Այս կայքն արտացոլում է իրավիճակը իր մեկնարկի՝ 2023թ. օգոստոսի դրությամբ: Ինը ամիս տևած համակողմանի շրջափակումից և շարունակական ահաբեկումից հետո, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը, գործածելով իրենց տիրապետության տակ եղած ողջ զինանոցը, բոլոր կողմերից հարձակվեցին Արցախի վրա: Երկարատև շրջափակումից հյուծված և որևէ արտաքին աջակցությունից զրկված` Արցախն ընկավ: 2020թ. արյունալի պատերազմին հաջորդած շուրջ հիսուն հազար արցախցիների արտագաղթից հետո իրենց նախնիների հողում դեռևս ապրող հարյուր հազարից ավելի հայ բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը՝ թշնամուն թողնելով իր տներն ու աշխատավայրերը, պետական և առևտրային շենքերը, եկեղեցիները, վանքերը, գերեզմանները, հուշարձանները և ողջ ունեցվածքը: 2023թ. հոկտեմբերի սկզբից սկսած, Արցախի հազարամյա պատմության մեջ առաջին անգամ, Արցախում՝ հայկական հողում, հայեր չեն ապրում: |
Արցախի ամրոցները
Բերդերը և ամրացված շինությունները արցախահայության կյանքում հատուկ տեղ են զբաղեցրել: Բարձր լեռները, խոր կիրճերն ու հարուստ անտառները Ղարաբաղը դարձնում են բնական ամրոց։ Այս բնական պաշտպանական գծերին մի քանի ամրություններ ավելացնելը պատմական երկար ժամանակահատվածներում ապահովել է անկախություն ու ինքնիշխանություն, մինչ Հայաստանի մյուս մասերը տուժում էին օտար զավթիչների լծի տակ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Արցախը միացվել է այս կամ այն կայսրությանը, այն պահպանել է կիսանկախ կարգավիճակ և կառավարվել սեփական թագավորների, իշխանների կամ մելիքների կողմից: Այս տիրակալները կառուցել են բերդեր, ամրացրել իրենց բնակատեղիները և ամբողջ քաղաքներ։ Հնարավոր չէ խոսել Ղարաբաղի մասին և չհիշատակել նրա պատմությունը, նրա պատերազմները, նրա իշխաններին ու բերդերը։ Մի երկրում, որտեղ մարդիկ բնակություն են հաստատել հազարավոր տարիներ առաջ, շինարարության հետքերը նույնպես հազարամյակների պատմություն ունեն: Արցախում ամրություններ են կառուցվել դարեր շարունակ ու դրանցից շատերը դեռևս կանգուն են։ Մի քանիսը դեռ հոյակերտ տեսք ունեն, մյուսները կիսով չափ ավերված են, շատերը նույնիսկ դժվար է հայտնաբերել: Գրեթե բոլորը գտնվում են անհասանելի վայրերում։ Շատ հաճախ տեղացիները մատնացույց են անում ժայռերը և դրանք անվանում են բերդեր. ամրոցներ այնտեղ եղել են, և դրանց մասին գիտելիքները սերնդեսերունդ են փոխանցվել, բայց ոչ հմուտ աչքը դժվար թե կարողանա տարբերել նախկին պարսպի քարերը բուն ժայռի քարերից: Սակայն այն բարձունքները, որոնց վրա կառուցվել են բերդերը, այնպիսի ակնածանք են ներշնչում և այնքան գեղատեսիլ են, որ դրանք կարող են առանձին ուսումնասիրության առարկա դառնալ։ Այս էջն ընդամենը ներածություն է Արցախի մի քանի ամրոցների մասին, երկրի պատմության և նրա ժողովրդի ազատատենչ բնավորության մասին: