Պատերազմի սկիզբը․ ռազմական գործողությունները
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որը տևեց 44 օր։ Ադրբեջանական կողմը հրթիռային հարձակումներ սկսեց շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր «հակագրոհ» սկսելու մասին, ինչն ապացուցում է, որ այդ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։
ՀՀ-ում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանում հայտարարվեց մասնակի զորահավաք։
Ադրբեջանական բանակը իր զինանոցից օգտագործում էր 300մմ տրամաչափի հրթիռային կայաններ՝ ՍՄԵՐՉ, Կասիրգա, Պոլոնեզ, LAR-160 համազարկային համակարգերի կասետային արկեր։ Օգտագործվում էին հիմնականում ժամանակակից թուրքական զենքեր և զինամթերք, ԱԹՍ-ներ և ինքնաթիռներ, F16 և «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքեր։
Մարտական գործողություններն ընթանում էին հիմնականում Արցախի հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ օրից ադրբեջանական զինված ուժերը թիրախավորեցին թե՛ Լեռնային Ղարաբաղի և թե՛ Հայաստանի Հանրապետության բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Պատերազմի երկրորդ օրը ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս այրվեց։ Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանը հրետանակոծեց նաև Վարդենիս-Սոթք ճանապարհը, հրետանի կիրառեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև մարտական ԱԹՍ-ից հրթիռ արձակեց Մեծ Մասրիկ բնակավայրի ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանատունը պատերազմի ընթացքում հորդորում էր իր աշխատակիցներին և քաղաքացիներին խուսափել Երևանից դուրս ճանապարհորդելուց:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանը ձեռնարկեց հարձակողական օպերացիա Արաքսի հովտում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, իսկ սեպտեմբերի 30-ին իրականացրեց Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերի ուղղությամբ ռմբակոծություն և հրթիռային հարձակումներ:
Շարունակաբար թիրախավորվում էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը, օգտագործվում էին «Պոլոնեզ» և «Սմերչ» բազմակի արձակման հրթիռային համակարգեր, չէին շրջանցվում նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները։ Հոկտեմբերի 4-ին հակառակորդը թիրախավորեց նաև Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ի պատասխան՝ Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված ռազմական օբյեկտները, ինչպես օրինակ Գանջայի ռազմական օդանավակայանը, դարձան Արցախի պաշտպանության բանակի թիրախ։
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծությունից առաջ և հետո: Ռմբակոծության նկարները՝ Դավիթ Ղահրամանյանի |
Ադրբեջանը մի շարք պատերազմական հանցագործություններ է գործել պատերազմի ողջ ընթացքում։ Խիտ բնակեցված բնակավայրերի դեմ օգտագործվում էր կասետային զինամթերք։ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ բարձր ճշգրտության հրթիռ արձակեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա, որի արդյունքում ռուս լրագրողներ վիրավորվեցին: Պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը քանիցս կրակ են բացել Արցախում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչների վրա: Հոկտեմբերի 1-ին, երբ Ադրբեջանը հարված հասցրեց քաղաքացիական օբյեկտներին, Մարտունիում զոհվեցին 4 և վիրավորվեցին 11 քաղաքացիական անձ, այդ թվում լրագրողներ, որոնցից երկուսը ֆրանսիացի լրագրողներ էին։ Հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի գնդակոծության ժամանակ ուղեղի ցնցում ստացավ ռուս լրագրողը։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև Արցախի հիվանդանոցների ուղղությամբ, որոնցում բուժում էին ստանում քաղաքացիական հիվանդներ: Ադրբեջանական ուժերը ռմբակոծեցին նույնիսկ Ստեփանակերտի ծննդատունը, հարվածներ հասցրեցին նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին։ Պատերազմական հանցագործությունների շարքում ադրբեջանական դիվերսանտները սպանել էին Հադրութի երկու բնակչի՝ մորը ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն իրենց տանը: Մի շարք տեսագրություններ կան, որոնցում հայ ռազմագերիները նվաստացվում ու սպանվում են։ Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ, որտեղ պատսպարվում էին նաև խաղաղ բնակիչներ, կիրառում էր ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Ադրբեջանական ուժերը նոյեմբերի 6-ին հրթիռակոծեցին Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցին հարակից հնագիտական ճամբարը:
Ըստ ռադիոհետախուզության՝ Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների բազաներ էին ստեղծում: Գաղտնի թռիչքներով Բաղրամի օդանավակայանից մաքսանենգորեն տեղափոխում էին սպառազինություն, վարձկաններ։ Ադրբեջանցի ռազմագերու խոսքերով Պակիստանի զինված ուժերը ևս օգնում էին Ադրբեջանի զինված ուժերին Արցախի դեմ հարձակման գործում։
Զինադադարի բոլոր փորձերը խախտվում էին ադրբեջանական ուժերի հարձակմամբ։ Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը շարունակում էր թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը և հրթիռակոծել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքները։ Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորեց նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Շուշիի՝ նոր կառուցված և շահագործման հանձնած Մշակույթի և երիտասարդության կենտրոնը նույնպես միտումնավոր ոչնչացվեց: Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի |
Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթը, որով Հայաստանում ստեղծվում էր աշխարհազոր: Հոկտեմբերի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանն իր անվտանգության ապահովման համար, որին ի պատասխան, ՌԴ ԱԳՆ արձագանքեց, որ Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ օգնությունը կտրամադրի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք:
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանը ռազմական ավիացիա օգտագործեց Մարտունի քաղաքի վրա: Պատերազմի վերջին օրերին շարունակաբար հրթիռակոծվում էր Շուշին։
Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, ժամը 00:00-ին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները:
Թուրքիայի ներգրավվածությունը
Թուրքիան ներգրավված էր պատերազմում ոչ միայն զինամթերքի մատակարարմամբ և ռազմական աջակցությամբ, այլև Սիրիայի հյուսիսային մասից Ադրբեջանում վարձկանների տեղակայմամբ: Ըստ միջազգային լրատվական աղբյուրների՝ 3000-4000 վարձկաններ 1,500-2000 ԱՄՆ դոլարի դիմաց մասնակցում էին Արցախի և Հայաստանի դեմ պատերազմական գործողություններին։ Վարձկանների առկայության փաստերի մասին հայտնել են նաև Ֆրանսիան, ՌԴ-ն և ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչը։ Պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ պայմանավորված՝ Կանադան դադարեցրեց ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, իսկ մի շարք պետություններ և կազմակերպություններ հանդես եկան կոչերով՝ մտահոգություն հայտնելով պատերազմում երրորդ երկրի ներգրավվածության համար։ ՌԴ-ն բազմիցս կոչ արեց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին հակամարտության գոտուց: Միաժամանակ Իրանը հայտարարեց, որ թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմանները վերածեն անվտանգությանը սպառնացող տարածքների։ Ռոհանին մտահոգություն էր հայտնել նաև Արցախի հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտության կապակցությամբ։ Հակամարտությանը թուրք վարձկանների մասնակցության վերաբերյալ բանաձև ընդունեց Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը, իսկ Ուրուգվայի Սենատը դատապարտեց Թուրքիայի միջամտությունը։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ հայց ներկայացրեց Թուրքիայի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Միջանկյալ միջոցառման որոշմամբ հայտարարվում էր Թուրքիայի ներգրավվածության փաստը: Հոկտեմբերի 15-ին Թուրքիան հրաժարվեց իր օդային տարածքը տրամադրել Հայաստան մարդասիրական բեռներ տեղափոխելու համար, իսկ հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարությունը արգելեց թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը:
Նոյեմբերի 4-ին Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը: Թուրքերն անկարգություններ էին հրահրել Ֆրանսիայի հայկական թաղամասերում․ Լիոնում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը և ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքերով միակ երկիրը, որը կոչ չէր անում հարգել հրադադարը, Թուրքիան էր:
Հրադադարի փորձեր
Հրադադարի առաջին փորձը Ռուսաստանի նախաձեռնությամբ էր։ ՌԴ նախագահի հրավերով ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները մեկնեցին Մոսկվա։ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցութունների արդյունքում հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, որով կողմերը համաձայնեցին 72 ժամ հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից մարդասիրական նկատառումներով։
Կողմերը պայմանավորվեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
Արհամարհելով հոկտեմբեր 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը՝ ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակվեց Կարախամբեյլի շրջանի վրա: Անգամ զինադադարի ընթացքում Ադրբեջանը թիրախավորեց վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենան:
Հրադադարի երկրորդ փորձը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին, երբ Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության։ Հրադադարը հաստատվում էր մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Արցախը պատրաստ էր հրադադարի ռեժիմի պահպանման դեպքում հումանիտար միջանցք տրամադրել պաշարված ադրբեջանական զորքերին։
Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը` հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարեց հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրեց հրթիռային հարվածներ։
Մարդասիրական հրադադարի երրորդ փորձը տեղի ունեցավ ԱՄՆ միջնորդությամբ։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ, որոշվեց կնքել հումանիտար հրադադար, որն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ից` ժամը 08:00-ից: Խախտելով հոկտեմբերի 26-ին հաստատված հրադադարը ևս՝ ադրբեջանական կողմի հրետանին առավոտյան կրակ արձակեց Արցախի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։
2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտարարություն է ստորագրել Արցախում ընթացող պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին։
Հայտարարության համաձայն՝
1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է ժամկետ 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:
6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:
8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ պետք է ապահովվի նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
Միջազգային հանրության արձագանքը
Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ փակ դռների ետևում, որի արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտեցին ուժի գործադրումը և աջակցություն հայտնեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին մարտերը անհապաղ դադարեցնելու, լարվածությունը լիցքաթափելու և կառուցողական բանակցությունների վերադառնալու վերաբերյալ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին:
Հոկտեմբերի 1-ին Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարները՝ Պուտինը, Մակրոնը, Թրամփը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ: Նույն կոչով հանդես եկան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեան (PACE) և ԵՄ-ն։ ԵԽ անդամները կոչ էին անում հաստատել միջազգային ստուգիչ մեխանիզմներ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման համար։ Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտեցին բռնությունների սրացումը, իսկ հոկտեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ։ Իրանը ևս կոչ արեց վերջ դնել ռազմական գործողություններին և անցնել երկխոսության և հոկտեմբերի 5-ին հայտարարեց, որ ծրագիր է մշակում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար։ Պատերազմի սկզբում Վրաստանի վարչապետն իր հերթին առաջարկեց Թբիլիսիում հայ-ադրբեջանական գագաթնաժողով անցկացնել։
Human Rights Watch-ի կողմից Լեռնային Ղարաբաղում տեղային հետաքննությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակելի վայրերում բազմիցս օգտագործել է արգելված կասետային զինամթերք։ Հոկտեմբերի 5-ին «Amnesty International» կազմակերպությունը դատապարտեց Ստեփանակերտի և Շուշիի խաղաղ բնակչության դեմ կասետային ռումբերի օգտագործումը, իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ արեց դադարեցնել դրանց օգտագործումը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) անդամները և Ավստրալիայի Հոլոքոստի ինստիտուտը տեսնում էին Ադրբեջանից և Թուրքիայից բխող ցեղասպանության անմիջական սպառնալիք՝ Արցախի նկատմամբ։ Արցախի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից հետո Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը հանդես եկավ հայտարարությամբ՝ անընդունելի համարելով եկեղեցու թիրախավորումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունեց Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և Ադրբեջանից պահանջեց գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ անհապաղ տեղեկություններ տրամադրել: Ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունեցին Լյուքսեմբուրգի և Կիպրոսի խորհրդարանները։
Պատերազմի ընթացքում Արցախ այցելեցին Իրանի Մեջլիսի պատգամավորներ, Ռուսաստանի Դումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը, Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն, Բելգիայի պատգամավոր Ջորջ Դալմանի գլխավորած պատվիրակությունը։
Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու հարցը։ ԵՄ ԱՀԱՔ Ջոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ արեցին արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից և ընդգծեցին բռնության անհապաղ դադարի և հրադադարի հարգման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգներն առաջարկում էր սկանդինավյան խաղաղապահների տեղակայումը Արցախում։
Պատերազմի ժամանակ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրեցին մի խումբ երկրներ․ Լյուքսեմբուրգը՝ 100,000 եվրո, Գերմանիան՝ 2 միլիոն եվրո, Մեծ Բրիտանիան՝ 1 միլիոն ֆունտ ստերլինգ, Նորվեգիան՝ 1.5 միլիոն, ԵՄ-ն՝ 400 հազար եվրո։
Արցախի ճանաչում
Հոկտեմբերի 5-ին Արցախի խորհրդարանը կոչ արեց բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի անկախությունը պատերազմական հանցագործությունները կանխելու նպատակով։ Այսպիսով, հոկտեմբերի 16-ին Իտալական Միլան քաղաքը, իսկ հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչեցին Արցախի անկախությունը։ Արցախի անկախությունը ճանաչեց նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը։
Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրանկ Փալոնը 31 այլ ներկայացուցչի հետ միասին Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև ներկայացրեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին։
Հետևանքները
2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանական օկուպացիայի ներքո: Հազարավոր մարդիկ զոհվեցին երկու կողմից էլ: Մարդկային կյանքերի և տարածքների զգալի կորստից զատ, մեծ վնաս հասցվեց հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Արցախի ենթակառուցվածքներին և բնակելի շինություններին: Օկուպացված Շուշի քաղաքից և Հադրութի ամբողջ շրջանից ավելի քան 40000 հազար մարդիկ ստիպված էին լքել իրենց տները: Շատերն անհայտ կորած են, և տասնյակ ռազմագերիներ կան Ադրբեջանի բանտերում: Հազարավոր հուշարձաններ և մշակութային ժառանգության կոթողներ, ներառյալ վանքեր և եկեղեցիներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանց մի մասը արդեն ոչնչացվեց անգամ պատերազմական գործողություններից հետո, իսկ մյուսների ճակատագիրն անհայտ է, թեև հաստատ՝ տխուր: