Այս կայքն արտացոլում է իրավիճակը իր մեկնարկի՝ 2023թ. օգոստոսի դրությամբ: Ինը ամիս տևած համակողմանի շրջափակումից և շարունակական ահաբեկումից հետո, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը, գործածելով իրենց տիրապետության տակ եղած ողջ զինանոցը, բոլոր կողմերից հարձակվեցին Արցախի վրա: Երկարատև շրջափակումից հյուծված և որևէ արտաքին աջակցությունից զրկված` Արցախն ընկավ: 2020թ. արյունալի պատերազմին հաջորդած շուրջ հիսուն հազար արցախցիների արտագաղթից հետո իրենց նախնիների հողում դեռևս ապրող հարյուր հազարից ավելի հայ բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը՝ թշնամուն թողնելով իր տներն ու աշխատավայրերը, պետական և առևտրային շենքերը, եկեղեցիները, վանքերը, գերեզմանները, հուշարձանները և ողջ ունեցվածքը: 2023թ. հոկտեմբերի սկզբից սկսած, Արցախի հազարամյա պատմության մեջ առաջին անգամ, Արցախում՝ հայկական հողում, հայեր չեն ապրում: |
Այս կայքի նպատակն է ընթերցողին համապարփակ պատկերացում տալ Արցախի* մասին, ցույց տալ իրական երկիրը, ինչպիսին է այն եղել դարերի ընթացքում և ինչպիսին է այսօր: Արցախում կյանքի բոլոր կողմերը լուսաբանելու հանձնառությունը չափազանց հավակնոտ կլիներ, սակայն այնուամենայնիվ, կայքը փորձում է ընթերցողին ներկայացնել հնարավորինս բազմակողմանի և ընդգրկուն ներկապնակ` Արցախի հիասքանչ բնապատկերներով ու մարդկանց կողմից ստեղծված հրաշքներով:
Այն փորձում է ցույց տալ, թե որտեղ և ինչպես են ապրում Արցախի արժանապատիվ, աշխատասեր, ստեղծագործ, բարի և հյուրասեր, շիտակ խոսող և շիտակ էլ գործող բնակիչները։ Կայքում անդրադարձ կա նաև երկրի պատմությանը, որտեղ ընդհանուր գծերով ներկայացվում են վաղ ժամանակները, իսկ քիչ ավելի մանրամասն՝ վերջին անհանգիստ տարիները:
Ցավոք, պատերազմները այդ պատմության զգալի մասն են կազմում և Արցախի անկախությանն ու խաղաղ ապրելակերպին բազմիցս մարտահրավերներ են նետել, վերջին շրջանում՝ ցավալի կորուստներով։
Արցախը հիացնում է իր հուշարձանների առատությամբ. Հայոց առաքելական եկեղեցու Արցախի թեմի այժմյան տարածքում 1813 թվականին կային 1311 վանքեր և եկեղեցիներ։ Դրանց մի զգալի մասը կիսավեր է կամ հիմնովին ավերված, սակայն նույնիսկ կանգուն մնացածներն էլ դժվար թե հնարավոր լիներ լուսաբանել մեկ կայքում, գրքում կամ ֆիլմում։ Պատերազմների, արշավանքների և նվաճումների երկար պատմության ընթացքում Արցախում բազմաթիվ բերդեր ու ամրոց-բնակավայրեր են կառուցվել։ Թագավորները, իշխաններն ու մելիքները կառուցել են բազմաթիվ պալատներ և կալվածքներ: Երկրում բազմաթիվ են նաև միջնադարյան հոյակապ կամուրջները:
Ինչպես հայտնի է, Արցախում քրիստոնեությունը սկսել է հաստատվել դեռևս առաջին դարից և չորրորդ դարի սկզբին, ինչպես Հայաստանի մյուս մասերում, ընդունվել է որպես պետական կրոն: Պատահական չէ, որ Արցախում են գտնվում հայկական միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ առանձնահատկություններով աչքի ընկնող բազմաթիվ հոյակերտ վանքեր ու եկեղեցիներ: Թեև շատ ազգեր կարող են հպարտանալ համամարդկային արժեք և կարևորություն ունեցող ճարտարապետական հուշարձաններով, սակայն, դժվար թե գտնվի մեկ այլ վայր, որտեղ տարածքի համեմատ հուշարձանների՝ վանքերի, եկեղեցիների, ամրոցների, միջնադարյան կամուրջների, կալվածքների ու խաչքարների այսպիսի խտություն կա:
Հազիվ թե որևէ լուսանկար կարող է ըստ արժանվույն ներկայացնել երկրի ապշեցուցիչ գեղեցկությունը։ Իրավացիորեն լեռնային կոչվող Արցախը մի վայր է, որը պետք է տեսնել․ անտառածածկ սարեր և բարձր վեհաշուք լեռներ, որոնք միշտ ձյունածածկ գագաթներ ունեն, կանաչ հովիտներ, լեռներով և հիասքանչ կիրճերով հոսող գետեր ու առվակներ, հարուստ կենդանական և բուսական աշխարհ, մարդու ստեղծած պաշտամունքային կառույցներ այնպիսի վայրերում, որոնք ոչ միայն թվում են, այլև իսկապես անհասանելի են:
Այս կայքը պարզապես մի հայացք է Արցախի հարստությանը, երկիր, որը ամբողջովին հայկական է պատմական, մշակութային և բոլոր այլ առումներով: Այդ հարստության միայն մի փոքր մասն է հնարավոր ներկայացնել: Ցավոք, բազմաթիվ հուշարձաններ ավերվել են, շատերն էլ՝ բռնազավթվել: Այնուհանդերձ, նրանք մնացել են տպավորիչ ու խոսուն:
Կայքում զետեղված ամփոփ պատմությունը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են Արցախ աշխարհով և ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ և հասկանալ նրան: Պատմական շարադրանքի նպատակը երկրի հազարամյակների պատմության բոլոր մանրամասները ներկայացնելը չէ. այն ավելի շատ կենտրոնանում է համեմատաբար ուշ շրջանի վրա, երբ Արցախը/Ղարաբաղը ստիպված անկախության ևս մեկ պատերազմ մղեց և հաղթեց այն, ապա դիմագրավեց ևս մեկին և կորուստներ ունեցավ: Կայքը փորձում է պատկերացում տալ, թե ինչ է ցանկանում արցախցին և ինչու է ստիպված դիմում ինքնապաշտպանության։ Կայքը նաև նկարագրում է անվերջ պայքարի և զոհաբերության գնով ձեռք բերված պետականության կառուցվածքն ու խորհրդանիշները։
2020 թվականին ադրբեջանական ագրեսիան և Արցախ ներխուժումը, որին անհերքելիորեն աջակցել են Թուրքիան և վերջինիս օժանդակությամբ ներգրավված ջիհադիստ վարձկանները, բացի զոհերից, մարդու իրավունքների ոտնահարումից, միջազգային իրավունքի խախտումներից և ավերածություններից, հանգեցրել են նաև Արցախի զգալի հատվածի բռնազավթմանը։ Դա նշանակում է, որ հազարավոր մարդիկ սպանվել են կամ դարձել հաշմանդամ, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ դարձել փախստական, մինչ մնացածն էլ զրկանքներ են կրում երկարատև ապօրինի շրջափակման հետևանքով։ Դա նշանակում է, որ մշակութային նշանակության հազարավոր վայրերի, հուշարձանների ու շինությունների ճակատագիրը լավագույն դեպքում անորոշ է։ Ցավոք, որոշ թանգարաններ և հուշարձաններ արդեն իսկ ավերվել, ձևախեղվել կամ պղծվել են, ինչպես և ակնկալվում էր։ Այս կայքում հնարավորության սահմաններում ներկայացվում են նաև այդ վայրագություններն ու հուշարձանների ներկայիս կարգավիճակը:
*Այլ անունների բացատրության համար տես Պատմություն բաժինը: |
|