Շուշիի թանգարաններ
Ինչպես հայտնի է, Շուշին եղել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն, սակայն 1920 թ. մարտին թուրքական ուժերը ադրբեջանական ռազմական միավորումների հետ մեկտեղ թալանեցին և կրակի մատնեցին Շուշին՝ Ղարաբաղի ամենակարևոր քաղաքը, որը այդ ժամանակ բնակչության թվով Ադրկովկասի մեծությամբ հինգերորդ քաղաքն էր։ Շուշիի 35,000 հայկական բնակչության մեծ մասը ոչնչացվեց, իսկ քաղաքը գրեթե ամբողջությամբ հավասարեցվեց գետնին։ 7000 տներ, մեծ թվով եկեղեցիներ և պատմական ու մշակութային նշանակության կոթողներ ավերվեցին կամ պղծվեցին։ 1920-ից հետո դեռ երկար ժամանակ Շուշիի ավերակները այցելուներին հիշեցնում էին Ղարաբաղի նկատմամբ տարվող քաղաքականության Ադրբեջանի իրական նպատակերի մասին։
1992թ. Շուշիի ազատագրումից հետո կյանքը սկսեց կանոնակարգվել և արվեստները սկսեցին վերադառնալ Շուշի: Բացվեցին նոր թանգարաններ, աշխուժացավ մշակութային կյանքը:
2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Շուշիի անկման հետևանքով դադարեցին գործել Շուշիի հինգ թանգարանները և միջազգային քանդակի պուրակը, մի շարք մասնավոր ցուցասրահներ և արվեստանոցներ, ոչնչացվեցին կամ կորսվեցին բազմաթիվ մշակությաին արժեքներ: Թշնամու ձեռքն անցան ոչ միայն արվեստի ստեղծագործություններ, այլև դրանց մասին տեղեկությունները:
Արցախի իշխանությունների ջանքերի շնորհիվ 2022թ. աշնանը հաջողվել է վերականգնել գեղարվեստի անհետացած գործերի մասին տեղեկությունների մի մասը: Այսպես, կորսվել են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի հավաքածուից 648 գործեր, Շուշիի արվեստի կենտրոնի հավաքածուից՝ 66 գործեր, Շուշիի քանդակի միջազգային պուրակի հավաքածուից՝ 51 գործեր, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածուից՝ 168 գործեր, Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածուից՝ 37 գործեր, Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածուից՝ 20 գործեր, Նարեկացի Արվեստի միության հավաքածուից՝ 36 գործեր: Ընդհանուր առմամբ 2022թ. վերջի դրությամբ հաջողվել է նույնականացնել ադրբեջանցիների ձեռքն անցած 1026 ստեղծագործություններ: