Հայկական դրամի թանգարան, Շուշի
2018թ. մայիսի 9-ին Շուշիի Ղազանչեցոց 24/1 հասցեում, Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, բացվել է Հայկական դրամի թանգարանը: Թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին և ցուցանմուշներին ծանոթացան Հայաստանի և Արցախի ղեկավարները, երկու երկրների պաշտոնյաներ և բազմաթիվ պատվավոր հյուրեր։ Այս թանգարանի առաքելությունն էր ներկայացնել թղթադրամների, մետաղադրամների, մեդալների լայն տեսականի՝ հայկական առաջին դրամներից մինչև ժամանակակից տեսակները:
Շուշիի հայկական դրամի թանգարանի հավաքածուն ներառում էր դրամներ Ծոփքի հայկական թագավորությունից, Արտաշեսյան արքայատոհմի այնպիսի արքաներից, ինչպիսիք են Տիգրան Մեծը, Արտավազդ Երկրորդը, Կիլիկիայի հայկական թագավորությունից, և դրամներ ու թղթադրամներ Ռուսական կայսրությունից, Հայաստանի առաջին հանրապետությունից ու խորհրդային շրջանից։ Ցուցահանդեսի հատուկ բաժին նվիրված էր Արցախին. Տիգրանակերտից գտնված դրամներ և 18-րդ դարավերջին և 19-րդ դարասկզբին Շուշիում հատված արծաթյա դրամներ, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված և Արցախին նվիրված հուշանվեր-դրամներ։
Աղբյուրը՝ https://russia-armenia.info/node/74567