Ապրիլյան քառօրյա պատերազմը
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Առավել թեժ մարտեր ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ադրբեջանական ուժերը հրետանային հարվածներ հասցրեց խաղաղ բնակավայրերի՝ Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Ներքին Հոռաթաղի, Մեխակավանի, Արալեռի ուղղություններով։
Ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի ու մարտական տեխնիկայի քանակը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները միանշանակ վկայում էին, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն էր։ Սահմանային բախումների ինտենսիվությունը սկսել էր աճել հատկապես 2014թ-ից։ 2015 թ․ հունվարից ադրբեջանական զինված ուժերն անցել էին ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծմանն ականանետերով, սեպտեմբերից՝ խոշոր տրամաչափի հրետանիով ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, դեկտեմբերից՝ տանկերի կիրառմամբ։ 2011-2015թթ․ ժամանակահատվածում, ըստ Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի՝ մինչև 2015թ․ աշխարհում սպառազինությունների առևտրի մասին զեկույցի, սպառազինությունների ներկրման ծավալներով Ադրբեջանը առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում (https://www.sipri.org/sites/default/files/SIPRIFS1602.pdf): Խախտելով ԵՍԶՈՒ մասին պայմանագրով սահմանված թույլատրելի առավելագույն շեմը՝ ադրբեջանական կողմը ձեռք էր բերել մեծաքանակ հարձակողական սպառազինություններ։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը 2016 թ․ ապրիլի 2-ին՝ պատերազմի առաջին օրը, «Говорит Москва» ռադիոկայանին և «Дождь» հեռուստաալիքին տրված հարցազրույցներում հայտարարեց, որ Ադրբեջանը չուներ այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը։
Հրադադար
Ռազմական գործողությունների սկզբնական փուլում Ադրբեջանը գրավեց ընդհանուր առմամբ 21 դիրք (և՛ հյուսիսում, և՛ հարավում)։ Սակայն հայկական ուժերին հաջողվեց դրանցից 11-ը, որոնք հիմնականում հյուսիսային հատվածում էին, հետ գրավել։
Ռազմական ինտենսիվ գործողությունները ավարտվեցին ապրիլի 5-ի կեսօրին․ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց հրադադար արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով։
2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նրանք հաստատում էին, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և շեշտում հրադադարի մասին 1994թ․ և 1995 թ․ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել էին ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո
2016 թ․ հուլիսի 20-ին ռուսական կողմը նախաձեռնեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում, որի ընթացքում կողմերը վերահաստատեցին 2016 թ․ մայիսի 16-ի Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հումանիտար իրավունքի խախտումները
Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրագործվեցին բազմաթիվ ռազմական հանցագործություններ ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներ ինչպես Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների հանդեպ։ Ագրեսիայի առաջին իսկ օրը ադրբեջանական բանակը հրետակոծեց Մարտունու շրջանում գտնվող դպրոցներից մեկը, ինչի հետևանքով սպանվեց 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվեցին։ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրագործվեց հայ ընտանիքի երեք տարեց անդամների դաժան սպանություն՝ նրանց դիակների խեղմամբ։ Խեղման ենթարկվեցին նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ավելի քան երկու տասնյակ զինծառայողների մարմիններ. կտրել էին գլուխները, դաստակները, մատներն ու ականջները։ Առնվազն չորս զինծառայողներ կտտանքների էին ենթարկվել դեռևս կենդանության օրոք։ Ադրբեջանցի զինվորները նկարահանվել էին կտրված գլուխները ձեռքներին և դրանք ցուցադրել մերձակա ադրբեջանական գյուղերի բնակիչներին։ Դաժանության նման դրսևորումներն ընկալվել են որպես խրախուսման արժանի արարք․ կտրված գլուխը տեսախցիկի առջև ցուցադրած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել էր Ադրբեջանի նախագահի կողմից։
2016թ. ադրբեջանական ագրեսիայի նկարներ համացանցի աղբյուրներից |
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման դիտավորյալ բնույթի մասին էր փաստում նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում «չկա խաղաղ բնակչություն», «կան միայն դաշտ և զինվորականներ» ( https://meduza.io/feature/2016/04/04/s-toy-storony-tolko-pole-i-voennye), և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակային սպառնալիքները ձեռքի տակ եղած բոլոր «ծանր մարտական միջոցների» օգտագործմամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին «ջախջախիչ հարվածներ» հասցնելու մասին (http://mod.gov.az/ru/news/rasporyazhenie-ministra-oborony-vooruzhyonnym-silam-12749.html)։
Հետևանքներ․ տարածքային և մարդկային կորուստներ
Պատերազմի արդյունքում Ադրբեջանը իր վերահսկողությունը հաստատեց մի շարք բարձունքների նկատմամբ։ 2016թ․ մայիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել էր 800 հեկտար տարածք, որը չուներ ռազմավարական որևէ նշանակություն (6․15 հեկտարը հյուսիսում՝ Թալիշ գյուղի ուղղությամբ, 2․1 հեկտարը հարավում՝ Վարազաթումբ/Լելե Թեփե բարձունքը): (https://www.kavkaz-uzel.eu/blogs/83781/posts/37241)
2016թ․ մայիսի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, թե իրենք վերահսկողություն էին հաստատել 2000 հեկտարի նկատմամբ։
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվեցին 65 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ (սպաներ՝ 16, պայմանագրային զինծառայողներ՝ 15, ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34, աշխարհազորայիններ՝ 11, պահեստազորայիններ՝ 2), ընդհանուրը` 93 զոհված/մահացած։ (https://mil.am/hy/news/399):
Ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում զոհվեցին 9 զինծառայողներ և 2 աշխարհազորայիններ։ Հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհվեցին ԼՂՀ խաղաղ 4 բնակիչներ։
Ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հրապարակել իր զոհերի թիվը։