Շուշիի արվեստի կենտրոն, Շուշիի գորգերի թանգարան

Շուշիի արվեստի կենտրոնը

Բռնազավթված է և թալանված:

Շուշիի արվեստի կենտրոնը հիմնադրվել է 2012թ.` որպես մասնավոր նախաձեռնություն։ Շինությունը կիսով չափ քանդված է եղել, երբ հայերը 1992թ.  իրենց վերահսկողությունն են հաստատել քաղաքի վրա։ Պահանջվել են վերակառուցման և վերականգնման ծավալուն աշխատանքներ այն նպատակին ծառայեցնելու համար։ 2020թ․ ադրբեջանա-թուրքական բռնազավթումից առաջ կենտրոնի առաջին հարկը ծառայել է որպես  Ղարաբաղի գորգերի մշտական ցուցադրության, իսկ երկրորդ հարկը` որպես  գեղարվեստի և քանդակագործության  տարբեր ցուցադրությունների վայր։ Շինությունը վնասվել է  հրթիռային հարվածից  և ռմբակոծումից,  որոշ հավաքածուներ անհետացել են և հավանաբար կողոպտվել։

Շուշիի արվեստի կենտրոնը Շուշիի ազատագրումից հետո

Շուշիի արվեստի կենտրոնը 2000-ականներին

Շուշիի գորգերի թանգարանը

Թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը։ Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը։ Մինչև 2020 թվականի հոկտեմբերի վերջը թանգարանն ունեցել է շուրջ 300 գորգ և կարպետ, որոնք գործված են եղել 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածում։ Դրանք հիմնականում արցախյան և հայկական ավանդական գորգեր են։ Մշտական ցուցադրությունը ներառել է թանգարանի մոտ 300 գորգերից 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Պատկերագորգ» և այլն։

Բացի հայկական գորգերից` թանգարանում ցուցադրվել են նաև թուրքմենականաֆղանական և պարսկական գորգերի օրինակներ, ինչպես նաև ռուսական մշակույթի որոշ արտեֆակտներ։

2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ  հրթիռակոծվել է նաև թանգարանի շենքը։ Նոյեմբերի 1-ին  հավաքածուի ամենաթանկարժեք նմուշները՝ մոտ 160 գորգ և կարպետ, հետագա ոչնչացումից փրկելու նպատակով տարհանվել են Երևան։ Հավաքածուի մնացած հատվածը՝ 100-120 գորգ, ինչպես նաև ցուցադրված կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարի և քարե դարի առարկաները, որոնք չի հաջողվել տեղափոխել, մնացել են Շուշիում։

Ներկայումս հավաքածուի տարհանված նմուշների մշտական ցուցադրման հարցը դեռևս լուծված չէ:

 

Արվեստի կենտրոնի պատկերասրահը

Արվեստի կենտրոնի երկրորդ հարկում տեղակայված պատկերասրահի ցուցանմուշներւը բնականաբար կանոնավոր կերպով փոխվում էին: Ստորև ցուցադրված նմուշները Ի. Ա. Թավադյանի 2013թ. ցուցահանդեսից են: Պատկերասրահի նկարները, պեղածո խեցեղենը և մետաղյա ցուցանմուշները կորսվեցին 2020թ. Շուշիի անկմամբ:

Հաղթանակածը

Արևոտ աշխարհի իմ անկյունը

Անցյալի քարե վկաները

Երկնային օրհնություն