Այն բանից հետո, երբ արցախցները ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց իրավունքները, շատ շուտով ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի կառավարության առաջնային նպատակը հայկական գյուղերի կամ մեկ-երկու քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելը չէր, կամ առավել ևս «կարգուկանոնի վերահաստատումը»։ Նրանք իրականացնում էին կամուրջները այրելու քաղաքականություն, որը նպատակ ուներ սպանել և դուրս մղել հայերին, ոչնչացնել նրանց տները, դպրոցները, պտղատու այգիները և դաշտերը՝ զրկելով հայերին իրենց բնակության վայրերը վերադառնալու հնարավորությունից, որտեղ նրանք ապրել էին հազարամյակներով։ Երբ գյուղացիների կողմից սկսվեցին կազմվել պաշտպանական ուժեր, որոնք ադրբեջանական հարձակումները կանգնեցնելու համար իրենց փորում էին խրամատների մեջ, ադրբեջանցիները պաշտպանական խրամատների վրայով դեպի գյուղերն էին կրակում, նպատակ ունենալով ահաբեկել այնտեղ բնակվող բնակչությանը։ Երբ գործի դրվեց հեռահար հրետանի, սահմանային գյուղեր հասկացությունը դարձավ ոչ արդիական, քանի որ հարձակումները կարող էին հասնել ցանկացածին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ բնակչությունը տեղահանվում էր և անտառներում ապաստարան գտնելու համար վրաններ էին խփում կամ ժամանակավոր կացության շինություններ կառուցում, ադրբեջանցիները անում էին իրենցից կախված ամեն բան, որ այս վրանները և «տները» ևս հավասարեցվեն գետնին։
Հայերի դեմ բռնությունները կարող են բաժանվել երկու փուլի։ Առաջին փուլը սկսվեց, երբ սկսեցին գողանալ հայկական գյուղերի խոշոր եղջերավոր անասուններին, ոչնչացնել նրանց բերքը, կրակի մատնել տարբեր շինություններ և առևանգել մարդկանց։ Սա տեղի էր ունենում դեռևս Սովետական Միության գոյության տարիներին։ ԽՍՀՄ թույլ չէր տալիս լայնամասշտաբ բռնություններ, բայց արդեն բավականաչափ թույլ էր կարգուկանոնը հավուր պատշաճի իրականացնելու համար։ Շատ դեպքերում Մոսկվայի կենտրոնական իշխանությունները համագործակցում էին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ փուլում Ադրբեջանը նպատակ չուներ գրավել և պահել գյուղը։ Այն նպատակ ուներ սպանել հնարավորինս շատ թվով հայերի և դուրս գալ մինչև սովետական բանակի հայտնվելը։ 1991 թ. երկրորդ կեսից սկսած ադրբեջանցիները հայկական գյուղերի նկատմամբ սկսեցին կիրառել հրետանի, և երբ սովետական զորքերը դուրս բերվեցին, Արցախի և Ադրբեջանի միջև սահմանները վերածվեցին ռազմաճակատի։
Այնուհանդերձ, շատ դժվար է հետևաբար հստակ օր սահմանել Արցախյան 1991-94թթ. պատերազմի սկզբի համար։ Դժվար է նույնիսկ այն սկսել որևէ առանձին բախումով կամ գնդակոծմամբ, այն ավելի շատ նման էր տարբեր վայրերում կրակ անելուն։
Արցախյան պատերազմի մյուս առանձնահատկությունն էլ այն էր, որ այն չսկսվեց երկու բանակների միջև։ Դրանք կազմավորվեցին պատերազմի ընթացքում։
Արցախի ազատագրական պայքարը սովորաբար բաժանվում է հետևյալ փուլերի.
22.02.1988 – 19.01.1990 – սկսվեց ադրբեջանական 8000-անոց խուժանի կողմից Աղդամից Ասկերանի վրա հարձակումով և ավարտվեց Հյուսիսային Արցախի գյուղերի նկատմամբ հարձակումը կասեցնելով, ինչպես նաև Բաքվի հայ բնակչության ջարդերով և տեղահանությամբ։
30.04.1991-18.05.1992 – Սկսվեց «Օղակ» գործողությամբ և ավարտվեց Ադրբեջանի հենակետ Լաչինի գրավմամբ, որով վերականգնվեց Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային ճանապարհը։
12.06.1992-20.01.1993 – Սկսվեց ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից լայնամասշտաբ հարձակումներով և ավարտվեց Մարտունիում նրանց կասեցմամբ և ռազմադաշտում ընդհանուր առմամբ հավասարակշռության հաստատմամբ։
05.02.1993-01.11.1993 – Սկսվեց ԼՂՀ ՊԲ ուժերի լայնամասշտաբ հակահարձակմամբ և ավարտվեց Հորադիզում, Կուբաթլիում, Ջաբրաիլում, Ֆիզուլիում և Զանգելանում ադրբեջանական կազմավորումների ոչնչացմամբ։
15.12.1993-17.05.1994 – Սկսվեց ադրբեջանական ուժերի կողմից ռազմաճակատի ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակմամբ և ավարտվեց զինադարարով, ինչը տևեց մինչև (2016) 2020 թվականը։
Ընդհանուր առմամբ, երբ հիշատակվում է Արցախյան առաջին պատերազմը, նկատի է առնվում 1991-94 թթ. ժամանակահատվածը:
Յուրացնելով իր տարածքում տեղակայված ԽՍՀՄ 4-րդ բանակի զենքերն ու զինամթերքը, Ադրբեջանը ներքաշվեց Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեջ, որոնք վերաճեցին իսկական պատերազմի և փոփոխական հաջողություններով շարունակվեցին 1991 թ. աշնանից մինչև 1994 թ. մայիս։ Որշ ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ 60% գրավված էր, մինչդեռ մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակելի տարածքներ անդադար ենթարկվում էին շարունակական հրետանակոծության և օդային հարվածների։
Ղարաբաղը ստիպված էր կառուցել իր սեփական զինված ուժերը՝ միաժամանակ պայքարելով ադրբեջանական ագրեսիայի դեմ։ ԼՂՀ-ում կյանքը ամբողջովին կենտրոնացել էր պաշտպանության վրա։ ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեն ձևավորվեց 1992 թ. օգոստոսի 14-ին և իր ձեռքը վերցրեց երկիրը։
ԼՂՀ պաշտպանական ուժերը կարողացան 1992 թ. մայիսին ազատագրել Շուշին և միջանցք բացել դեպի Լաչին՝ վերամիավորելով ԼՂՀ և Հայաստանի տարածքները՝ դրանով ինչ որ չափով վերացնելով ԼՂՀ եռամյա շրջափակումը։
1992 թ. հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանին հաջողվեց տիրանալ ԼՂՀ Շահումյանի շրջանին ամբողջությամբ, և Մարտակերտի շրջանի մեծ մասին, ինչպես նաև Մարտունիի, Ասկերանի և Հադրութի որոշ հատվածների։ 1992 թ. օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց բանաձև, որով դատապարտում էր Ադրբեջանի գործողությունները՝ արգելելով պետական մակարդակով Ադրբեջանին տրվող տնտեսական օժանդակությունը։
ԼՂՀ ՊԲ-ն հաջողությամբ վերազատագրեց նախկինում Ադրբեջանի կողմից գրավված տարածքները և ռազմական գործողությունների ընթացքում զբաղեցրեց նաև ԼՂՀ-ին շրջապատող ադրբեջանական շրջանները, որոնք օգտագործվում էին որպես կրակակետեր հայերի դեմ։ Անվտանգային գոտու ստեղծումը կասեցրեց ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ առկա անմիջական սպառնալիքը։
Միջազգային միջնորդությամբ 1994 թ. մայիսի 5-ին, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որը զինադադարի կոչ էր։ Զինադադարը վերջնականապես համաձայնեցվեց և ուժի մեջ մտավ մայիսի 12-ին։
1992 թ. հիմնվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար։ Նրա լիազորությունների ներքո հիմնվեց բանակցային գործընթաց, որը նախապատրաստելու էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին քաղաքական լուծում գտնելու նպատակով հրավիրվելիք ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսը։