«Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները», 2020թ.
2016-2020թթ. ՀՀ ԳԱԱ «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» «Արցախի ազատագրված տարածքների հետազոտություն» ծրագրով, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ կատարվել է Արցախի ազատագրված տարածքների (Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Մարտակերտի շրջաններում) ամրոցների ուսումնասիրություն, որը ղեկավարել է հնագետ Գագիկ Սարգսյանը: Արշավախմբում ընդգրկված են եղել նաև հնագետ Արտակ Գնունին, ՀՀ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակից Լևոն Մկրտչյանը, արձակագիր, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։ Արշավախմբի աշխատանքներում մեծ ներդրում է ունեցել Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի խմբագիր Զոհրապ Ըռքոյանը:
Թեև Արցախի ճարտարապետական և հնագիտական շատ հուշարձաններ, առանձին վերցրած, բավարար չափով ուսումնասիրվել էին, ամրոցների առավել ամբողջական և ամփոփ ուսումնասիրություն մինչև այդ չկար, առավել ևս՝ նորագույն մեթոդներով։ Հասանելի բոլոր տեղեկությունները (մատենագիտական, ուղեգրական, հին քարտեզների, հանույթների կամ ըստ առանձին ուսումնասիրողների տվյալների) ճշտվել և նույնականացվել են դաշտային աշխատանքների հետ, ինչպես նաև հայտնաբերվել են նոր հուշարձաններ, օգտագործելով նաև արբանյակային լուսանկարներ։
Արդյունքում թվայնացվել են դժվարամատչելի ու մեկուսի վայրերում գնտվող, մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև 17-18-րդ դդ. վերագրվող ավելի քան հիսուն ամրոցների և ամրացված բնակավայրների տվյալներ՝ կազմվել են դրանց օրտոֆոտոպլանները, հանույթները և տեղեկությունների շտեմարանը՝ կատալոգով։ Այս աշխատանքներին զուգահեռ՝ պատրաստվել են նաև այդ ամրոցների և նրանց լանդշաֆտների եռաչափ մոդելները, որոնք բացառիկ կարևորություն ունեն հետագայում այդ հուշարձաններով զբաղվողների համար։
«Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» խորագրով ցուցահանդեսը բացվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում 2020թ. փետրվարի 3-ին, ներկայացնելով Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերատպությունները: Նախաքրիստոնեական եւ միջնադարյան ամրոցների հիմնական մասը Քաշաթաղում է, մնացածը՝ Հադրութի, Մարտակերտի եւ Քարվաճառի տարածքներում:
Նորահայտ ամրոցների մասով մինչ այդ պաստառային ցուցահանդեսներ էին կազմակերպվել Ստեփանակերտում և Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Պաստառներին, տվյալ հուշարձանի մասին նկարագրող տեքստից բացի, լուսանկարներ են, հուշարձանի հատակագիծը, կոորդինատները, ինչպես նաև դրոնով կատարված նկարահանումներ: