Նախապատմություն. Հին ժամանակներից մինչև քրիստոնեություն
Հայոց արևելաց կողմերը (Արցախի և Ուտիքի հավաքական անվանումը) կարևոր դեր են խաղում Հայաստանի պատմության մեջ։ Արցախը (Ղարաբաղ), որը պատմական Հայաստանի անբաժան մասն է, Մեծ Հայքի տասներորդ նահանգն էր և տարբեր ժամանակաշրջաններում հայտնի է եղել տարբեր անվանումներով ՝ Ուրտեխե-Ուրտեխինի, Օրխիսթենե, Արցախ, Ծավդեք, Խաչեն և Ղարաբաղ։ Մինչև 4-րդ դարը Արցախը իր մեջ ներառել է նաև Սևանա լճի (Ծավդեք կամ Սոտք) արևելյան ափերը։
Երկրամասի մեծապես լեռնային տարածքը ներառում է Արցախի/Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաները։ Որպես Հայաստանի նահանգ՝ Արցախը հյուսիսում և արևելքում սահմանակցել է Ուտիքին, արևմուտքում Սյունիքին, իսկ հարավում Փայտակարանին։ Արցախը բաղկացած է եղել տասներկու գավառներից. Մյուս Հաբանդ, Վայկունիք, Բերդաձոր, Մեծ Առանք (Մեծիրանք), Մեծ Կվենք (Մեծ Կուենք), Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պարզկանք (Պարծկանք), Քուստ-ի-Փառնես (Քուստ-ի-Փառնէս), Սիսական-ի-Կոտակ, Կողթ։
Արցախը որպես Հայաստանի մաս է հիշատակվում Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Պտղոմեոս Կլավդիոսի, Պլուտարքոսի, Դիո Կասիուսի և անտիկ ժամանակաշրջանի այլ հեղինակների աշխատություններում։ Օրինակ՝ հույն աշխարհագրագետ Ստրաբոնը (մ.թ.ա առաջին դար) նշում է, որ Ղարաբաղը, որն այն ժամանակ ներառում էր մերօրյա Լեռնային Ղարաբաղը և դրան հարող ավելի մեծ տարածք զբաղեցող դաշտավայրը, ունեցել է զարգացած տնտեսություն և հայտնի է եղել իր հեծելազորով (http://www.archive.org/stream/geographyofstrab05strauoft#page/n5/mode/2up)։
Տարածաշրջանի հնագույն պատմության առաջին վկայությունները թվագրվում են վաղ պալեոլիթի Աշելյան ժամանակաշրջանով (500,000 – 100,000 տարի առաջ)։ Հնագույն գործիքները և ոսկրաբանական գտածոները, որոնք հայտնաբերվել են Վորվան-Ազոխ, Ծծախաչ և Խորաձոր քարանձավներից, թվագրվում են այդ ժամանակաշրջանով։ Վորվան-Ազոխում հայտնաբերված նեանդերթալյան մարդու վերին ծնոտը կարևոր նշանակություն ունի անթրոպոլոգիական գործընթացները ուսումնասիրելու գործում։
Բրոնզի և երկաթի դարի բնակավայրերում և դամաբարաններում (ներկայիս Ստեփանակերտ, Իվանյան (նախկինում Խոջալու), Կրկժան, Ամարաս, Մատաղիս, Խաչենագետի հովիտ և Իշխանագետ) իրականացված պեղումները վկայում են, որ այս շրջանը մաս է կազմել այն տարածաշրջանին, որտեղ ծնունդ է առել Կուր-Արաքսյան մշակույթը և ծաղկում ապրել մ.թ.ա 4-րդ-3րդ հազարամյակներում։
Երրորդ հազարամյակով թվագրվող ընդարձակ դամբարանադաշտերը (Ստեփանակերտ, Խաչենագետի հովիտ) մեծ կարևորություն են ունեն Կովկասյան տարածաշրջանի հնդեվրոպական ուսումնասիրությունների համար և ենթադրաբար հնդեվրոպացիների հնագույն գործուներության առաջնային վկայություններ են։
Գտնվելով Ասորեստանի և Ուրարտուի քաղաքական և մշակութային ազդեցության գոտում, ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա 9-6-րդ դարեր) Արցախը հայտնի է եղել Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ։ Արցախում հայտնաբերված` Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրիարի անվան դաջվածքով մի ուլունք և սերդոլիկից մի զարդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ծովակ գուղի մոտակայքում հայտնաբերված Ուրարտուի Սարդուրի 2-րդ թագավորի սեպագիր արձանագրությունները վկայում են այն մասին, որ վերջինիս զորքերը հասել են նաև Ուրտեխինի (Արցախ) գավառ։
Ուրարտուի (Վանի) թագավորությունը, որը Սուրբ գրքում հիշատակվում է Արարատյան թագավորություն անվամբ, խիստ կարևոր ժամանակահատված է հայ ժողովրդի պատմության մեջ։ Որպես այդպիսին հայտնի առաջին հայկական թագավորությունը թվագրվում է մ.թ.ա 6-րդ դարասկզբով, որը համընկնում է Ուրարտուի թագավորության անկման հետ։ Իր գոյության առաջին իսկ օրերից Մարաստանի պետության դեմ դիմակայող հայկական թագավորությունը, որը ներառում էր Արցախը, 6-ից 4-րդ դարերում հայտնվում է Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության ներքո և ղեկավարվում էր Երվանդունիների տոհմի կողմից։
Մ.թ.ա. երկրորդ դարի սկզբում Արտաշիսյան արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի սահմանները անցնում էին Կուր գետով՝ իրենց մեջ ներառելով նաև Արցախը, այդպիսով ներառելով այն տարածքները, որտեղ բնակվում էին էթնիկ հայերը։ Արցախը կառավարում էին Առանշահիկները. համաձայն հայ ժողովրդի ծագման ավանդության՝ Առանշահիկների տոհմի հիմնադիր Առանը նախահայր Հայկի ժառանգներից էր։
Առաջին դարի կեսերին Հայաստանը տարածաշրջանի հզորագույն պետությունն էր։ Հայոց թագավոր Տիգրան Մեծը առաջնային կարևորություն էր տալիս Արցախին և այնտեղ կառուցում է Տիգրանակերտ քաղաքը, որը նրա անունը կրող չորս քաղաքներից մեկն էր։ Քաղաքի ավերակները հայտնաբերվել են Արցախի ազատագրումից հետո, և մինչև 2020թ. ադրեբեջանա-թուրքական ագրեսիան ընթացող պեղումները նշանակալի նմուշներով հարստացրել էին հնավայրի տարածքում գտնվող նոր թանգարանը: | |
Տիգրան Մեծը (մ.թ.ա 95-55) իր անվամբ 4 քաղաք է հիմնադրել, որոնց գտնվելու ճշգրիտ վայրերը սակայն հայտնի չեն։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական առաքելությունը. Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ 2005 թվականից սկսած պեղումներ է իրականացրել Արցախի Տիգրանակերտում։ Պեղումների արդյունքում դուրս են բերվել քաղաքի միջնաբերդի մի մասը, ամրացված թաղամասի ժայռային հիմքերը, կենտրոնական թաղամասը, ինչպես նաև՝ բազիլիկ եկեղեցի ավելի ուշ շրջանի պատկանող վաղ քրիստոնեական դամբարանադաշտում և այլ հատվածներ։ Պեղումները ցույց են տալիս, որ Տիգրանակերտը կառուցված է եղել համաձայն միասնական գծագրի՝ կիրառելով հելենիստական ճարտարապետության ժամանակակից մեթոդները և բաղկացած է եղել սպիտակ քարից կառուցված տարբեր թաղամասերից։ |
2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածքի զավթումից հետո հնավայրի և թանգարանի ճակատագրերն անհայտ են:
Աղվանքը Արցախի հյուսիսում ապրող քսանվեց ցեղերին տրված ընդհանուր անվանումն է։ Համաձայն հույն աշխարհագրագետ Ստրաբոնի, նրանք բնակվել են Կուր գետից հյուսիս մինչև Կովկասյան լեռնաշղթա ընկած տարածքներում, ինչպես նաև Վիրքից (Իբերիա) մինչև Կասպից ծով։ Մեր թվարկության առաջին դարում այս ցեղերը միավորում են մեկ պետության մեջ, բայց երբեք չեն դառնում մեկ էթնոս։ |
Մ.թ. 66-428 թթ. Արցախը Արշակունիների թագավորության կազմում էր։ Մ.թ. 387 թ. Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Արևելյան Անդրկովկասը՝ ներառյալ Արցախն ու Ուտիքը, հայտնվում են պարսկական տիրապետության ներքո։ Այս փաստը ազդեցությունը չունեցավ տարածաշրջանի էթնիկ սահմանների վրա մինչև միջին դարերը և Կուր գետի աջ ափը Արցախի հետ միասին շարունակում էր մնալ հայերով բնակեցված։ Մ.թ. 428 թ. Արշակունիների արքայատոհմի անկումից հետո, Արցախը Հայաստանի այլ շրջանների հետ միացվեց Աղվանքի թագավորությանը, որը գտնվում էր Կուր գետի հյուսիսային մասում։ Մ.թ. 469 թ. թագավորությունը վերածվում է պարսկական մարզպանության ( մարզպան նշանակում է ղեկավար)՝ պահպանելով Աղվանք անվանումը (պարսկերեն Արան)։
Չորորրդ դարի սկզբում ինչպես Հայաստանի այլ շրջաններում, այնպես էլ Արցախում տարածում է ստանում քրիստոնեությունը։ Հինգերորդ դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծումը աննախադեպ խթան է հանդիսանում հայկական մշակույթի ծաղկման համար Հայաստանով մեկ՝ ներառելով Արցախը։ Ըստ ավանդության՝ Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցը հիմնել է Ամարասի վանքում, որն այժմ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է։ Ամարասի վանքը իր հերթին հիմնադրվել է Հայաստանում քրիստոնեության հիմնադիր և առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչի կողմից։
Հայ քարոզիչները մ.թ. 370-ական թվականներին քրիստոնեությունը տարածում են նաև Աղվանքում։ Հինգերորդ դարում ավղաններն
ընդունում են քրիստոնեության հայկական առաքելական ճյուղը։ Պատմաբանները նշում են, որ Մեսրոպ Մաշտոցը, հիմք ընդունելով գարգարների (աղվանական ցեղերից մեկը) լեզուն, հիմնում է աղվանական այբուբեն։ Ցավոք, այդ լեզվով գրված աշխատությունների սղության պատճառով գիտնականերին մինչև հիմա չի հաջողվել վերծանել այն։ Արաբական արշավանքերի արդյունքում աղվանական ցեղերի մեծ մասը դավանափոխվում է՝ նրանք ընդունում են իսլամ և ավելի ուշ ձուլվում են ներխուժած թյուրքական ցեղերին։ Որոշ ցեղեր, ինչպես օրինակ լեզգիները, տեղափոխվում են Դաղստան, որը ներկայումս հանրապետություն է ՌԴ կազմում։
Միայն որոշ ցեղեր, ինչպես օրինակ ուդիները, կարողացել են ինչ-որ չափով պահպանել իրենց ազգային (քրիստոնեական) նկարագիրը։ Հաշվի առնելով կրոնական պատկանելության որոշիչ դերը այդ ժամանակաշրջանի հանրային կյանքում, զարմանալի չէ, որ հաջորդող երկու դարերի ընթացքում աղվանցիների մի հատվածը միաձուլվել է հայերի հետ։ Ազնվականների շրջանում խառնամուսնությունները տարածված էին, իսկ տեղի հոգևորականները հաճախ ազգությամբ հայեր էին և արդյունքում արդեն 7-րդ դարում աղվանցիների սեփական ինքնությունը կորչում է։