Դադիվանք

Դադիվանք

2020թ. ադրբեջանական ագրերսիայի հետևանքով տարածքը բռնազավթված է: Վանքում ՌԴ խաղաղապահների պաշտպանության ներքո մնացել են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ:

Դադիվանքի տեսքն ուղղաթիռից 2011 թվականին

Դադիվանքը, որը նաև կոչվել է Խութավանք, Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն (կամ Ծար)  գավառի Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին գտնվող անտառոտ լեռան վրա է կառուցվել: Հիմնադրման ճշգրիտ ժամանակահատվածը հայտնի չէ, սակայն, ավանդության համաձայն՝ այն կառուցվել է մ.թ. 1-ին դարում Դադիի գերեզմանի վրա: Վերջինս 70 աշակերտներից մեկն էր, ով զոհվել էր Արցախում քրիստոնեություն քարոզելիս, և հենց նրա անունով էլ կոչվել է վանքը: 

Կարծիք կա նաև, որ վանքը կառուցվել է հենց Թադեոս առաքյալի անունով, որը կրճատվելով դարձել է Թադի (Դադի): Խութավանք նշանակում է ժայռի` խութի վրա կառուցված վանք: Վանական համալիրը հիշատակվում է պատմիչ Կաղանկատվացու կողմից 9-րդ դարի որոշ իրադարձությունների համատեքստում, սակայն, հաշվի առնելով համալիրի տարածքում կիսավեր բազիլիկ եկեղեցին և Թադեոս առաքյալի անվան հետ կապված հուշարձանը՝ համալիրը հավանաբար պատկանում է 4-5-րդ դարերին: 12-13-րդ դդ. այն նաև եղել է եպիսկոպոսական աթոռանիստ և Վերին Խաչենի մելիքության հոգևոր կենտրոնը: 1145թ. վանական համալիրը քանդվել է զավթիչների հարձակումների հետևանքով և վերականգնվել է 1170-ականներին: Վանական համալիրը բաղկացած է եղել մեծ թվով եկեղեցիներից, գավիթներից, զանգակատնից և աշխարհիկ շինություններից: Միանավ Սուրբ Դադի եկեղեցին (10-11-րդ դարեր) իր մեծությամբ առանձնանում է հայկական նմանատիպ եկեղեցիներից: Սուրբ Դադիին կից միանավ եկեղեցու գավիթում է գտնվում Արցախի Առանշահիկ Վախթանգյան արքայատոհմի տոհմական գերեզմանը, որը կառուցվել է 12-րդ դարում: Համալիրի մայր եկեղեցին՝ Սուրբ Կաթողիկեն, կառուցվել է Արզուն խաթունի կողմից, ով 1214թ. Վախթանգ իշխանի կինն էր: Եկեղեցու ներքին պատերի վրա մինչև հիմա պահպանվել են 13-րդ դարի որմնանկարներ: Հիմնական եկեղեցին զանգակատանը կապված է կամարակապ սրահով: Զանգակատան առաջին հարկի երկու նրբատաշ խաչքարերը քանդակվել են Աթանասի՝ վանահոր հրամանով 1283թ.: Գործում է նաև սեղանատուն, գրադարան և երեցտուն: Աշխարհիկ շինություններում ներառված են Հասան Ջալալի կալվածքը և օժանդակ կառույցները:

Փոքրագմբեթ եկեղեցին  (13-րդ դար)
Երկհարկանի զանգակատունը (1283թ.)
Սուրբ Կաթողիկե եկեղեցին (1214թ.)՝ ետին պլանում

Բաղկացած լինելով շուրջ 10 շինություններից՝ Դադիվանքը միջնադարյան հայկական վանական ամենախոշոր համալիրներից է: Այն հատկապես արժեքավոր է հոգևոր և աշխարհիկ շինությունների բազմազանությամբ և զարդարանքների յուրօրինակությամբ: 

Մայր եկեղեցու պատերին 13-րդ դարի բնօրինակ ոմնանկարները, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի և Սուրբ կույսի կողմից Սուրբ Նիկողայոսին Ավետարան և թիկնոց տալու, Սուրբ Ծննդի, ինչպես նաև Սուրբ Ստեփանոսին քարկոծելու տեսարանները, հայկական արվեստի պատմության համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում:

Նախատեսվում էր աշխատանքների հետագա փուլերում վերականգնել վանական համալիրի աշխարհիկ շինությունները, սակայն 2020թ.ադրբեջանական բռնազավթումից հետո այդ աշխատանքները դադարեցվել են:

Դադիվանքը ունեցել է խոշորածավալ կալվածքներ. 19-րդ դարում ունեցել է մոտ 200,000 հեկտար հողատարածք, որը 20-րդ դարասկզբին նվազեցվել է՝ հասցվելով 50,000 հեկտարի: Երբ 1923թ. Մոսկվայի բոլշևիկ կառավարության կողմից Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, նրա բոլոր հողերը խլվեցին, վանական համալիրի գործունեությունը դադարեցվեց, և այն լքվեց: Ադրբեջանական կառավարությունը 1960-ական թվականներին Դադիվանքի մոտ գյուղ է հիմնել: Բնակիչները սկզբում ապրել են վանական շինություններում՝ զգալի վնաս պատճառելով հատկապես որմնանկարներին: Դադիվանքը ազատագրվել է 1993թ., իսկ վերականգնողական աշխատանքները սկսվել են 1999թ.: 

Մայր եկեղեցին զանգակատանը կապող կամարակապ սրահը
13-րդ դարի երկու խաչքարերը հայկական խաչքարային արվեստի լավագույն նմուշներից են:
Վանական համալիրի տեսքը հյուսիս-արևելքից
Մայր եկեղեցու արևելյան պատը ամբողջությամբ ծածկված է արձանագրություններով: Հարթաքանդակները պատկերում են Արզու խաթունի երկու որդիներին՝ իշխաններ Գրիգորին և Հասանին, ովքեր պահում են եկեղեցու մանրակերտը:

Վանական համալիրի ամենահին արձանագրությունները (ընդհանուր քանակը 58-ն է) 12-րդ դարին են պատկանում և ցույց են տալիս, որ վանական համալիրը գտնվել է Արցախի հայտնի Վախթանգյան արքայատոհմի հովանավորության տակ և ծառայել է որպես հոգևոր կենտրոն և տոհմական գերեզմանատուն: Արզու խաթունը, ով կառուցել է Դադիվանքի ամենագեղեցիկ շինություններից մեկը, ոչ միայն ծնունդով իշխանուհի էր, այլև արվեստի գիտակ և բարերար, միջնադարյան հայտնի գրող, իրավաբան և պետական գործիչ Մխիթար Գոշի հովանավորը: Երբ նա ամուսնացել է Հաթերքի և Խաչենի իշխան Վախթանգի հետ, զբաղվել է ասեղնագործությամբ և իր աղջիկների հետ ասեղնագործել է վարագույրներ մի շարք եկեղեցիների համար, ինչպիսիք են Հաղպատը, Մակարավանքը, Դադիվանքը և այլն: Բոլոր վարագույրները այդուհետ հայտնի են դարձել իրենց գեղարվեստական արժեքով:

 

Դադիվանքը հյուսիս-արևելքից
Դադիվանք վանական համալիրը հյուսիսից