1993 թվական

Հունվարի սկզբին ռազմական գործողությունները ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծով մեկ նորից վերսկսվեցին։ Ադրբեջանը գործի դրեց իր գրեթե ողջ ռազական զինանոցը, հարձակումների ժամանակ օգտագործելով օդուժ, տանկեր, տարատեսակ ծանր զենքեր և հետևակ։ Հունվարի 14-ին ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակում նախաձեռնեցին Մարտակերտի շրջանի Կիչան և Սրխավենդ և Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի ուղղությամբ, սակայն չկարողացան առաջխաղացում գրանցել։

Փետրվարի սկզբին սաստիկ մարտեր սկսվեցին ճակատի հյուսիսային ուղղությամբ։ Մարտակերտի շրջանում հակահարձակվողական գործողությունից հետո, ղարաբաղյան ուժերը մի քանի օրում կոտրեցին ադրբեջանցիների դիմադրությունը և առաջ շարժեցին դեպի Մարտակերտ-Քելբաջար ռազմավարական նշանակության ճանապարհը։ Մինչև փետրվարի վերջ նրանց հաջողվեց լիակատար հսկողություն վերահաստատել ճանապարհի և Սարսանգի ջրամբարի նկատմամբ, որտեղ գործում էր կենսական նշանակություն ունեցող էլեկտրոկայան։

 

Իրավիճակն Արցախում 1993թ. գարնանը:  Աղբյուրը՝ Հայաստան. պատմական ատլաս. Ռոբերտ Հյուսեն

Մարտի 27-ից ապրիլի 5-ը պաշտպանական ուժերը ձեռնարկեցին գործողություններ, որոնց նպատակն էր ոչնչացնել Քելբաջարի շրջանում տեղակայված ռազմական բազաները, որոնք լուրջ վտանգ էին ներկայացնում ԼՂՀ արևմտյան սահմանների համար։ Ապրիլի 3-ին Քելբաջարի կրակակետերը չեզոքացվեցին։ Տիրանալով Քելբաջարը Կիրովաբադին (որը հին հայկական Գանձակ քաղաքի սովետական անվանումն էր, իսկ այժմ ադրբեջանցիները այն անվանում են Գանջա) կապող ճանապարհին, ղարաբաղյան ուժերը առաջ շարժվեցին դեպի Օմարի լեռնանցք։ Ապրիլի երկրորդ կեսին իրավիճակը առաջնագծում համեմատաբար խաղաղ էր։

Ուշ գարնանը իրավիճակը կտրուկ փոխվեց, քանի որ ադրբեջանցիները վերսկսեցին մարտական գործողություններըամբողջ ճակատով՝ կենտրոնացնելով իրենց ուժերը Մարտունիի հատվածում։ Այնուահանդերձ, Ղարաբաղի զորքերը ճեղքելու բոլոր փորձերն ապարդյուն անցան։

Իրավիճակն Արցախում 1993թ. ամռանը:  Աղբյուրը՝ Հայաստան. պատմական ատլաս. Ռոբերտ Հյուսեն

Ամռան սկզբին ՊԲ հրամանատարությունը պատրաստեց Մարտակերտի շրջանը ազատագրելու ծրագիր, որը պահանջում էր մի քանի ուղղություններով համաժամանակյա հարձակողական գործողություններ։ Հունիսի 27-ին պաշտպանական ուժերի որոշիչ և համաձայնեցված գործողությունների արդյունքում հնարավոր եղավ ազատագրել Մարտակերտը, որը շուրջ մեկ տարի գտնվում էր ադրբեջանական ենթակայության ներքո։

Հուլիսի 4-ին ադրբեջանական բանակը սկսեց լայնամասշտաբ հարձակում Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի շրջաններում՝ օդուժի և զրահապատ զորքերի աջակցությամբ։ Բոլոր ուղղություններով նրանք հանդիպեցին համառ դիմադրության և ստիպված եղան նահանջել։ Շելի գյուղը, որը ադրբեջանցիների կողմից օգտագործվում էր Ասկերանը և Ստեփանակերտը հրետանակոծության ենթարկելու համար, անցավ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ։ Սակայն Ստեփանակերտի մշտական հռթիռակոծումը շարունակվում էր Աղդամից, որտեղ տեղակայված էին մեծ թվով հեռահար զինատեսակներ և «Գրադ» համակարգեր։ Ստեփանակերտի անվտանգությունը ապահովելու համար 

Աղդամի մզկիթը 2011 թ.

Արցախի պաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան Աղդամի ռազմաբազան վերացնելու գործին։ Հուլիսի 23-ին նրանք մտան Աղդամ և վերացրեցին Ստեփանակերտը մշտապես ռմբակոծելու, ինչպես նաև՝ Ասկերանի ու հարակից շրջանների վրա հետագա հարձակումների վտանգը։

Իրենց մեծ ռազմաբազան կորցնելուց հետո, ադրբեջանական իշխանությունները ստիպված էին զինադադար առաջարկել։ Հուլիսի 25-ին, հակամարտության ընթացքում առաջին անգամ, ձեռք բերվեց եռօրյա զինադադարի պայմանավորվածություն։

Սակայն օգոստոսի սկզբին Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ հարձակումները վերսկսվեցին և այժմ արդեն Ջաբրայիլի ուղղությունից։ Երբ ինքնապաշտպանական ուժերը ոչնչացրին այնտեղ գտնվող ռազմաբազաները, ադրբեջանցիները օգոստոսի 16-ին հարձակում իրականացրեցին Մարտունու շրջանի հարավային և Հադրութի շրջանի արևելյան սահմանների ուղղություններով՝ ադրբեջանական Ֆիզուլի քաղաքից։ ԼՂՀ ՊԲ զորամիավորումները ի վիճակի եղան պահել իրենց դիրքերը և անգամ ազատագրել Հադրութի շրջանի հարավի մի քանի գրավված գյուղեր։

Օգոստոսի երկրորդ կեսին կատաղի մարտեր տեղի ունեցան Ֆիզուլի-Ջաբրայիլ-Կուբաթլի ուղղությամբ։ Օգոստոսի 22-ին ադրբեջանական ուժերը ստիպված եղան լքել Ֆիզուլի քաղաքը և շրջանը։ Երկու օրում Ղարաբաղի ուժերը մուտք գործեցին շրջանային կենտրոն Ջաբրայիլ և տարածքը վերցրեցին իրենց վերահսկողության տակ։

Օգոստոսի 26-ին ԼՂՀ Հադրութի շրջանը ամբողջությամբ ազատագրվեց։ Օգոստոսի 29-ին ադրբեջանցիները փորձեցին ճեղքել Ղարաբաղի պաշտպանական դիրքերը Լաչինի մարդասիրական միջանցքի հարավային շրջանից, սակայն ԼՂՀ բանակը նախաձեռնեց հակահարձակում և օգոստոսի 31-ին մուտք գործեց Կուբաթլու շրջկենտրոն։ Նույն օրը ԼՂՀ և Ադրբեջանի միջև կնքվեց տասնօրյա զինադադար։ Ձեռք բերվեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, որը նախանշվեց սեպտեմբերի 10-ին։ Սակայն պայմանավորվածությունը չնպաստեց, որպեսզի ռազմական հակամարտության կարգավորումը ռազմադաշտից տեղափոխվի քաղաքական դաշտ։ Ճակատի երկայնքով հարաբերական անդորրը պահպանվեց գրեթե մեկ ու կես ամիս։ 

Ադրբեջանական արվեստի բնորոշ նմուշ՝ խճապատկեր Աղդամի շենքերից մեկի պատի վրա, 2011 թ.

Հոկտեմբերի 10-ի գիշերը Ադրբեջանը Հադրութի շրջանի ճակատի ուղղությամբ վերսկսեց ռազմական գործողությունները։ Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակում սկսեցին Հադրութ-Ջաբրայիլ ուղղությամբ՝ գրավելով մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ և նորից սպառնալիք ստեղծելով Հադրութի շրջանի բնակչության համար։ Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ հակահարձակում իրանակացրեց՝ չեզոքացնելով մի շարք ադրբեջանական կրակակետեր, այդ թվում Հորադիզի ռազմաբազան, որը թույլ էր տալիս մեկուսացնել Զանգելանը ամբողջությամբ և Ջաբրաիլի ու Կուբաթլուի շրջանների մի մասը մնացյալ Ադրբեջանից։ 

Նոյեմբերի 1-ի առավոտյան ՊԲ մարտիկները գրավեցին Զանգելանի շրջկենտրոնը։ Դեկտեմբերի 10-ից սկսած ադրբեջանական բանակը հարձակում ձեռնարկեց ճակատի հարավ-արևելյան ուղղությամբ, սակայն ամեն անգամ Ղարաբաղի բանակին հաջողվում էր պահել իր դիրքերը։ Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի Ագջաբեդուի շրջանի ռազմաբազաները լայնամասշտաբ հռթիռակոծություն սկսեցին Մարտունի քաղաքի դեմ։ Դեկտեմբերի 19-ին՝ օդուժի և տանկերի օժանդակությամբ, ադրբեջանական զորքերը հարձակվեցին Մարտունու շրջանի արևելքում տեղակայված հայկական դիրքերի վրա։ ԼՂՀ զինուժը ի վիճակի եղավ կանգնեցնելու հարձակումը, և դեկտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական ուժերը հետ շպրտվեցին դեպի իրենց սկզբնական դիրքերը։ Հաջորող օրերին ադրբեջանական զորքերը կրակի տակ էին պահում հայկական դիրքերը՝ զուգորդելով հարձակման անհաջող փորձերով։ Դեկտեմբերի 26-ին, ադրբեջանցիները մարտեր էին վարում Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջաններում, սակայն հաջողություն չունեցան։ 1993 թ. վերջին Հորադիզի երկաթուղային հանգույցից մինչև ՀՀ պետական սահմանն ընկած տարածքը Ղարաբաղի ազդեցության գոտում էր և ԼՂՀ հարավային սահմաններում ձևավորվեց անվտանգային գոտի։

Իրավիճակն Արցախում 1993թ. աշնանը:  Աղբյուրը՝ Հայաստան. պատմական ատլաս. Ռոբերտ Հյուսեն

Վարձկաններն արցախյան առաջին պատերազմում  

Ի լրումն 18-40 տարեկան բոլոր տղամարդկանց զորակոչելուն, պատերազմի 1993 թ. դեկտեմբերից մինչև 1994 թ. փետրվար ժամանակահատվածում Հեյդար Ալիևի կառավարությունը հայերի դեմ կռվելու համար օգտագործեց աֆղան, չեչեն և թուրք վարձկանների: Ադրբեջանի կառավարության նախարարները բանակցեցին Աֆղանստանի վարչապետ Գուլբուդին Հեքմաթյարի հետ և նրա համաձայնությունը ստանալուց հետո 1500 աֆղան մուջահեդիների ներգրավեցին Արցախում ընթացող պատերազմում: Վարձկանները հիմնականում Հեքմաթյարի վերահսկողության տակ գտնվող Հեզբ-է-իսլամի խմբից էին: Նրանք կռվում էին Ֆիզուլի, Ջաբրայիլ և Ալի Բայրամլի շրջաններում: Վարձկանների մեջ զգալի թիվ էին կազմում այսպես կոչված «արաբ աֆղանները», որոնց մեջ էր հետագայում Չեչնիայում կռված տխրահռչակ ահաբեկիչ Խատաբը: Աֆղաններից բացի, արդեն Ադրբեջանում էին գտնվում թուրքական բանակի ավագ սպաներ: 1991-94 թթ. Թուրքիան Ադրբեջանին գաղտնի կերպով զենք, զինամթերք և հանդերձանք էր մատակարարում, իր ռազմական ուսումնարաններում ուսուցանում էր տասնյակ ադրբեջանցի սպաների և զինվորների, ինչպես նաև զինվորական հրահանգիչներ էր ուղարկում Ադրբեջան: 1993 թ. Թուրքիան 250 խորհրդատուներ ուղարկեց Ադրբեջան, որոնք մասնակցեցին հայկական դիրքերի վրա ձմեռային զանգվածային հարձակման ծրագրմանն ու իրականացմանը: Վարձկանների մասնակցությունը պատերազմին ապացուցվում է նրանցից առգրավված անձնական փաստաթղթերով, ռազմական քարտեզներով, նամակներով, լուսանկարներով և ազգային արժույթով: Մեծ քանակի թուրքական զենք ուղարկվեց Բաքու, և թուրքական խորհրդանշաններ ունեցող զենքի բազմաթիվ միավորներ (այդ թվում՝ «գորշ գայլերի» խորհրդանիշով մի տանկ) են առգրավվել, որոշ զինվորների մարմիններ էլ են ճանաչվել են որպես թուրքերի մարմիններ: Թուրքիան նաև  ակտիվ կերպով օժանդակել է Ադրբեջանին բոլոր հնարավոր միջազգային կազմակերպություններում, հանդես եկել նրա անունից:

Թուրքիայի անթաքույց մեծածավալ մասնակցությունը 2020թ. պատերազմին, ինչի օգնությամբ Ադրբեջանին հաջողվեց հաղթել, ներկայացված է հաջորդ բաժիններում: