Շահումյան

Շահումյանի շրջան

Բռնազաթված է 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Շինությունների, ենթակառուցվածքների և հուշարձանների ճակատագիրն անհայտ է: Բնակիչները ստիպված են եղել արտագաղթել:

Շահումյանի շրջանը 1991 թվականի սեպտեմբերի 2-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական միավորն է: Մինչև 1930 թվականը եղել է Գյուլիստանի շրջանը, իսկ 1930/31-1991 թվականներին՝ Ադրբեջանի Շահումյանի շրջանը։ 1989 թվականին այն ունեցել է 21,000 բնակչություն, որից 17,500-ը հայեր են եղել, իսկ 3,500-ը՝ ռուսներ և ադրբեջանցիներ։ Մռավի լեռնաշղթայի Գյամիշ լեռը տարածաշրջանի ամենաբարձր գագաթն է՝ 3724 մետր: Գյուլիստանի ամրոցը (տե՛ս «Ամրոցներ» բաժինը, այժմ` կիսավեր) Գյուլիստանի մելիքների նստավայրն է եղել։

Այս շրջանը եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում և որպես այդպիսին շարունակել է հաջորդող հայկական մի քանի՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակում Արարատյան (Բիայնիլի, Ուրարտու), մ.թ.ա. 6-2-րդ դդ. Երվանդունիների (Օրոնտես), ապա Արտաշիսյանների (մ.թ.ա. 2-րդ դարից մ.թ. 1-ին դար), հետո՝ Արշակունիների (մ.թ. 1-4-րդ դդ.) թագավորությունների մաս կազմել: 5-րդ դարից այն, ինչպես Արցախի մնացած մասը, կառավարվել է հայկական Առանշահիկ արքայատոհմի կողմից: 7-9-րդ դարերում այն, տարածաշրջանի մեծ մասի պես, հայտնվել է արաբների վերահսկողության ներքո: 10-րդ դարից Շահումյան-Գյուլիստանը Խաչենի իշխանության մեջ էր (ինչպես կոչվում էր այդ ժամանակ Արցախը), իսկ Խաչենը 16-րդ դարի կեսերից հայտնվել էր պարսից վերահսկողության ներքո:

Շահումյանի լեռներում
Շահումյանի լեռներում

17-18-րդ դարերում այն Խամսայի մելիքություններից մեկն էր և ղեկավարվում էր Մելիք-Բեգլարյան ընտանիքի կողմից: 1813թ. Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Գյուլիստանի պայմանագրի կնքումից հետո Արցախը Գյուլիստանի մելիքության և Հարավային Կովկասի շատ տարածքների հետ հայտնվել է ռուսական տիրապետության տակ: Այն տարբեր ժամանակներում ընդգրկվել է վարչական տարբեր բաժանումների մեջ, իսկ 1918-1920թթ., ինչպես Լեռնային Ղարաբաղի մյուս շրջանները, անկախ է եղել և կառավարվել է Հայկական Ազգային խորհրդի կողմից:  1920թ. Արցախի մյուս շրջանների պես Գյուլիստանը ևս ներխուժման է ենթարկվել  թուրք-մուսավաթական միասնական զինված ուժերի կողմից, ավերածությունների և սպանությունների ենթարկվել: 1920թ. այն Ադրբեջանի կողմից ճանաչվել է որպես Հայաստանի անբաժան մաս, սակայն հետագայում բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնակցվել է Ադրբեջանին՝ ի հեճուկս Արցախի և Հայաստանի բնակչության կամքին: 1991-1994թթ. Շահումյանի 59 բնակավայրերից 29-ը Ադրբեջանի կողմից օկուպացվել են: ԼՂՀ Շահումյանի շրջանը միավորում էր նախկին Շահումյանի շրջանի մի մասը և Քարվաճառի/Քելբաջարի շրջանը, սակայն 2020թ. պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

 

Քարվաճառ

Ինչպես Արցախի մյուս բնակավայրերը, Քարվաճառը նույնպես վերականգնվում էր, բարելավվում էին կյանքի պայմանները: 2020թ. ադրբեջանական ագրեսիայից հետո Քարվաճառի վիճակը հայտնի չէ:
Ծիածան Քարվաճառում

Տարածաշրջանը հայկական խոշոր գետերից մեկի՝ Տրտուի (Թարթառի) սկիզբ առնելու վայրն է, և ունի ևս երկու հիմնական գետեր՝ Լև և Դուխտու։ Այն առատ է աղբյուրներով և ունի մի քանի լճեր՝ բոլորը ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Այն հարուստ է հանքային սառը և տաք աղբյուրներով, ինչպիսիք են Ջերմաջուրը և շատ ուրիշներ:

Շահումյանի շրջանը հարուստ է հանքային առողջարար ջրերով:

Ծար

Բռնազավթվել է 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

Ծարը եղել է ամրացված գյուղ՝ Թարթառ գետի վերին մասում՝ Ծառագետ վտակի հետ միախառնվելու վայրում՝ ծովի մակարդակից 2030-2050մ բարձրության վրա գտնվող եռանկյունանման սարահարթի վրա։ Այն շրջապատված է խորը կիրճերով և լեռնաշղթային միանում է ընդամենը 250 մետր հատվածով, ինչն էլ ամրացվել է և գյուղը դարձրել անմատչելի։ Ծարը հիշատակվում է միջնադարից, եղել է իշխանների նստավայր՝ պալատներով, մելիքների կալվածքներով և այլն։ Ունեցել է չորս եկեղեցի, որոնցից մասամբ պահպանվել են Սուրբ Գրիգորը (1274թ.) և Սուրբ Սարգիսը (1279թ.): Մոտակայքում եղել են նաև երկու վանքեր, բայց երբ հայ բնակչությունը փոխարինվել է թյուրքալեզու քրդերով, վերջիններս ավերել են եղածի զգալի մասը, ինչպես օրինակ՝ 1301թ. հիմնադրված Ծարի վանքը, որը նաև կոչվում է Գետամիջո վանք («վանք` գետերի միջև»)։ Հայկական եկեղեցիների քարերն օգտագործվել են Ծարի և մերձակայքում գտնվող քրդական գյուղերի դպրոցների և այլ շինությունների կառուցման ժամանակ։ Ծարը եղել է ձեռագրերի ստեղծման կենտրոն։ Այդտեղ ստեղծված «Քարոզագիրքը» այժմ պահվում է Մատենադարանում՝ Երևանի հին ձեռագրերի ինստիտուտում։

Ծարի Սբ Գրիգոր եկեղեցին
Ծարի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորը
Խաչքար Ծարի Սբ Գրիգոր եկեղեցու տարածքում
Հայացք Ծարի բարձունքից

Հանդաբերդի մոտ գտնվող վանական համալիր

Բռնազավթվել է 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ:

Վանական համալիրի որոշ մասեր կառուցվել են 13-րդ դարում, մինչդեռ մյուս շինությունների կառուցման ժամանակը հայտնի չէ: 

Հանդաբերդի վանքի՝ յուրահատուկ զարդարանքներով այս խաչքարը ևս 13-րդ դարի է:

Հանդաբերդի ամրոցի պատկերները տե՛ս https://realkarabakh.com/hy/handaberd/: