Գանձասար

Գանձասարի վանք

Վանքի տեսքը ուղղաթիռից:

Դարեր շարունակ Գանձասարը եղել է Արցախի հոգևոր կենտրոնը: Այն հիմնադրվել է 10-րդ դարում Խաչեն գետի վերին հոսանքի մոտ գտնվող Խաչեն գավառում՝ ԼՂՀ այժմյան Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք: Գանձասար անվանման ծագումը կապված է նրա հետ, որ լեռնաշղթան, որի վրա կառուցված է վանական համալիրը, հարուստ է եղել օգտակար հանածոներով, մասնավորապես՝ արծաթով, ինչը նախկինում արդյունահանվել է: «Վանք»-ը մոտակա գյուղին տրված անունն է:

Վանքի ընդհանուր տեսքը

Երբ Հայաստանի կաթողիկոս Անանիա Ա Մոկացին 949թ. Խաչենում ժողով է հրավիրել քաղկեդոնական դավանանքի դեմ պայքարելու համար, Գանձասարի վանական համալիրը ներկայացրել է վանական Սարգիսը: Միջնադարյան տարեգրություններում (Մխիթար Գոշ, 12-13-րդ դարեր) արձանագրված է, որ Խաչենի իշխան Գրիգորը սպանվել է 1140թ. սելջուկների դեմ ճակատամարտելիս, ապա թաղվել Գանձասարում գտնվող իր ընտանեկան գերեզմանոցում:  Խաչեն-Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ Դոլան և նրա մայր Խորիշահն են 1216-1238թթ. կառուցել վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցին: Մոնղոլների հարձակման հետևանքով եկեղեցու օծումը հետաձգվել է և տեղի է ունեցել 1240թ. հուլիսի 22-ին՝ Հիսուսի Պայծառակերպության տոնին: Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ տոնակատարությանը մասնակցել են յոթ հարյուր քահանաներ: Լեգենդի համաձայն՝  մայր տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ Հասան-Ջալալը հողին էր հանձնել Հովհաննես Մկրտչի գլուխը, որն ավելի վաղ փնտրել ու գտնել էին ուխտավոր վանականները Երուսաղեմում, և որը Հասան-Ջալալի եղբոր մոտ էր հայտնվել: Ասվում է, որ այս վանական համալիրում են հանգրվանել նաև այլ սրբերի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Գրիգորիսի և այլոց մասունքներ: Իր գործունեության սկզբից Գանձասարը ծառայել է որպես եպիսկոպոսական աթոռանիստ:

Պատմության համաձայն՝ տաճարը կառուցվել է վաղ շրջանի չպահպանված հուշարձանի վայրում, սակայն տարածքի որոշ խաչքարեր թվագրվում են 1174, 1181 և 1202 թվականներով:

Հասան-Ջալալը 12-րդ դարի հայ ամենահայտնի իշխաններից էր: Նրա պալատի ավերակները գտնվում են վանական համալիրից ոչ հեռու և կոչվում են «Դարաբասներ», ինչը նշանակում է պալատ: 

Տեսարաններ Գանձասարից

Գավիթի՝ զարդանախշերով մուտքն ու դռները

Խաչքար-տապանաքար վանքի բակում

Սուրբ Հովհաննես եկեղեցին իր ժամանակաշրջանի հայկական ճարտարապետության ամենավառ նմուշներից է։ Նրա գմբեթը եզակի է ինչպես ճարտարապետությամբ, այնպես էլ արձանագրությունների ու զարդաքանդակների հարստությամբ:

Գավիթը՝ իր ժամանակի մեկ այլ գլուխգործոց, հիմնադրվել է Հասան-Ջալալի կնոջ՝ Մամքանի և նրանց որդիների կողմից և ավարտին հասցվել 1261 թվականին Աթաբեկ-Իվանեի կողմից։ Դրա դիզայնը կրկնում է Հաղպատի և Մշկավանքի վանքերի գավիթներինը։ Նրանում թաղված են իշխաններ և բարձրաստիճան հոգևորականներ։ Եկեղեցու և գավիթըի տանիքները մասամբ վերանորոգվել են 1781, 1851 և 1907 թվականներին: Վանքի արևելյան պատի տակ են գտնվում վանականների համար բնակելի շինությունները, իսկ վանքի հյուսիսային պատի տակ՝ վանականների գերեզմանները։ Համալիրից դուրս գտնվող հին ու մեծ գերեզմանոցը ժամանակի ընթացքում դարձել է գյուղի գերեզմանատուն։

Վանքի պարիսպների վրա իր երկու հարյուրից ավելի արձանագրություններով՝ Գանձասարը հետազոտության հարուստ աղբյուր է, իսկ ճարտարապետական առանձնահատկությունների շնորհիվ այն վաստակել է «Հայկական եկեղեցական ճարտարապետության հանրագիտարան» անվանումը։

Վանքն ունեցել է գրատուն և ձեռագրերի հարուստ շտեմարան։ 12-13-րդ դարերում ստեղծված «Գանձասարի կարմիր ավետարանը» այժմ պահվում է Չիկագոյի համալսարանի գրադարանում։

1400 թ. Գանձասարը դարձել է Աղվանքի կաթողիկոսի աթոռանիստ։ Գանձասարի եպիսկոպոսները մասնակցել են Հայաստանի կաթողիկոսի ընտրություններին. վանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողերի, դրամական միջոցների և գյուղերի տեսքով։ 15-րդ դարում կարա-կոյունլու (սև ոչխարներ), իսկ ավելի ուշ՝ ակ-կոյունլու (սպիտակ ոչխարներ) ցեղերը, որոնք իրենց վերահսկողության տակ էին վերցրել ավելի մեծ տարածաշրջանը, ճանաչել են Գանձասարի կաթողիկոսի իրավունքները և նրան ու նրա ենթակայության տակ ծառայող հոգևորականներին ազատել հարկեր վճարելու պարտավորությունից:

17-րդ դարում Երից Մանկանց վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, սակայն Գանձասարը շարունակել է գործել և բարգավաճել։ Երբ Եսայի Հասան Ջալալյանը դարձել է Գանձասարի կաթողիկոս, այն վերածվել է նաև քաղաքական և ռազմական կենտրոնի։ Իր պատմության ընթացքում վանքը քիչ է վերանորոգվել, և նոր շինություններ են ավելացվել։ Գանձասարում ստեղծվել են ուսումնական, իրավական և աստվածաբանական բնույթի ձեռագրեր։

1813 թվականին Ղարաբաղը անցել է ռուսական տիրապետության տակ, իսկ 1815 թվականին Գանձասարի (Աղվանք) կաթողիկոսությունը փոխարինվել է մետրոպոլիտությամբ։ Թեև արքեպիսկոպոս Բաղդասարը 1836 թվականին թեմի առաջնորդարանը տեղափոխել է Շուշի, սակայն 1898 թվականին վանական համալիրին ավելացվել է երկհարկանի դպրոցական շենք: Երբ 1923 թվականին Ղարաբաղը բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, Գանձասարի վանական համալիրը դադարեցրել է իր գործունեությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988թ.:

Ադրբեջանական ագրեսիայի ժամանակ շինություններից մի քանիսը վնասվել են ուղիղ հրետանային կրակի հետևանքով, սակայն դրանք վերականգնվել են 1993-1998 թթ.: Հյուրատունն ամբողջությամբ այրվել է. հրթիռներից մեկը խրվել է վանքի պատի մեջ, ևս մեկը հարվածել է զանգակատանը՝ բարեբախտաբար դրանց լուրջ վնաս չհասցնելով։ Հրթիռների մեծ մասն ուղղված է եղել տաճարի գմբեթին, սակայն այն հրաշքով փրկվել է:

Վանքի պարսպի մեջ չպայթած արկ կա Արցախի ազատագրական պատերազմի տարիներից: Ադրբեջանցիները զինամթերքը չէին խնայում, բայց բարեբախտաբար վանքին լուրջ վնաս չի հասցվել:

Եկեղեցին ներսից խաչաձև է և հարուստ ներքին քարակերտ զարդանախշերով: Չորս ավետարանիչները ևս ներկայացված են քարե արձանների տեսքով: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը առանձնանում է հայկական շատ եկեղեցիների մեջ իր հարուստ ու գեղեցիկ հարթաքանդակներով, որոնք ներկայացնում են պատմություններ Հին և Նոր կտակարաններից, ավետարանիչներին, ինչպես նաև եկեղեցին հիմնադրած և հովանավորած իշխաններին:

Հայր Հովհաննեսը ծնվել է Վանք գյուղում և մասնագիտացել է գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում: 1992թ. նա, սակայն, գնացել է Էջմիածին հոգևորականի կոչում ստանալու նպատակով և դարձել է Գանձասարի վանական համալիրի առաջնորդական տեղապահ ու քահանա: 1992-1994 թվականներին նա մասնակցել է մի շարք բնակավայրերի պաշտպանական և ազատագրական մարտերին, մնալով Գանձասարում հրթիռակոծության և կրակի ժամանակ՝ առանձնացել է իր անձնվիրությամբ, օրհնել է ազատամարտիկներին և ոգեշնչել նրանց: Նրա նվիրումի շնորհիվ վանական համալիրը գործել է անխաթար: Այնքան մեծ էր հավատը, որ վանական համալիրը չի գրավվելու, որ ոչ մի մասունք  պաշտպանության համար դուրս չի բերվել պատերազմի ժամանակ: 
Մոմավառություն Գանձասարում