Այս կայքն արտացոլում է իրավիճակը իր մեկնարկի՝ 2023թ. օգոստոսի դրությամբ: Ինը ամիս տևած համակողմանի շրջափակումից և շարունակական ահաբեկումից հետո, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը, գործածելով իրենց տիրապետության տակ եղած ողջ զինանոցը, բոլոր կողմերից հարձակվեցին Արցախի վրա: Երկարատև շրջափակումից հյուծված և որևէ արտաքին աջակցությունից զրկված` Արցախն ընկավ: 2020թ. արյունալի պատերազմին հաջորդած շուրջ հիսուն հազար արցախցիների արտագաղթից հետո իրենց նախնիների հողում դեռևս ապրող հարյուր հազարից ավելի հայ բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը՝ թշնամուն թողնելով իր տներն ու աշխատավայրերը, պետական և առևտրային շենքերը, եկեղեցիները, վանքերը, գերեզմանները, հուշարձանները և ողջ ունեցվածքը: 2023թ. հոկտեմբերի սկզբից սկսած, Արցախի հազարամյա պատմության մեջ առաջին անգամ, Արցախում՝ հայկական հողում, հայեր չեն ապրում: |
Արցախը պատմականորեն բազմաթիվ անուններ ունի և դրանց նույնիսկ ավելի շատ գրություններ։ Արարատյան կամ Վանի (Ուրարտու) թագավորության կազմում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում այն հայտնի էր որպես Ուրտեխինի (Օրխիստենե): Որպես Մեծ Հայքի տասներորդ նահանգ, այն դարեր շարունակ հայտնի էր Արցախ անունով: Չորրորդ դարում այն հայտնի է եղել նաև Ծավդեկ անունով։ Երբ Հայաստանի որոշ հատվածներ անցան պարսկական տիրապետության տակ, մեկ այլ նահանգի՝ Ուտիքի հետ միասին այն հինգերորդ դարում միացվեց Աղվանքին (հայերս այն անվանում էինք Բուն Աղվանք)։ Երբ հետագա դարերում հայերը կռվել են արաբ զավթիչների դեմ, այդ պայքարում առաջատար դեր է ստանձնել Խաչենի մելիքությունը։ 10-րդ դարից սկսած Խաչեն անվանումը որոշակի ժամանակաշրջան կիրառվել է ողջ Արցախի համար։ Թուրքական ցեղերի կողմից բռնազավթվելուց հետո Ղարաբաղ (սև կամ մեծ այգի) անվանումը ի հայտ է եկել մոտ տասնչորսերորդ դարում։ Մոնղոլների արշավանքներից և կրկին պարսկական տիրապետության տակ անցնելուց հետո այն կազմակերպվել է կիսանկախ Խամսայի մելիքությունների կամ հինգ խոշոր հայկական մելիքությունների, մելիքների՝ տեղական անկախ ազնվականների կառավարման ներքո։ Ռուսական կայսրության օրոք անունը գրվել և արտասանվել է որպես Կարաբախ, թեև տեղացիները արտասանում էին Ղարաբաղ: Երբ ռուս կոմունիստները 20-րդ դարում այդ տարածքը միացրին Խորհրդային Ադրբեջանին, նրա լեռնային հատվածին տրվեց որոշ ինքնավարություն և այն կոչվեց Լեռնային Ղարաբաղ: Երբ ազատագրական շարժումը նոր թափ ստացավ խորհրդային շրջանի վերջում և վերածվեց արյունալի առճակատման, Լեռնային Ղարաբաղ անունը հայտնի դարձավ միջազգային հանրությանը։ Երբ Խորհրդային Միությունը մոտ էր փլուզմանը, Ղարաբաղում ապրող ժողովուրդը, նախ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով, 1991 թվականի սեպտեմբերին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հիմնադրման մասին: Այնուհետև, դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեով ժողովուրդը վերահաստատեց իր որոշումը: Հանրապետությունն ընդգրկում է նախկինում Ադրբեջանին բռնակցված տարածքի հիմնական, բայց ոչ ամբողջ մասը։ 2006 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրությամբ հաստատվեց, որ չճանաչված, սակայն փաստացի անկախ հանրապետությունն ունի երկու պաշտոնական այլընտրանքային անվանումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն: Քանի որ «Ղարաբաղ» (Karabakh) ուղղագրությունն ավելի հայտնի է, քան «Ղարաբաղ» (Gharabagh) բառի իսկական տառադարձությունը, այս կայքի ոչ հայատառ մասում օգտագործվում է առաջինը, «Արցախ» անվան հետ մեկտեղ, որը երկրի դարեդար գործածված սկզբնական անվանումն է: ԱՀ-ն և ԼՂՀ-ն պաշտոնական անվանման հապավումներն են։
Պատմության բաժինն անդրադառնում է Արցախի բազմադարյա պատմության միայն կարևոր դրվագներին և մի քիչ ավելի հանգամանալից՝ վերջին շրջանի ազատագրական պայքարին և Արցախին պարտադրված պատերազմներին: