Գիտնականները պատմական Հայաստանի Արցախ նահանգի տարածքում հաշվում են մոտ իննսունութ հին կամուրջներ։ Այս կամուրջներից մի քանիսը լավ պահպանված են, մյուսները ավերակ են, իսկ մի քանիսը ընդհանրապես չեն պահպանվել: Վերջինների մասին զուտ հիշատակություններ կան տարբեր տեսակի հետազոտությունների, հուշագրությունների և գիտական աշխատությունների մեջ:
Ինչպես Հայաստանի այլ վայրերում, հնագույն կամուրջների նախագծումը թելադրված էր տեղանքով, և գերիշխում են միաթռիչք կամուրջները, որոնք կառուցված են, որպեսզի միմյանց միացնեն փոքր գետահովիտների և կիրճերի հակառակ կողմերը: Հարթավայրերում ավելի մեծ գետերի վրա կառուցվել են երկթռիչք կամ բազմաթռիչք կամուրջներ, որոնցից մի քանիսը հասել են մեր օրերը։
Տեղական քարն ու շաղախը եղել են Արցախի կամուրջների հիմնական շինանյութը։ Աղյուսը հազվադեպ էր օգտագործվում, գործածվելիս էլ՝ հիմնականում այն վայրերում, որտեղ դիմացկուն քարը կամ քիչ էր, կամ չկար։ Որպես կանոն, պահպանվել են այն կամուրջները, որոնք կառուցվել են բնական կոշտ ժայռային հիմքի վրա։ Կամուրջներ կառուցելիս ընդունված էր տեղական կիսատաշ քարի օգտագործումը, իսկ սրբատաշ քարերի գործածությունը միայն կամուրջների որոշ հատվածների համար էր:
Ստորև ներկայացված են միայն մի քանի կամուրջներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ գեղեցիկ կամուրջներ էին կառուցում 4-19-րդ դարերի Արցախի հայ վարպետները և ինչպիսի վարպետությամբ։ Այս գեղեցիկ կառուցված կառույցներից շատերը գտնվում են Ադրբեջանի կողմից ներկայումս օկուպացված տարածքներում, և դրանց ճակատագիրն անհայտ է։ Այստեղ պատկերված կամուրջների մեծ մասը միաթռիչք են: Երկրի ցածրադիր հատվածներում կան երկու կամ ավելի թռիչքներ ունեցող կամուրջներ, բայց, ցավոք, հնարավոր չէ ընդգրկել բոլոր, հատկապես 2020 թ. թուրք ադրբեջանական ագրեսիային հետո շատ տարածքներ ադրբեջանական տիրապետության տակ անցնելուց հետո:Պետք է հուսալ, որ Քարավազի հոյակապ կամուրջները կփոխհատուցեն ավելի շատ նմուշների պակասը։
Կամուրջները նաև այն ժամանակվա երկրի տնտեսական և նույնիսկ ֆիզիկական վիճակի հետաքրքիր ցուցանիշներ են։ Թեև որոշ կամուրջներ չեն օգտագործվել առևտրային ուղիների փոփոխության պատճառով կամ այն պատճառով, որ դրանք փոխարինելու են եկել ավելի լավ և ժամանակակից կամուրջներ, որոշ կամուրջներ էլ չեն շահագործվել, քանի որ երբեմն ամբողջ գյուղեր են տեղափոխվել, երբեմն էլ գետերը կամ առուները, որոնց վրա դրանք կառուցվել են, չորացել են։
Մեկ այլ հետաքրքիր բան կամուրջների վերաբերյալ նրանց անուններն են: Թեև դժվար է կռահել, թե ինչու, օրինակ, կամուրջն իր ժամանակին կոչվել է ծերունու կամ ծեր կնոջ, սակայն կան նաև դեպքեր, երբ մարդիկ տարբեր ժամանակներում կամուրջները տարբեր կերպ են անվանել՝ կախված իրենց կյանքի որոշակի իրողություններից: Ոչ պակաս շփոթեցնող է այն փաստը, որ երբեմն մարդիկ նրանց ոչ մի անունով չեն կոչում, պարզապես գիտեն մոտակայքում գտնվող հին կամուրջների մասին: Նրանք ծնվել են, և կամուրջներն այնտեղ են եղել։ Հուսանք, նրանք դեռ երկար ժամանակ այնտեղ կլինեն:
Այս տեքստը հիմնված է Արցախի կամուրջների մասին Սամվել Կարապետյանի գրքի վրա: