Շուշիի կերպարվեստի պետական թանգարան և քանդակի պուրակ
Ղարաբաղի մշակույթի գլխավոր կենտրոններից էր Շուշիի կերպարվեստի թանգարանը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2013թ. մայիսի 9-ին: Այն բացվել է պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և կազմակերպական օժանդակությամբ: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1992թ. քաղաքի ազատագրման օրը: Կերպարվեստի պետական թանգարանի համար վերականգնվել է Շուշիի Ղազանչեցոց 24 հասցեում գտնվող պատմական շինություններից մեկը, որը կառուցվել էր 19-րդ դարում և ավերվել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:
Այդ շինությունը նախկինում իջևանատուն էր՝ կառուցված 1830թ.: 1923-1988 թվականներին շինությունն օգտագործվել է որպես կենցաղի տուն: 1992թ. այն ավերվել էր և կանգուն էր մնացել միայն դրա ճակատային մասը: Կառավարության աջակցությամբ վերակառուցման աշխատանքների ժամանակ վերականգնվել էր շենքի նախնական տեսքը՝ հայկական մշակութային ավանդույթների ոգով և հին Շուշիի ճարտարապետական տեսքին համապատասխան։
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ցուցանմուշները բացառապես նվիրատվություններ էին։ Ցուցադրված բոլոր նկարներն ու քանդակները թանգարանին են նվիրել հովանավորներ և մասնավոր հավաքածու ունեցողներ։ Այսպես, թանգարանի բացման համար Մոսկվայից հովանավորները հավաքել են տարբեր ժանրերի նկարիչների ավելի քան 300 նկարներ: Գրիգորի Գաբրիելյանցն իր անձնական հավաքածուից տրամադրել է 25 նկար, Սամվել Հովհաննիսյանը՝ 31, Վալենտին Բաղիրյանցը՝ 21, Գեորգի Զատիկյանը՝ 15, Նարինե Դավթյանը՝ 9։ Մինչև 2020 թվականը արդեն հարուստ հավաքածու էր հավաքվել՝ շուրջ 650 նկար։ Իսկ քանդակները հաշվի առնելով՝ ցուցանմուշների ընդհանուր թիվը մոտ 800 միավոր էր։
Նվիրված կտավների հեղինակների շարքում են եղել ռուս հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Ա. Ժիլինսկին, Ա. Շևչենկոն, Դ. Պլավինսկին, Ա. Սաֆոխինը, Ա. Մոգիլևսկին, Պ. Կուզնեցովը, Է. Շախինը, Դ. Բուրլիուկը և այլք։ Իսկ թանգարանի հայ հեղինակներից՝ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Ժան Գարզուի, Ժան Ժանսեմի, Նիկոլայ Նիկողոսյանի, Հակոբ Հակոբյանի, Յուրի Գրիգորյանի, Գայանե Խաչատուրյանի, Կարեն Աղամյանի, Գագիկ Ղազանչյանի, Հարություն Գալենցի և այլոց գործերը առանձնահատուկ արժեք են ներկայացրել:
Շուշիի այս թանգարանի տարբերակիչ գիծը ցուցադրվող աշխատանքների լայն աշխարհագրությունն էր: Կտավները պատկանում էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լիտվայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Մադագասկարի, Հաիթիի և այլ երկրների նկարիչների վրձնին: Իհարկե, ցուցադրված նկարների շարքում կային բազմաթիվ արցախցի նկարիչների գործեր։
Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի են ունեցել անհատական ցուցահանդեսներ, դասական երաժշտության համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղանկարչության և քանդակի սիմպոզիումներ։ Այստեղ, ինչպես Շուշիի մյուս թանգարաններում, դպրոցների հետ համատեղ իրականացվել են կրթական ծրագրեր։ Հաճախ կազմակերպվում էին դպրոցականների այցելություններ թանգարաններ, ովքեր մասնակցում էին գիտակրթական միջոցառումների, ինտելեկտուալ խաղերի։