Ազգային ժողով (խորհրդարան)
ԱՀ օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովը Հանրապետության բարձրագույն օրենսդիր և ներկայացուցչական մարմինն է։ Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, կարգադրություններ, կայացնում որոշումներ, կատարում հայտարարություններ և ուղերձներ։ Նախագահը հաստատում է Ազգային ժողովի ընդունած օրենքները։ Նախագահի առաջարկությամբ խորհրդարանը համաներում է շնորհում, վավերացնում, չեղյալ է հայտարարում կամ կասեցնում է ԱՀ (ԼՂՀ) միջազգային պայմանագրերը, հայտարարում է պատերազմ կամ հռչակում խաղաղություն։
«ԼՂՀ Ազգային ժողովի մասին» օրենքը կարգավորում է երկրի օրեենսդիր մարմնի, որը միապալատ է, լիազորությունները։ Այն կազմակերպում է իր աշխատանքները նիստերի, մշտական և ժամանակավոր հանձնաժողովների և անդամների միջոցով։
ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները տեղի են ունեցել 1991թ․ դեկտեմբերի 28-ին։ Հետագայում այն կոչվել է Ազգային ժողով՝ բաղկացած պատգամավորական 33 աթոռից, որի պատգամավորները ընտրվում են 5 տարի ժամկետով։ Պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1995թ․, 2000թ․, 2005թ․, 2010թ․, 2015թ․ և 2020թ․։
Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրվում է Ազգային ժողովի նախագահի կողմից պատգամավորների ընդհանուր թվաքանակի մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ։
Ազգային ժողովը կազմված է նախագահից, խորհրդարանի անդամներից կամ պատգամավորներից և մշտական հանձնաժողովներից։ Պատգամավորները ձևավորում են խմբակցություններ և խմբեր։
ԼՂՀ գործող խորհրդարանում գործում է մշտական 7 հանձնաժողով․
Խորհրդարանի մշտական հանձնաժողովները պատրաստում և քննարկում են օրինագծեր, ակտեր և խնդիրներ, որոնք Ազգային ժողովի լիազորությունների շրջանակներում են։
Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր և փետրվար-հունիս ամիսներին։ Որպես կանոն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են չորեքշաբթի օրերին և դռնբաց են հանրության համար։