ԼՂ հիմնախնդիրը խորհրդային շրջանում

1923 թ. Ադրբեջանական ԽՍՀ կազում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը չհանգուցալուծեց ղարաբաղյան հակամարտությունը։ Վաղ 1920-ականներից սկսած և ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերը երբեք չընդունեցին այս որոշումը և տասնամյակներ շարունակ պայքարում էին հայրենիքի հետ վերամիավորվելու համար։

Ադրբեջանական կառավարման ներքո գտնվելու ողջ ընթացքում ԱԽՍՀ իշխանությունները համակարգված և հետևողականորեն խախտել են ԼՂԻՄ հայկական բնակչության իրավունքները և շահերը։ Ադրբեջանի համար Ղարաբաղը առաջին հերթին օգտակար հանածոների աղբյուր էր։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որդեգրված խտրական քաղաքականությունը նպատակ ուներ արհեստականորեն ճնշել երկրամասի սոցիալ-տնտեսական աճը և արագացնել հայաթափումը։ Այդ խտրականությունն իր հետքը թողեց նաև Ղարաբաղի ժողովրդագրական պատկերի վրա՝ դառնալով հայերի արտագաղթի հիմնական պատճառը։ Այս ամենի հետևանքով, եթե 1923 թ. հայերը կազմում էին Լեռնային Ղարաբաղի բնակչության 94.4 տոկոսը, ապա համաձայն 1989 թ. տվյալների՝ այդ թիվը կազմում էր 76․9%։ Հայկական հուշակոթողները և մշակութային արժեքները կա՛մ ոչնչացվում էին, կա՛մ ներկայացվում որպես ադրբեջանական։ Փորձելով չհայտնվել Նախիջևանի պես դժվար կացության մեջ, որը խիտ հայաբնակ մարզ էր, բայց գրեթե ամբողջովին հայաթափվեց, արցախահայությունը անվտանգ և առանց խտրականությունների ապագայի երաշխիքը տեսնում էր անջատման մեջ։

Ադրբեջանական տիրապետության դեմ պայքարը տարբեր ժամանակներում տարբեր ձևեր է կրել և չի դադարել նույնիսկ ստալինյան բռնաճնշումների ժամանակ։ Թե՛ ԼՂԻՄ բնակչությունը, և թե՛ ՀԽՍՀ իշխանությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմիցս փորձել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարձրացնել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների մոտ (ինչպես օրինակ 1945, 1949, 1965, 1967 և 1977 թթ.)։ Որպես Հայսատանի ղեկավար, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը երկու պաշտոնական գրություն է ներկայացրել (1945 և 1949 թթ.) Ստալինին՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները Մոսկվա բազմաթիվ նամակներ և խնդրագրեր էին ուղարկում, պահանջելով վերանայել Լեռնային ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնելու հակասահմանադրական որոշումը: 1965թ. այդպիսի խնդրագիր ստորագրեց 45000 մարդ, ինչի հիման վրա Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) Կենտրոնական կոմիտեի քարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունների կենտրոնական կոմիտեներին հանձնարարեց համատեղ ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Այս բոլոր խնդրագրերը ուշադրության չարժանացան և ընդհակառակը՝ նախաձեռնողների նկատմամբ հետապնդումների առիթ հանդիսացան։ Սակայն միջնորդությունների անտեսումը կամ մերժումը տվեց հակառակ արդյունքը.  հայերի և ադրբեջանցիների միջև Ստեփանակերտում տեղի ունեցած կատաղի բախումները այս անգործության ուղղակի հետևանքներից էր։

Ադրբեջանական իշխանությունների հակահայկական քաղաքականության գործիքակազմում ներառված էր նաև ազգամիջյան բախումների հրահրումը։ Սա որպես պատրվակ օգտագործելով, ադրբեջանական իշխանությունները բանտարկում էին և սպանում հայերին, իսկ շատերին էլ հարկադրում արտագաղթել Ղարաբաղից։ Նմանատիպ գործողությունները հատկապես ծրագրավորվում և իրականցվում էին Ադրբեջանի ԿԳԲ նախկին ղեկավար և ապա նախագահ Հեյդար Ալիևի կողմից։

Երբ 1977 թ. ընդունվում էր ԽՍՀՄ նոր սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէր անտեսել։ Բարձրաստիճան ղեկավարությունը ընդունում էր խնդրի առկայությունը, բայց հանգուցալուծումը անորոշ ժամանակով հետաձգվում էր։ Օրինակ՝ 1977 թ. նոյեմբերի 23-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահությունը հանդես եկավ հետևյալ հայտարությամբ․ «Տարբեր պատմական հանգամանքներից ելնելով, Լեռնային Ղարաբաղը մի քանի տասնամյակ առաջ արհեստականորեն կցվել է Ադրբեջանին։ Այս գործընթացներում շրջանի պատմական անցյալը, էթնիկ պատկերը, բնակչության կամքը և տնտեսական շահերը հաշվի չեն առնվել։ Անցել են տասնամյակներ, սակայն Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է անհանգստություններ առաջացնել և թշնամանք ծնել երկու ժողովուրդների միջև, որոնք կապված են դարավոր բարեկամությամբ։ Լեռնային Ղարաբաղը (հայերեն անվանումը Արցախ) պետք է անդամակցի ՀԽՍՀ-ին։ Այս պարագայում ամեն բան կհայտնվի իրավական դաշտում»։ Սակայն ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեն մերժեց նաև այս առաջարկը։

 

Ադրբեջանի խտրական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ

Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ներառումը Սովետական Ադրբեջանի կազմում նշանակում էր խտրական վարչակարգի հիմնադրում, որը նպատակ ուներ իրականացնել հայերի «խաղաղ տեղահանումը» իրենց պատմական հայրենիքից։

1921-24 թթ. Նախիջևանի կարգավիճակը երեք անգամ փոխվեց Սովետական Հանրապետությունից շրջանի, իսկ ապա ինքնավար շրջանի։ Ադրբեջանը պաշտոնապես արգելեց հայերի վերադարձը Նախիջևան, ովքեր ստիպված էին եղել լքել իրենց հայրենիքը։ Այս ամենի արդյունքում շրջանի ժողովրդագրական պատկերը կտրուկ փոփոխվեց և հայերի թիվը 53,900-ից (1916 թ․) հասավ 3400-ի (1974թ․)։

Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը փոփոխելու եղանակներից մեկն էլ ԼՂԻՄ շրջապատող  հայաբնակ վարչական տարածքների միջև սահմանագծերի վերաձևավորումն էր։ Սովետական տնտեսական համակարգը, որը հիմնված էր կենտրոնական պլանավորման և կենտրոնացված ղեկավարման վրա, Լեռնային Ղարաբաղի տնտեսության վրա ճնշում գործադրելու առաջնային միջոցն էր։ ԼՂ տնտեսությունը կախված էր ԽՍՀՄ և առանձին հանրապետություններից եկած պահանջարկից։ Սա նշանակում էր կախվածություն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական որոշումներից։ Արդյունքում ո՛չ ԼՂ տնտեսության կառուցվածքը, ո՛չ արտադրանքի բաշխումը, և ո՛չ էլ տնտեսական ծանրաբեռվածությունը չէր համապատասխանում Լեռային Ղարաբաղի իրական տնտեսական ներուժին։ 

Տասնամյակների ընթացքում կապիտալի ներդրումների ծավալը ԼՂԻՄ-ում չէր կրել զգալի փոփոխություններ, մինչդեռ Ադրբեջանում այն կրկնապատկվել էր։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված միջոցների կեսից ավելին ուղղվել էր Սարսանգի ջրամբարի կառուցմանը, որը թեև գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, սակայն այն սնուցում էր ԼՂ տարածքից դուրս գտնվող ադրբեջանական գյուղերը։ Մի պահ գինեգործությունը տնտեսության ամենազարգացած ճյուղն էր։ Լեռնային Ղարաբաղը համարվում էր մեկ շնչի հաշվարկով խաղողի արտադրության մեջ առաջատարը (մոտավորապես մեկ տոննա մեկ շնչի հաշվարկով և այս թվերը արտացոլում էին խաղողը, որը աճում էր պետությանը պատկանող հողերում), սակայն բերքի միայն 20-22% էր օգտագործվում գինեգործության մեջ, մնացած 78-80% ուղարկվում էր Ադրբեջան որպես հումք։ ԼՂԻՄ ամենամեծ արտադրական հիմնարկը Ղարաբաղի մետաքսի գործարանն էր, որտեղ աշխատում էր շուրջ 2500 մարդ։ Մետաքսի արտադրության ողջ գործընթացը տեղի էր ունենում այս գործարանում, բացառությամբ պատրաստի ապրանքի վերջնական չորացումից։ Կտորը ուղարկվում էր հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ՝ ադրբեջանական Շեքի քաղաք, որտեղից էլ պատրաստի մետաքսը դուրս էր հանվում շուկա վաճառքի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը զրկվում էր մետաքսի արտահանումից ստացվող եկամուտներից։

Ադրբեջանի իշխանությունները գրեթե միջոցներ չէին տրամադրում մարզի տարածքում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը՝ խոչընդոտելով Լեռնային Ղարաբաղի տնտեսական առաջխաղացմանը։ Լեռնային Ղարաբաղի վարչական և շրջանային կենտրոնների միջև հաղորդակցությունը պահանջում էր ճանապարհորդություն հեռավոր շրջանների միջև՝ վատ ճանապարհներով։ Ցանկացած ճանապարհների կառուցապատումը իրականացվում էր ադրբեջանաբնակ տարածքները միմյանց հետ կապելու համար և կառուցվում էին այնպես, որպեսզի հայկական բնակավայրերը միմյանց հետ կապ ունենան միայն ադրբեջանական տարածքների միջոցով՝ հաճախ Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքից դուրս։

Կենտրոնացված շինարարության տարեկան միջին ցուցանիշը 2,5 անգամ ավելի ցածր էր քան Ադրբեջանում և չնայած Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել էին տարբեր արժեքավոր հանքանյութերի պաշարներ, Ղարաբաղում շինարարության համար անհրաժեշտ հումքի 93% ներկրվում էր Ադրբեջանի հարակից շրջաններից։ Լեռնային Ղարաբաղում չէին կիրառվում աշխատատար կամ նորարական տեխնոլոգիաներ, չնայած այն հանգամանքին, որ կային բոլոր նախապայմանները, օրինակ հանքաարդյունաբերության հիմնադրման համար։

Նորարական տեխնոլոգիաների ներմուծումը Լեռնային Ղարաբաղ արգելվում էր, որպեսզի շրջանի հիմնական զբաղմունքը մնար գյուղատնտեսությունը, և այդպիսով բարձրագույն կրթությամբ մարդիկ լքեին այն՝ փոխարենը խրախուսելով անասնապահությամբ զբաղվող ադրբեջանցիների ներհոսքը։ Վերջիններիս ծնելիության բարձր ցուցանիշի շնորհիվ կարճ ժամանակում հնարավոր կլիներ զգալիորեն փոխել ժողովրդագրական պատկերը։

Այսպիսով երբ հայկական բնակչությունը նվազում էր, ադրբեջանական բնակչությունն աճեց մի քանի անգամ․ աճը առաջին հերթին պայմանավորված էր Ադրբեջանից ներգաղթյալների հոսքով։ 1923 թ․ ադրբեջացիները կազմում էին շրջանի բնակչության 3%, 1953-ին այդ թիվը հասավ 13% և իր գագաթնակետին հասավ 1988 թ․՝ 24%։

Հայերի հոգևոր և մշակութային կյանքին խառնվելը և հայերի արժանապատվությունը վիրավորելը իշխանությունների հետևողական քաղաքականությունն էր։ Ադրբեջանական ԽՍՀ-ում տպագրված բոլոր գրքերում ադրբեջանցիները հիշատակվում են որպես Լեռնային Ղարաբաղի հնաբնիկ ժողովուրդ։ Երևանից հեռարձակվող ռադիոն և հեռուստատեսությունը ևս արգելված էին։ ՀԽՍՀ հետ մշակութային և հոգևոր կապերը կտրված էին։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրթական քաղաքականությունը ևս խտրական բնույթ ուներ։ Սկսած 1960-ականներից ադրբեջանական իշխանությունները փակել են մի շարք հայկական դպրոցներ։ Բաքվում վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թ., մինչդեռ քաղաքում բնակվում էին շուրջ 250,000 հայեր։ Հայաստանի պատմությունը միջնակարգ դպրոցների դասացուցակից հանվեց և փոխարինվեց Ադրբեջանի պատմությամբ։ Հայոց պատմության, գրականության և աշխարհագրության դասավանդումը արգելվեց։ ԼՂԻՄ վերաբերյալ Ադրբեջանի օրենքում ինքնավար շրջանի պաշտոնական լեզվի վերաբերյալ հիշատակում չկար։

Բաքվում և Կիրովաբադում փակվեցին հայկական համալսարանները, գրադարանները և թատրոնները։ Բաքվի մանկավարժական համալսարանի և Նախիջևանի մանկավարժական և բժշկական քոլեջների հայկական ֆակուլտետները փակվեցին։ Բաքվի հայալեզու վերապատրաստման ինստիտուտը վերացվեց։ Թեև ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները յուրաքանչյուր հանրապետության ուսանողներին տեղեր էին հատկացնում այլ հանրապետություններում այն մասնագիտություների գծով ուսում ստանալու համար, որոնք չկային իրենց պետությունում, Ադրբեջանին տրվող 850-900 հատուկ տեղերից և ոչ մեկը չէր հատկացվում Լեռնային Ղարաբաղին։ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին՝ ակնհայտորեն ստելով, որ նմանատիպ ծրագրերը իրականցվում են միայն բնիկների համար, իսկ ԼՂԻՄ հայ բնակչությունը այդպիսին չէր համարվում (ևս մեկ ակնհայտ սուտ)։ Ջանք չէր խնայվում ստեղծել այնպիսի միջավայր, որը կստիպեր հայերին լքել շրջանը։ Նույն պատճառներով, այն անձիք, ովքեր բարձրագույն կրթություն էին ստանում ՀԽՍՀ-ում չէին կարողանում աշխատանքի տեղավորվել Լեռնային Ղարաբաղում։ Արդյունքում մեծ թվով խոստումնալից անհատներ ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, քանի որ չէին կարողանում աշխատանքի տեղավորվել։ Միաժամանակ մեծ թվով ադրբեջանցիներ գործուղվում էին Լեռնային Ղարաբաղ՝ աշխատելու տեղական Կոմկուսի, վարչական, տնտեսական, իրավապահ, կրթական և բուժօգնության մարմիններում։ Երկրով մեկ արտադրական և էներգետիկ համակարգի մեծ հիմնարկներ կառուցելու պատրվակով մեծ թվով ԼՂԻՄ աշխատավորներ բռնի տեղափոխվում էին Բաքու, Սումգաիթ, Մինգեչաուր և ԱԽՍՀ այլ քաղաքներ։ Սա այն մարդիկ էին և նրանց ընտանիքի անդամները, ովքեր 1988-90 թթ․ դարձան վայրագությունների և զանգվածային սպանությունների զոհ Ադրբեջանի տարածքում։

Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական կոթողները տուժեցին հակահայկական քաղաքականությունից։ Լեռնային Ղարաբաղի հազարավոր պատմական մշակութային կոթողներ՝ հիմնականում եկեղեցիներ և վանքեր, տող չգտան ԱԽՍՀ կառավարության կողմից պահպանվող մշակութային կոթողների պաշտոնական ցանկում Փոխարենը նրանք ԱԽՍՀ գիտությունների ակադեմիայի հատուկ հանձնաժողովի կոմից պիտակավորվեցին որպես «անցյալի վտանգավոր կրոնական կենտրոններ»։

Այս կոթողների մեծ մասը կառուցվել էին միջնադարում և առանձնահատուկ դեր էին խաղում հայ ժողովրդի պատմության մեջ։ Հայկական աղբյուրները և այս կոթողների պատերում փորագրված հայկական գրվածքները ադրբեջանական իշխանությունների համար խոչընդոտ չէին, որպեսզի նրանք պնդեին, թե հայերը Լեռնային Ղարաբաղում հայտնվել են միայն 18-րդ դարում։ Նրանք պնդում էին, որ այս կոթողները աղվանական են և ի հեճուկս իրենց պնդումների, թե հանդիսանում են աղվանների ժառանգներ, համակարգված ոչնչացնում էին այս կոթողները։ Ոչ միայն հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր և գերեզմանոցներ պայթեցվեցին և ոչնչացվեցին, ոչ միայն հարյուրավոր խաչքարեր տեղահանվեցին և օգտագործվեցին որպես շինարարական հումք, այլ նաև վնասվեցին Ծծախաչի, Մեծ Տաղերի և Ազոխի նախապատմական բնակավայրերի քարանձավները։ Ամարասի վանքում սուրբ Գրիգորիոսի (5-դ դար)  գերեզմանի տապանը ևս վնասվեց։ 1930-ականներից Լեռնային Ղարաբաղում ոչ մի եկեղեցի չէր գործում, մինչդեռ մզկիթները բացեիբաց ծառայում էին ադրբեջանական բնակչության կարիքներին։

Հայկական բնակչության նկատմամբ 1921 թ․ հակասահմանադրական որոշումը չեղարկելու և Լեռնային Ղարաբաղը ԱԽՍՀ կազմից դուրս բերելու և ՀԽՍՀ կազմում ներառելու  բոլոր պահանջները մնացին անպատասխան, և ընդհակառակը Ադրբեջանը նոր բռնություններ նախաձեռնեց։ 1988 թ․ շրջադարձային տարի դարձավ Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ, որը հույս արթնացրեց հայերի մոտ, որ պատմական արդարությունը կարող է վերականգնվել։

1979 թ, մարդահամարի տվյալներով 475,500 հայեր բնակվում էին Ադրբեջանի տարածքում, թեև 1960-70-ականներին Ղազախը, Զաքաթալան և այլ շրջաններ, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մեծ մասամբ հայաթափվել էին։ 

Ինքնության խնդիրներ և այլ ազգությունների դեմ պայքարը

Երբ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը կյանքի կոչվեց, այն ստեղծվեց որպես «ինտերնացիոնալիստական» երկիր, գործնականում որպես քրիստոնյաների և մահմեդականների մի միություն: Երբ Կարմիր բանակը շարժվում եր դեպի Հայաստան և Վրաստան, Բաքվի առաջնորդները Մոսկվա՝ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին նամակ գրեցին և առաջարկեցին, որ Ադրբեջանում վերազգային մի կենտրոն ստեղծվի, որը կդառնա այդ տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր պետությունը: Այդ շրջանի թուրքերի (կովկասյան թաթարների) համար ազգային պետության ստեղծումը իրատեսական չէր համարվում: Պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդայնացմանը հաջորդած «Հողի մասին դեկրետը» և այլ իրավական փաստաթղթերը հրապարակվեցին երեք լեզուներով՝ ռուսերեն, թուրքերեն և հայերեն: 

Անգամ էթնիկական զտման տխրահռչակ դեպքերից հետո, երբ հայ բնակչությունը ենթարկվեց ջարդերի, Բաքուն առավելապես ռուսական և հայկական քաղաք էր, քան թուրք-թաթարական: Մինչև 1933թ. կովկասյան թաթարները Ադրբեջանի առաջնորդների մաս չէին կազմում: Այնուհանդերձ, մարքսիզմ-լենինիզմի և աթեիզմի վրա հիմնված կայսրության համար քրիստոնյա-մահմեդական հատկանիշի վրա հիմնված տարբերակումն անթույլատրելի էր դառնում, քանի որ մահմեդական բառի գործածումը իսլամ դավանող ազգերի համախմբման պոտենցիալ վտանգ էր պարունակում, ինչը ցանկալի չէր: 

Մոսկվան որոշեց հսկայական կայսրության մահմեդական բնակչությանը բաժանել ազգային պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև այդ տարածքային միավորները կառավարողների կրթության գործը փոխանցել հենց այդ միավորներին: Եթե սա հեշտ էր իրականացնել այն վայրերում, որտեղ բնակչությունը բնիկ էր, ապա նորաստեղծ Ադրբեջան պետությունում հարցն այդքան էլ դյուրին չէր, որտեղ բնակչությունը, բացի ռուսներից և հայերից, տարբեր էթնիկ մահմեդական խմբերի՝ թալիշների, թաթերի, լեզգիների, քրդերի և կովկասյան թաթարների մի խառնուրդ էր: Նոր անունը՝ ադրբեջանցիները, ստեղծվեց 1930-ականներին: Մահեմդական խմբերի մեջ մեծամասնություն էին կազմում պանթուքիզմի հետևորդ կովկասյան թաթարները և շուտով սկսվեց ձուլման գործընթաց: Մոսկվան Բաքվի կամայական և հաճախ բռնի քաղաքականության վրա աչք էր փակում առնվազն երկու պատճառով. մի կողմից, նրանց համար, ովքեր պայքարում էին ձուլման և թուրքախոս դառնալու դեմ, այլընտրանքը ռուսախոս դառնալն էր, և մյուս կողմից՝ ազերի «ազգի կամ պետության» ձևավորումը մշտապես վառ կպահեր իրանական, ասել է, թե՝ իսկական Ադրբեջանի հանդեպ նկրտումները:

Ազերիները գիտակցեցին իրենց օգուտները և ժամանակ չկորցրեցին: Իրանական դասական բանաստեղծները՝ Նիզամին, Խականին և մյուսները հայտարարվեցին դասական «ադրբեջանական» բանաստեղծներ: Հայկական, ինչպես նաև այլ արևելյան ժողովուրդների երաժշտության և պարարվեստի շատ գործեր հռչակվեցին ադրբեջանական: Տարածաշրջանի պատմությունը վերաշարադրվեց որպես ադրբեջանական, թեև Արաքս գետից հյուսիս այդպիսի պետություն գոյություն չէր ունեցել: Փորձեր կատարվեցին նաև «ազգայնացնելու» հայկական խաչքարները, սակայն երբ դրան հավատացողներ չգտնվեցին, սկսվեց դրանք ոչնչացնելու արշավը:

Որպեսզի արագացվի այլ մահմեդական խմբերի ձուլումը, 1930-ականներին հատուկ նրանց համար հարկ սահմանվեց: Ժողովուդն այն անվանում էր  «լեզգիների հարկ»: Այդ հարկը պետք է մուծեին այն խմբերի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում էին, որ իրենց երեխաները կրթություն ստանան իրենց լեզվով: Որպեսզի այս հարկը չվճարեն, շատ քրդեր, լեզգիներ և թալիշներ, հատկապես գյուղական շրջաններում, «դարձան» ազերիներ և իրենց երեխաներին ազերիների դպրոցներ տարան: 

Համաձայն Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի, Խորհրդային Ադրբեջանում 1926թ. 77300 թալիշներ կային: 1939 թ. այդ թիվն իջավ 3000-ի: ԽՍՀՄ-ում ավելի ուշ անցկացրած մարդահամարների արդյունքներում Ադրբեջանական ԽՍՀ-ում թալիշներ ընդհանրապես չէին հիշատակվում: 1989 թ,. մի փոքր «գլասնոստի» պայմաններում, կրկին «հայտնվեցին» 21000 թալիշներ:

Ադրբեջանի անկախությունից մի քանի տարիներ անց Նորվեգիայի կառավարությունը որոշեց ֆինանսավորել մի եկեղեցու վերականգնումը ուդի փոքրամասնության մի գյուղում, որոնք համարվում են կովկասյան աղվանցիների միակ վերապրած քրիստոնյա հետնորդները: Հայտնի է, որ աղվանցիները, երբ դեռ գոյություն ունեին որպես առանձին ազգ կամ պետություն, հայկական ազդեցության ներքո էին. նրանց պատարագի լեզուն հայերեն էր, և այլն: Շուտով պարզվեց, որ վերականգնման աշխատանքների ժամանակ ադրբեջանցիները քերել էին դռան վերևում գրված արձանագրույունը, որովհետև այն հայերեն էր: Նորվեգիայի դեսպանը հայտարարեց, որ իր կառավարությունը չի ցանկանում որևէ ձևով առնչվել այդ ամոթալի արարքի հետ: