենք, որ կարևոր է այս դեպքերն արձանագրելը, ինչպես նաև այն, թե ինչպես են կամ ինչպես չեն մեկնաբանվել և պատկերվել դրանք դրանց առնչվող անձանց և միջազգային մամուլի կողմից: Միջազգային հասարակական կարծիքն անխուսափելիորեն ձևավորվում է լրատվամիջոցների լուսաբանմամբ, և քաղաքական աջակցության մեծ չափի կուրուստ է տեղի ունեցել Խոջալույում ենթադրյալ իրադարձությունների պատճառով: Միջազգային մամուլն ընդհանրապես չանդրադարձավ Մարաղայում հայերի կոտորածին: Հետևաբար, աշխարհի աչքերում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը թվում են ավելի դաժան, քան ազերի-թուրքերինը: Իրականում, ապացույցները ցույց են տալիս, որ հակառակն ավելի հավանական է, որ ճիշտ լինի:

Աղբյուրը. «Շարունակվող Էթնիկ զտում. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում», Քերոլայն Քոքս և Ջոն Էյբներ, Իսլամական աշխարհում կրոնական փոքրամասնությունների հարցերով ինստիտուտ, Ցյուրիխ, Լոնդոն, Վաշինգտոն, 1993