Գանձասարի մատենադարան

Գանձասարի մատենադարան

Մատենադարանի արցախյան մասնաճյուղը կառուցվել է Գանձասարի վանքին կից հոգևոր ճեմարանի համար կառուցված շենքի հիման վրա՝ ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ։ 

«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 21-ին:

«Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որպես Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ, ունի երկու հիմնական ստորաբաժանում՝  գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, ուր ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր։ Այս առումով պատմության մեջ առաջին անգամն է, որ աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղվել են նույն հարկի տակ և դրանով իսկ գիտական տարբեր ուսումնասիրություններ կատարելու մեծ և արդյունավետ հնարավորություն են ստեղծել։ 

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնի նմուշները՝ ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիվային փաստաթղթերը տարհանվել են ռազմական գործողությունների գոտուց, տեղափոխվել և պահվել Երևանի Մատենադարանում:

Աղբյուրը՝https://matenadaran.am/2015/11/21/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81%d5%b4%d5%ab%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b7%d5%a8/